Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ

Ո՞վ ունի պետական նպաստի իրավունք

Պետական նպաստի իրավունք ունի մինչև 2 տարեկան երեխա խնամող անձը, ինչպես նաև առանձին խմբերի հետևյալ երեխաները՝

– միայնակ մոր՝ 18 տարին չլրացած երեխան.

– 18 տարին չլրացած՝ հաշմանդամ երեխան.

– առանց ծնողական խնամքի մնացած՝ 18 տարին չլրացած երեխան.

– միակողմանի ծնողազուրկ՝ 18 տարին չլրացած երեխան.

– ալիմենտ ստացող՝ 18 տարին չլրացած երեխան.

– ժամկետային զինծառայողի՝ 18 տարին չլրացած երեխան.

– 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի՝ 18 տարին չլրացած երեխան.

– 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների՝ 18 տարին չլրացած երեխաները.

– ժամկետային զինծառայողի՝ 18 տարին չլրացած երեխան.

– ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան՝ անկախ ավագ երեխաների տարիքից։

Պետական նպաստը նշանակվում և վճարվում է ԱՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց։

Ու՞ր  պետք է դիմի քաղաքացին պետական նպաստ նշանակելու համար

Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձին պետական նպաստ է նշանակվում ԱՀ արդարադատության նախարարության կողմից ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը տրամադրվող՝ ծննդյան պետական գրանցումների մասին տեղեկատվության հիման վրա։

18 տարին չլրացած անձին պետական նպաստ նշանակելու համար պետք է դիմել երեխայի ծնողի կամ խնամակալի մշտական հաշվառման վայրի, իսկ ԱՀ պաշտպանության բանակի շարքերում զինվորական ծառայություն անցնող՝ ԱՀ-ում մշտական հաշվառում չունեցող ծնողի դեպքում՝ նրա ծառայության կամ փաստացի բնակության վայրի՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սոցիալական ծառայության տարածքային գործակալություն։

Որքան են կազմում պետական նպաստների չափերը

Սկսած 2021թ. հունվարի 1-ից՝ մինչև 2 տարեկան երեխա խնամող անձի պետական նպաստի ամենամսյա չափը կազմում է 27000 դրամ, իսկ առանձին խմբերի երեխաներին՝

– միայնակ մոր՝ 18 տարին չլրացած երեխային՝ 12000 դրամ

– 18 տարին չլրացած՝ հաշմանդամ երեխային՝ 18000 դրամ

– առանց ծնողական խնամքի մնացած՝ 18 տարին չլրացած երեխային՝ 42000 դրամ

– միակողմանի ծնողազուրկ՝ 18 տարին չլրացած երեխային՝ 21000 դրամ, իսկ ԱՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի երեխային՝ 42000 դրամ

– ալիմենտ ստացող՝ 18 տարին չլրացած երեխային՝ 7800 դրամ

– ժամկետային զինծառայողի՝ 18 տարին չլրացած երեխային՝ 9000 դրամ

– 1-ին խմբի հաշմանդամի՝ 18 տարին չլրացած երեխային՝ 15000 դրամ

– 2-րդ խմբի հաշմանդամի՝ 18 տարին չլրացած երեխային՝ 9000 դրամ

– 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը երեխաների ծնված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր երեխային՝ 9000-ական դրամի հաշվարկով, 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնվելու դեպքում՝ 1-ին և 2-րդ երեխաներին՝ 9000-ական դրամ, 3-րդ երեխային 12000 դրամ, 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային՝ 13200 դրամ։

– ժամկետային զինծառայողի՝ 18 տարին չլրացած երեխային՝ 9000 դրամ

– 1-ին խմբի հաշմանդամի՝ 18 տարին չլրացած երեխային՝ 15000 դրամ

– 2-րդ խմբի հաշմանդամի՝ 18 տարին չլրացած երեխային՝ 9000 դրամ

Ու՞մ է նշանակվում տարիքային աշխատանքային կենսաթոշակ

63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ։     

Ո՞վ ունի սահմանված ժամկետից շուտ տարիքային աշխատանքային կենսաթոշակի անցնելու իրավունք

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

Ո՞վ ունի ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք

Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է 65 տարին լրացած և աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին:

Ու՞մ և ո՞ր դեպքերում է նշանակվում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին`

ա) 18 տարին չլրացած երեխային.

