2009 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին հաղորդում

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
2009 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում
իրականացված աշխատանքների մասին
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2009 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական ծրագրեր են իրականացվել միջազգային և հանրապետական 16 կազմակերպությունների և 9 բարերարների կողմից:
Բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, ՙԱմերիկայի Հայ Օգնության ֆոնդ՚ Հայաստանի մասնաճյուղը, ԱՄՆ ՙՀայ կրթական հիմնարկության՚ ՀՀ մասնաճյուղը, ՙԵրկիր և մշակույթ՚ հասարակական կազմակերպությունը և այլ կազմակերպություններ ու բարերարներ:
Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք 2009 թվականի ընթացքում համապատասխան որակում են ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից:

1. Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում

2009 թվականի ընթացքում ներմուծվել են 317.7 մլն դրամ արժողությամբ բեռներ, որոնց վերաբերյալ ընդունված են համապատասխան որոշումներ:
Ներմուծված բեռների շուրջ 23.0 %-ը առողջապահության բնագավառի բեռներ են (դեղորայք, բժշկական տարբեր ապրանքներ)` 73.0 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Բեռների 50.6 % ներմուծվել է  Արաբական Միացյալ Էմիրություններից,  40.7%` ԱՄՆ-ից, 0.2%` Հոլանդիայից, 6.9%` Ռուսաստանի Դաշնությունից, 1.3%` Գերմանիայից, 0.2%` Հունաստանից և 0.1%` Հայաստանի Հանրապետությունից:
Ներմուծված բեռները հատկացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին` նպատակային օգտագործման համար:
2009 թվականի ընթացքում բարեգործության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված բեռների վերաբերյալ տեղեկություններն ըստ առաքման երկրի և ապրանքային խմբերի ամփոփված են հավելված 1-ում, ըստ կազմակերպությունների և բարերարների` հավելված 2-ում:

2. Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում

2009 թվականին հրավիրվել է ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 17 նիստ և ընդունվել է 76 որոշում, որոնցից 19 որոշում` ապրանքների բաշխման մասին (318.6 մլն դրամ արժողությամբ), 2 որոշում` ապրանքների դուրս գրման և ոչնչացման մասին (1.6 մլն դրամ արժողությամբ), 38 որոշում` ծրագրերը բարեգործական որակելու մասին. դպրոցաշինության, դպրոցների և մանկապարտեզների կահավորման, ճանապարհաշինության, ջրամատակարարման ծրագրեր և այլն (1348.6 մլն դրամ արժողությամբ), 10 որոշում` ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին և 7 որոշում` հաստատված ծրագրերին հարակից գործարքների մասին:
2009 թվականի ընթացքում բարեգործական են որակվել 38 ծրագրեր` 1363.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Ըստ բնագավառների բարեգործական որակված ծրագրերը ունեն հետևյալ պատկերը`

կրթություն և գիտություն      82.3 %
ճանապարհաշինություն      6.7 %
ջրամատակարարում            7.1 %
սպորտ                             3.1 %
հոգևոր                            0.6 %
մշակույթ                           0.1 %
սոցիալական                     0.1%

   Խոշոր ծրագրերից են`

•    Ստեփանակերտ-Գորիս մայրուղու 64.4 կմ ճանապարհահատվածի պահպանում,
•    Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի, Ճարտար գյուղում թիվ 2 նոր և Գիշի համայնքի նոր 12-ամյա դպրոցների կառուցում,
•    Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի դպրոցի կառուցում,
•    Հադրութի շրջանի Տող գյուղի միջնակարգ դպրոցի աջակողմյա հատվածամասի և սպորտային մասնաշենքի հիմնանորոգում,
•    Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում:

Կրթական բնագավառի ծրագրերում զգալի բաժին են կազմել դպրոցների շինարարության (92.0 %) և դրանց կահավորման ծրագրերը (2.1 %):
Նշված ծրագրերի մի մասը շարունակական է  ընդհուպ մինչև 2011 թվականը:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված բարեգործական ծրագրերի շրջանակներում 2009 թվականի ընթացքում կատարվել են 1770.4 մլն դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքներ (հավելված 3):
Ըստ բնագավառների աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը ունի հետևյալ պատկերը`

կրթություն և գիտություն          65.2 %
ջրամատակարարում               17.7 %
ճանապարհաշինություն          9.6 %
առողջապահություն                 3.0 %
սպորտ                                 2.2 %
հոգևոր                                0.8 %
մշակույթ                              0.8 %
բնակարանային
շինարարություն                    0.6 %
սոցիալական                         0.1 %

Կրթության և գիտության բնագավառում կատարված աշխատանքների 94.3% (1088573.2 հազ. դրամ) կազմում են դպրոցաշինության աշխատանքները, 1.1% (12560.0 հազ. դրամ)` մանկապարտեզների կառուցման, 2.1% (23610.9 հազ. դրամ)` դպրոցների կահավորման, 1.1% (12868.1 հազ. դրամ)` մանկապարտեզների կահավորման և 1.4% (16397.6 հազ. դրամ)` այլ աշխատանքներ տվյալ բնագավարում: Ծրագրերը իրականացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25 դպրոցներում և 5 մանկապարտեզներում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից հաստատված 6132.9 մլն դրամ արժողությամբ 54 բարեգործական ծրագրերից 1145.3 մլն դրամ ծրագրային արժեքով 41 ծրագրեր ավարտված են,  իսկ 4987.6 մլն դրամ ծրագրային արժեքով 13 ծրագրեր ընթացքի մեջ են:

3. Կազմակերպական այլ հարցեր

Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը համագործակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, բարեգործության մասնակիցների և տարբեր պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների հետ:
Ծրագրերի շրջանակներում բարեգործներին ցուցաբերվել է խորհրդատվական և գործնական օգնություն:
Հանձնաժողովի գործունեությունը և ծրագրերի ընթացքը պարբերաբար լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներով:
Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և պետական տարածքային մարմինների եզրակացությունների հիման վրա:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
բարեգործական ծրագրերի համակարգման
հանձնաժողովի նախագահ                                                              Ն. ԱՍԾԱՏՐՅԱՆ

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3