«Արցախֆոնդ»-ի ծրագրից օգտվելու համար առաջին եռամսյակի դրությամբ հաշվառվել են 263 ընտանիքներ

Լիբանանի «Արցախֆոնդ» հիմնադրամի «Նոր կյանք, նոր հույս» ծրագիրը միտված է ԱՀ կառավարությանն օժանդակելու վերաբնակեցման քաղաքականությանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության վերաբնակեցման և միգրացիայի բաժնի պետ Էլինա Մխիթարյանը՝ մանրամասնելով, որ ծրագրի միջոցով վերաբնակեցվող բնակավայրերում մշտական բնակություն հաստատած ընտանիքներին՝ սեփական միջոցներով կենսապահովման խնդիրները լուծելու համար՝ ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների պարագայում տրամադրվում է 150 000 ՀՀ դրամ արժողությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ, մեղվափեթակներ:

Մեր զրուցակցի խոսքով՝ գործարկման պահից (2007թ.) մինչև այսօր ծրագրից օգտվել են 3 և ավելի երեխաներ ունեցող 1153 ընտանիքներ, ընդ որում՝ ծրագրի ընդհանուր արժեքն այս տարիների ընթացքում կազմել է ավելի քան 190 մլն ՀՀ դրամ:

«Եթե 2017 թվականի ընթացքում օգտվելու համար հաշվառվել էին 171 ընտանիքներ, ապա 2018 թվականի առաջին եռամսյակի դրությամբ այդ ընտանիքների թիվը հասել է 263-ի, որոնք նախատեսված օգնությունը կստանան 2018 թվականի երկրորդ կիսամյակում Լիբանանի Հանրապետությունից ժամանած «Արցախֆոնդի» ներկայացուցիչների կողմից: Անհրաժեշտ է նշել, որ նման ցուցանիշները խոսում են մի կողմից այդ ծրագրի արդյունավետության, մյուս կողմից՝ ծրագրի թափանցիկության ու դրա նկատմամբ վստահության մասին»,- նշել է Է. Մխիթարյանը:

ԿԻՍՎԵԼ