Ինչպես հայտնի է, 2008թ. հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի է ունեցել «Արցախյան մեծ հարսանիք» միջոցառումը: Պատմական Գանձասարում, Շուշիում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում կատարվել է 674 երիտասարդ զույգերի պսակադրություն եւ հարսանյաց հանդիսություն: Այդ ծրագիրն աննախադեպ էր ոչ միայն Արցախի, այլեւ տարածաշրջանի համար:
Մեծ հարսանիքի հովանավորները՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայազգի մի շարք գործարարներ եւ բարերարներ՝ Լեւոն Հայրապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Դանիիլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրյանը, Գագիկ Զաքարյանը, Սեյրան Կարապետյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Մկրտչյանը, Արարատ Թավադյանը, Վլադիսլավ Ղասումյանը, Սամվել Սարգսյանը, որոշել են շարունակել աջակցել նորաստեղծ ընտանիքներին: Մասնավորապես, մեծ հարսանիքին մասնակցած զույգերին բարերարները տրամադրել են միանվագ 2000-ական ԱՄՆ դոլար եւ նախատեսել են այդ ընտանիքներում մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին աջակցություն ցույց տալ հետեւյալ չափերով. առաջին երեխայի համար՝ 2000, երկրորդի համար՝ 3000, երրորդի համար՝ 5000 եւ չորրորդ երեխայի համար՝ 10 000 ամերիկյան դոլար:
Ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր հինգ տարվա համար եւ այդ ժամանակաընթացքում նորաստեղծ 674 ընտանիքներում ծնվել է 1070 երեխա, այդ թվում՝ Ստեփանակերտ քաղաքում 392, Մարտակերտի շրջանում՝ 120, Ասկերանի շրջանում՝ 155, Շուշիի շրջանում՝ 50, Մարտունու շրջանում՝ 199, Հադրութի շրջանում՝ 72, Քաշաթաղի շրջանում՝ 58, Շահումյանի շրջանում՝ 24 երեխաներ:
Ընդհանուր առմամբ, 707 ծնված երեխաների համար նրանց ընտանիքներին, ներկա դրությամբ, հատկացվել է 1 մլն. 584 հազար ԱՄՆ դոլար:
Առաջիկայում նախատեսվում է 363 երեխաների համար նրանց ընտանիքներին վճարել եւս 1մլն. 123 հազար ամերիկյան դոլարի չափով գումար եւ այդքանով ավարտել ծրագիրը:
Արցախյան մեծ հարսանիքի շնորհիվ ԼՂՀ-ում արձանագրվել է ծնելիության աճ, մասնավորապես, 2007թ. համեմատ 2008թ. գրանցվել է ծնունդների աճ՝ 12,7%, իսկ 2009 թվականին, 2008թ-ի համեմատ՝ 16,6%-ով:
Բարձր գնահատելով «Արցախյան մեծ հարսանիք» ծրագրի հովանավորների կատարած աշխատանքը, տեղեկացնում ենք, որ նրանք պատրաստակամ են նոր հնարավորություններ ստեղծել ԼՂՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար եւ, ինչպես նշել են բարերարները, իրենք անհրաժեշտ են համարում գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելին եւ դա վերաբերվում է նաեւ Արցախում նրանց ծրագրերի բովանդակությանը եւ ուղղվածությանը:
ք. Ստեփանակերտ
23 դեկտեմբերի, 2013թ.