Դեկտեմբերի 3-ը` հաշմանդամների միջազգային օր

1992 թվականին ՄԱԿ-ի կողմից առաջին անգամ ընդունվել է Հաշմանդամ անձանց իրավունքների մասին կոնվենցիան, և դեկտեմբերի 3-ը տարեցույցում   հատկանշվել է որպես հաշմանդամների իրավունքների պաշտպանության օր:

Օրվա առանձնանշումը մարդկությանը  հասցեագրված հանձնարարական է, որի  կատարումը պիտի լինի յուրաքանչյուր հասարակության  արժանապատվության  խնդիրը:

ԼՂՀ սոցիալական պաշտպանության  ռազմավարության հիմքում այդ խնդիրը  մեծապես կարևորվում է,  և գործող օրենսդրությունն էլ  վկայում է  սոցիալական  այդ խմբի նկատմամբ դրսևորվող առանձնակի  ուշադրության մասին:  Հանրային կյանքի կառուցման, առողջ հասարակության ձևավորման գործընթացում հաշմանդամների դերակատարումը  առանձնահատուկ է.  նրանց ակտիվ ներկայությունը պարտավորեցնող է, նրանց ապրելու կամքն ու արարելու պայքարը   դաստիարակող է  և ուսանելի: Սահմանափակ հնարավորություններով  այդ  մարդկանց հոգուց անսահման հույս ու լույս է բխում, նրանք կյանքի նկատմամբ բացառիկ վերաբերմունք ունեն և անխոտոր հավատ: Հասարակական կյանքին իրենց  մասնակցությամբ նրանք  լավագույնս  արժևորում են պիտանի լինելու   դասը: Այս` հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրվա հատկանշումը  հենց  այդ հորդորն ունի, որ ուղերձվում է բոլորին:

Այսօր հասարակության մեջ հաշմանդամների լիարժեք ինտեգրումը  դեռ մնում է օրակարգային, և դեռևս կան լուծելիք խնդիրներ:  Քայլ առ քայլ,  համատեղ գործելով, միասին առաջ  ենք ընթանում  և միասին  էլ  կհասնենք նախանշված հանգրվանին:

Առողջ եղե’ք  և   ձեր  ոգով մեզ միշտ սատար  եղե’ք

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ

ԿԻՍՎԵԼ