բ) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

գ) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

դ) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.

ե) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.

զ) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում։

Ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը

Կենսաթոշակ նշանակվում է`

1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.

3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

Վերոնշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից։

Ո՞ր դեպքերում  է  վերահաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը

Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե.

1) փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Ե՞րբ է կենսաթոշակը վճարվում լիազորագրով

Կենսաթոշակը կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով վճարվում է, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:

Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է) նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

Որքա՞ն ժամանակ է կենսաթոշակը վճարվում լիազորագրով

Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:

Կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում:

Ե՞րբ է վճարվում թաղման նպաստ

Թաղման նպաստ վճարվում է,

1) կենսաթոշակառուի մահվան դեպքում, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու կամ այդ ժամկետում վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքերում,

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,

3) ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, նախկին զինծառայողի մահանալու դեպքում։

Թաղման նպաստը նշանակվում է, եթե կենսաթոշակառուն մահացել կամ հուղարկավորությունը կատարվել է Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Ո՞ր դեպքում է անձը ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության

Բժշկական կազմակերպությունը հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տևական խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ՝ նաև բուժման ընթացքում), սակայն ոչ վաղ քան բուժման սկզբից երեք ամիս հետո (բացառությամբ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարների հաստատված՝ առողջական վիճակի վերականգման հեռանկարի բացակայության դեպքում առանց եռամսյա դիտարկման ժամկետի պահպանման բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվող անձանց հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության:

Ո՞ր դեպքերում է կենսաթոշակային տարիքը լրացած անձը ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության

Բժշկական կազմակերպությունը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության, եթե նրա մոտ առկա է կենսագործունեության հետևյալ հիմնական տեսակներից որևէ մեկի երրորդ աստիճանի սահմանափակում.

  • ինքնասպասարկման ապահովման ունակություն,
  • տեղաշարժվելու կարողություն,
  • կողմնորոշվելու կարողություն,
  • հաղորդակցվելու կարողություն,
  • սեփական վարքը հսկելու կարողություն:

Ին՞չ է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը

Հաշմանդամի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի հաստատած, հաշմանդամների վերականգնողական բազային ծրագրին համապատասխան մշակված վերականգնողական անհատական ծրագրով։

Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժակմետները, սոցիալական օգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված՝ հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները։

Ի՞նչ աջակցող միջոցներ են տրամադրվում հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց

Պրոթեզներ (վերին և ստորին վերջույթի, սրունքի օրթոպրոթեզ, կոսմետիկ պրոթեզ, շարժողական պրոթեզ), օրթեզներ, սեղմիրաններ, օրթեզներ, աղեկապեր կոշիկներ (պրոթեզի, օրթեզի, օրթոպեդիկ), ձեռնափայտեր, հենակներ, սուպինատորներ, կրծքագեղձի պրոթեզ, լսողական սարքեր, սայլակներ, քայլակներ, աչքի պրոթեզ, ձայնաստեղծ սարքեր, ձեռնոցներ և գուլպաներ:

Ու՞մ և ի՞նչ ժամկետով է անվճար տրամադրվում հաշմանդամի սայլակ

Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, տրամադրվում է սայլակ՝ երեք տարի ժամկետով:

Ու՞մ և ի՞նչ ժամկետով է անվճար տրամադրվում լսողական սարք

Լսողական սարքերը հաշմանդամներին տրամադրվում են վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին` աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացության հիման վրա՝ ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքեր՝ երեք տարի ժամկետով, Եվրոպական արտադրության լսողական սարքեր՝ հինգ տարի ժամկետով:

Ի՞նչպես է իրականացվում հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման գործընթացը

Հաշմանդամներին պարագաները (բացառությամբ ձեռնափայտի) առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան:  

Ի՞նչ չափով է նշանակվում և վճարվում երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին ամենամսյա դրամական օժանդակությունը

Դրամական օժանդակությունը նշանակվում և վճարվում է ընտանիքի՝ Արցախի Հանրապետությունում մշտական հաշվառում ունեցող անդամին՝

ա) երկու և ավելի զավակ կորցրած անձին (ծնողին),

բ) ամուսնուն և զավակին (զավակներին) կորցրած անձին

Ամենամսյա դրամական օժանդակության չափը՝ մեկ զոհվածի հաշվով՝ կազմում է 15 000 դրամ։

