Աշխատանք և զբաղվածություն

Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ

Զբաղվածության, աշխատանքային օրենսդրությունների  կարգավորումների վերաբերյալ

Հարց 1.  Ովքե՞ր են համարվում գործազուրկ:

Տարիքային կենսաթոշակի  իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրող և զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ:

(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, 3-րդ ենթակետ)

Հարց 2.  Ովքե՞ր են համարվում աշխատանք փնտրող:

ԼՂՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած՝ 16 տարին լրացած այն գործունակ անձինք, ովքեր անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են լիազորված մարմին:

(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի  2-րդ կետ)

Հարց 3. Ովքե՞ր  ունեն զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անվճար մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկվելու իրավունք:

Գործազուրկները:

(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետ)

Հարց 4. Ինչպիսի՞ տեղեկություններ կարող են տալ գործատուները աշխատանքի և զբաղվածության գործակալությանը:

 Իրենց մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ:

(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ կետի 2-ին ենթակետ)

Հարց 5. Ո՞վ է սահմանում լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը:

ԼՂՀ կառավարությունը:

(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետ)

Հարց 6. Լիազորված մարմնի կողմից ե՞րբ է տրվում գործազուրկի կարգավիճակ:

Անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 (<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի  2-րդ կետ)

Հարց 7. Ի՞նչ  ժամկետով է հարմար աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում փոխհատուցում:

Վեց ամիս ժամկետով:

(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 6-րդ հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ)

Հարց 8. Հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար մինչև  վեց օրացույցային ամիս ժամկետով ի՞նչ չափով է աշխատավարձի փոխհատուցում տրամադրվում: 

Նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով:

(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 6-րդ հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետ)

Հարց 9. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռք բերման համար գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը մեկ անձի համար ինչքա՞ն է  կազմում:

Երկու հարյուր հազար ՀՀ դրամ:

(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 11-րդ հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետ)

Հարց 10. Քանի՞ ամիս է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը:

Երեք ամիս:

(ԼՂՀ կառավարության 2017թ. ապրիլի 26-ի N285-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետ)

Հարց 11.  Ստեփանակերտ քաղաքում աշխատանքի տոնավաճառի անցկացման համար ի՞նչ է անհրաժեշտ:

Առնվազն 15 գործատուի և 50 թափուր աշխատատեղի հայտ:

(ԼՂՀ կառավարության 2014թ. օգոստոսի 5-ի  որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ        ենթակետեր)

Հարց 12. Ի՞նչ  միջոցների հաշվին է ֆինանսավորվում մասնագիտական ուսուցումը:

Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է ԼՂՀ  պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից՝ ԼՂՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով:

 (ԼՂՀ կառավարության 2014թ. ապրիլի 25-ի N261-Ն որոշման 5-րդ կետի 1-ին  և 2-րդ ենթակետեր)

Հարց 13. Աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման դեպքում ո՞ր ծախսերն են փոխհատուցվում:

Աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը:

 (ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663 որոշման 11-րդ հավելվածի 3-րդ կետի 22-րդ ենթակետ)

Հարց 14. Մասնագիտական ուսուցմանը մասնակցող ունկնդրին՝ իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում ի՞նչ ծախսեր են փոխհատուցվում:

Տրանսպորտային ծախսերը:

(ԼՂՀ կառավարության 2014թ. ապրիլի 25-ի N261-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի)

Հարց 15. Հարմար աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ  անձի համար ի±նչ չափով է գործատուին տրվում է փոխհատուցում:

Գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

 (ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 6-րդ հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ)

Հարց 16.  ԼՂՀ շրջաններում աշխատանքի տոնավաճառի անցկացման համար ի՞նչ է անհրաժեշտ:

Առնվազն 5 գործատուի և 20 թափուր աշխատատեղի հայտ:

(ԼՂՀ կառավարության 2014թ. օգոստոսի 5-ի N504-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետեր)

Հարց 17.  Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկը ի՞նչ ժամկետով և ո՞ր դեպքում կարող է ընդգրկվել:

Առավելագույնը երեք ամիս տևողությամբ, մասնագիտական կրթություն և որոկավորում ստանալուց հետո՝ առավելագույնը հինգ տարվա ընթացքում:

(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 8-րդ հավելվածի 1-ին բաժնի 3-րդ կետ)

Հարց 18. Որքա՞ն է հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման համար տրամադրվող միանվագ փոխհատուցվող գումարի չափը:

Հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման համար տրամադրվող միանվագ փոխհատուցվող գումարը չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար դրամը:

(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի  11-ի N663-Ն որոշման, 11-րդ հավելվածի 3-րդ  բաժնի  24-րդ կետ)

Հարց 19. Աշխատաժամանակի կրճատ տևողությունը տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար  քանի՞ ժամ է սահմանվում:

Շաբաթական մինչև 36 ժամ:

 (<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 140 կետ 5)

Հարց 20.  Մինչև քանի՞ տարեկան անձանց չի թույլատրվում գիշերային աշխատանքի ներգրավել:

Մինչև տասնութ տարեկան անձանց:

(<<Աշխատանքային օրենսգիրք>>  հոդված 148 կետ  3)

Հարց 21. Աշխատողը ու՞մ թույլտվությամբ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումը կարող է հանձնարարել գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այլ անձի:

Միայն գործատուի թույլտվությամբ:

(<<Աշխատանքային օրենսգիրք>>  հոդված 103, կետ  2)

Հարց 22.  Քանի՞ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողն իրավունք ունի հետ վերցնել աշխատանքային պայմանագրի լուծման մասին գործատուին ներկայացված իր ծանուցումը:

Այն ներկայացնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 112, կետ 3)

Հարց 23.  Ի՞նչ է գործատուն պարտավոր անել վերջնահաշվարկի օրը:

Աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

 (<< Աշխատանքային օրենսգիրք>> 130-րդ հոդված, 2-րդ կետ)

Հարց 24. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ օր է կազմում:

20 աշխատանքային օր:

(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 159,  կետ 1)

Հարց 25. Օրենքով սահմանված կարգով՝ աշխատավարձից պահումների և գանձումների ընդհանուր չափը աշխատավարձի մինչև քանի՞ տոկոսը  չի կարող գերազանցել:

Աշխատողի մեկ ամսվա աշխատավարձի հիսուն տոկոսը:

(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 215)                                                                                      

Հարց 26. Մինչև քանի՞ տարեկան աշխատողներին տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում: 

Մինչև տասնութ տարեկան աշխատողներին:

(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 149, կետ 4)

Հարց 27.  Ի՞նչ է արգելվում մինչև տասնութ տարեկան աշխատողին:

Միայնակ ուղարկել գործուղման:

(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 209, կետ 3)

Հարց 28. Ո՞ր ժամանակահատվածը չի ներառվում աշխատաժամանակի մեջ:

Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը:

(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 138)

Հարց 29. Աշխատանքային պայմանագրի ի՞նչ տեսակներ կան:

Որոշակի և անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր:

(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 17)