Հաշմանդամության հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը

 Ս. թ. հունիսի 25-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերովզբաղվող հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստին ներկա էին  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանպատասխանատու պետական լիազոր մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրակարգում ընդգրկված էր 4 հարց` ա/ ներառական կրթության համակարգի զարգացումը  ԼՂՀ-ում, բ/ հաշմանդամություն ունեցող անձանց  ընտրական իրավունքի  ապահովմանգործընթացի իրականացումը, գ/ հաշմանդամների վերականգնողական և զբաղվածության ծրագրերի  իրականացման  ընթացքը, դ/ անձի պահպանված աշխատունակության  աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու  նպատակահարմարությունը  և մեխանիզմները:

    Ողջյունի խոսքից հետո  հանձնաժողովի նիստը սկսեց  հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին  տեղակալ Լ. Ղուլյանը:  Ըստ օրակարգի՝ քննարկվեցին առաջադիր բոլոր հարցերը: Առաջին զեկուցողը ԼՂՀ կրթության և գիտության նախարարի  տեղակալ Ա. Սարգսյանն էր, ով   ներկայացրեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության /ներառական կրթության/ կազմակերպման ձևերն ու պայմանները:  Զեկուցողը նշեց, որ ներառական կրթության համակարգի ներդրումը ԼՂՀ կրթահամակարգի  կարևոր բարեփոխումներից  էր:  Նա փաստեց, որ ներկա ժամանակահատվածում՝ 2012-13 ուս. տարում,  ներառական կրթություն է  կազմակերպվում  ԼՂՀ   9 դպրոցներում՝   կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  295 երեխաների համար: Նշվեց, որ պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքունեցող քաղաքացիների համար կրթության պայմանների ստեղծումը,  զարգացումը.  ըստ այդմ՝   2011թ. ստեղծվել  և կահավորվել են  հատուկ ուսուցման լսարաններ, իսկ    2012թ.  հունվարի 1-ից ապահովվում է նաև ներառական կրթահամակարգում ուսուցանվող երեխաների սնունդը:  Ա. Սարգսյանը կարևորեց նաև այն փաստը,  որ 2013թ-ից կրթության   առանձնահատուկ    պայմանների կարիք ունեցող երեխաների    բժշկահոգեբանամանկավարժական   գնահատումը կիրականացվի     ԼՂՀ-ում ԿԳ նախարարության ԳԹԿ կառուցվածքում ստեղծված  բժշկահոգեբանամանկավարժական բաժնի կողմից, որը մինչ այդ իրականացվում էր Երևանի համապատասխան  բաժնի կողմից: Ի հավելումն՝   զեկուցողը  նշեց,   որ  նախադպրոցական կրթության ոլորտում ԼՂՀ  ԿԳՆ  քաղաքականությունն  ուղղված է  առկա ներուժի պահպանմանը,  այդ կրթատարածքի գործունեության ընդլայնմանն ու մատուցվող կրթական ծառայությունների  արդյունավետության բարձրացմանը:

      Հաշմանդամություն ունեցող անձանց  ընտրական իրավունքի  ապահովման գործընթացի իրականացման մասին տեղեկատվությամբ հանդես եկավ ԿԸՀ քարտուղար Ռ.Թ. Նազարյանը: Զեկուցման մեջ ԿԸՀ  քարտուղարը  նշեց, որ,  ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն, իրականացվում են հնարավոր բոլոր աշխատանքները  հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի ապահովման համար, բայց  ոլորտում դեռևս առկա են չլուծված խնդիրներ:  Նշվեց,  որ տեսողական խնդիրներ  ունեցող հաշմանդամների ընտրական իրավունքի իրացման գործընթացում առկա խնդիրներից է բրայլյան համակարգով քվեաթերթիկների բացակայությունը, դեռևս առկա է նաև տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանցընտրատեղամաս ներկայանալու խնդիրը՝ պայմանավորված ընտրատեղամասային շենքային պայմանների անհարմարություններով:

      Հաշմանդամների վերականգնողական և զբաղվածության  ծրագրերի  իրականացման  ընթացքի մասին զեկուցեցին  աշխատանքի և սոցիալականհարցերի  նախարարության աշխատակազմի  սոցաջակցության  բաժնի պետ  Ս. Իսրայելյանը և  աշխատանքի և  զբաղվածության  բաժնի գլխավոր  մասնագետ  Ռ. Իշխանյանը, ովքեր  ներկայացրին ոլորտում իրականացվող աշխատանքների ամփոփ հաշվետվություններ՝ վիճակագրական տվյալներով ու համապատասխան վերլուծություններով:

      Անձի պահպանված աշխատունակության  աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության  սահմանման մոդելին անցնելու  նպատակահարմարության  և դրա կիրառման մեխանիզմների  մասին տեղեկատվությամբ հանդես եկավ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ԲՍՓ  կենտրոնի տնօրեն  Հ. Հակոբյանը: Նա  կարևորեց    հաշմանդամության սահմանման մոդելի կիրառման անհրաժեշտությունը՝  այն դիտարկելով  որպես հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների ապահովման լուրջ երաշխիք և նրանց  համար հասարակական բարեհարմար  պայմանների ստեղծման կարևոր գործոն: Զեկուցողը ներկայացրեց արդի վիճակը, առկա հիմնախնդիրները, միջազգային փորձի դիտարկմամբ փաստվեցին  սոցիալական այդ մոդելի կիրառման արդյունավետությունն ու նպատակահարմարությունը,  ինչպես նաև ներկայացվեցին  առաջարկվող լուծումներն ու   աշխատանքների իրականացման   մեխանիզմները:

        Հանձնաժողովի անդամները հանդես եկան առաջարկություններով, որոնք, ինչպես հավաստիացրեց հանձնաժողովի նախագահը, անպայմանորեն  հաշվի կառնվեն, և հետևողականորեն ձեռնամուխ կլինեն դրանց լուծմանը:

       Նիստի հագեցած օրակարգն ու բուռն քննարկումները փաստեցին ոլորտում առկա խնդիրների  մեծաքանակությունն ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքների, ծրագրերի  հասցեագրվածության   ու համակարգայնացման անհրաժեշտությունը:

ԿԻՍՎԵԼ