Ու՞մ է խնամք տրամադրվում բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր բնույթի հաստատությունում

Դրա կարիքն ունեցող՝ ծերության սոցիալական կենսաթոշակի  տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ԱՀ օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

Ո՞ր դեպքում կարող է իրականացվել խնամքի տրամադրումն առանց հաճախորդի կամ նրա խնամակալի համաձայնության

Երբ նա իր խնամակալից չի ստանում անհրաժեշտ խնամք և ուշադրություն՝ իր հիմնական պահանջմունքները ինքնուրույն բավարարելու անկարողության և օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում:

Ո՞վ կարող է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար և ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել

Երեխայի միանվագ նպաստի համար կարող է դիմել ԱՀ-ում փաստացի բնակվող՝ երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը կամ որդեգրողը՝

– ԱՀ-ում մշտական հաշվառում ունենալու դեպքում

– անկախ ԱՀ-ում մշտական հաշվառում ունենալու հանգամանքից, եթե երեխայի ծնողներից մեկը զինվորական ծառայություն է անցնում ԱՀ պաշտպանության բանակում (բացառությամբ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինվորական ծառայություն անցնողներից)։

Ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար պետք է դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սոցիալական ծառայության տարածքային գործակալություն և ներկայացնել.

– դիմում.

– անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

– հանրային ծառայություննների համարանիշը և դրա պատճենը.

– երեխայի ծննդյան վկայականը և պատճենը.

– տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին.

– խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթուղթը և դրա պատճենը։

Եթե երեխայի ծնողներից մեկն ունի ՀՀ-ում մշտական հաշվառում՝ ապա ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ՀՀ-ում միանվագ նպաստ ստացած չլինելու մասին փաստաթղթի առկայության դեպքում։

Ինչքա՞ն գումար է կազմում Երեխայի ծննդյան միանվագ նպաստը

Նպաստի չափը նշանակվում է ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`

-առաջին  և երկրորդ երեխաների դեպքում` 300 000 հազար դրամ, իսկ եթե ծնողներից մեկն ունի հաշմանդամություն՝ 500 000 դրամ

  • երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 500 000 դրամ,
  • չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 700 000 հազար դրամ։

Ո՞վ ունի չափահասության նպաստի իրավունք և ի՞նչ չափով

Չափահասության նպաստի իրավունք ունեն 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ ընտանիքի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան՝ 18 տարին լրանալու դեպքում։

Չափահասության նպաստի չափը կազմում է՝

– 3-րդ երեխայի համար՝ 500 000 դրամ

– 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 700 000 դրամ։

Անձը չափահասության նպաստի իրավունք ունի, եթե հաշվառված է ԱՀ-ում և նրա ծնվելու պահին ծնողներն ունեցել են ԱՀ-ում հաշվառում։

Ո՞վ ունի ամուսնության նպաստի իրավունք և ինչ չափով

Ամուսնության նպաստի իրավունք ունի.

– 40 տարին չլրացած՝ ԱՀ-ում հաշվառված այն անձը, ում ամուսնությունը գրանցվել է ԱՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում.

– ԱՀ զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող այն անձը (անկախ հաշվառման վայրից), ով ամուսնացել է ԱՀ-ում հաշվառված անձի հետ և ամուսնությունը գրանցվել է ԱՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում։

Անձին նպաստ է հատկացվում միայն մեկ անգամ։ 2013 թվականի հունվարի 1-ից հետո ամուսնալուծված և նույն անձի հետ ամուսնության դեպքում նպաստ չի հատկացվում։

Ամուսնության միանվագ նպաստը տրամադրվում է ամուսիններից յուրաքանչյուրին՝ 150 000 դրամի չափով։

 Ովքե՞ր կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ

Գործազուրկի կարգավիճակ տրվում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության  գործակալությունում որպես աշխատանք փնտրող հաշվառված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած և «Զբաղվածության մասին» օրենքով սահմանված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձին։

Գործազուրկի կարգավիճակը տրվում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության  գործակալության կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթերն ներկայացնելուց հետո` 5 աշխատանքային oրվա ընթացքում: