2015 թվականի մարտի 11-13 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ: ՀՀ ԱՍՀՆ պատվիրակության ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակներում ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցության հարցեր: Իրականացվել են երկու նախարարությունների միջև կնքված համագործակցության հուշագրի դրույթների կատարմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների և զբաղվածության ոլորտներում, որի սահմաններում քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմները, ՀՀ ԱՍՀ նախարարը ներկայացրել է կենսաթոշակային իրազեկման կենտրոնի կողմից կենսաթոշակառուների մասին անհրաժեշտ տվյալների հավաքագրման ընթացքի, պարտադիր բաղադրիչի կիրառումը երկարաձգելու, բազայի ձևավորման և Արցախի նորմատիվ-իրավական դաշտի հետ այն համապատասխանեցնելու մասին տեղեկատվություն: Արտեմ Ասատրյանը ներկայացրել է նաև անապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր և ՀՀ-ում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները և գոհունակություն է հայտնել, որ Արցախում ևս համապատասխան բարեփոխումներն ընթացքի մեջ են:
Տեղի են ունեցել նաև հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ ԼՂՀ ԱՍՀ նախարար Սամվել Ավանեսյանի մասնակցությամբ: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ սոցիալական ոլորտում ՀՀ և ԼՂՀ միջև փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ կարևորելով այն այսուհետ էլ պահպանելու անհրաժեշտությունը: Վարչապետ Արայիկ Հարությունյանը կարևորել է սոցիալական աջակցության համակարգի բարելավումը՝ դրա հիմքում դրվող անապահովության գնահատման նոր համակարգը համարելով առավել արդարացի և արդյունավետ: