Սայադյան Վլադիմիր

                                                                Սայադյան Վլադիմիր Վազգենի

1992-1997թթ. ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության վարչության  պետ

1992թ. ԼՂՀ  սոցիալական ապահովության մարմիններում հաշվառվում էր ավելի քան 35,5 հազար թոշակառու: Նոր կենսաթոշակներ են նշանակվում 1191 և պետական նպաստներ՝ 1292 քաղաքացու:  ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի (ԼՂՀ ՊՊԿ) 1992թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ  սեպտեմբերի 1-ի դրությամբ  կատարվում է 24,6 հազար կենսաթոշակառուի և 800 նպաստառուի գործերի վերահաշվարկ, որի արդյունքում ամսական վճարումների ընդհանուր գումարն  ավելանում է 4 մլն 800 հազար ռուբլով:

ԼՂՀ ՊՊԿ-ի մեկ այլ` 1992թ. նոյեմբերի 18-ի թիվ 120 որոշմամբ սկսվում է բոլոր կենսաթոշակային գործերի վերահաշվարկ նույն թվականի  նոյեմբերի 1-ի դրությամբ։ Աշխատանքների զգալի ծավալի կապակցությամբ գործընթացն ավարտվում է 1993թ. մայիսին։ Արդյունքում՝ կենսաթոշակառուներին վճարվում է կենսաթոշակների տարբերությունը՝ սկսած 1992թ. նոյեմբերի 1-ից:

1992թ. 251 թոշակառուի վճարվում է, ընդհանուր առմամբ,  65260 ռուբլու չափով փոխհատուցման գումար՝ ավտոմեքենայի վառելիքի, վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար: Բացի այդ, ընտանիքներին վճարվում է 622 մահացած կենսաթոշակառուների թաղման նպաստ, ընդհանուր առմամբ՝  990,343 ռուբլու չափով:

Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Շահումյանի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների բնակավայրերի ավելի քան 8 հազար կենսաթոշակառու մնում է առանց կենսաթոշակի իրավունքը հաստատելու մասին փաստաթղթերի։ Նրանց  տրվում են  կենսաթոշակային նոր վկայականներ: Կենսաթոշակային գործերը Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջաններից տեղափոխվում են Ստեփանակերտ, այդ նպատակով  առանձնացվում է համապատասխան շինություն: Բացառության կարգով Շահումյանի շրջանի 13 կենսաթոշակառուի, ովքեր չունեին ոչ մի փաստաթուղթ, հատկացվում է կենսաթոշակ սոցիալական ապահովության հանրապետական մարմնի կարգադրությամբ: Պատերազմի պայմաններում Մարտակերտում, Ասկերանում, Շուշիում Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների բացակայության պատճառով դժվարանում է այդ շրջաններում հաշմանդամների բժշկական փորձաքննության իրականացումը, ուստի այդ նպատակով Ստեփանակերտում ստեղծվում է միջշրջանային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, այդ շրջանների հաշմանդամների բժշկական փորձաքննությունը հանրապետական բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի հետ համատեղ իրականացնելու համար:

Մարտունու շրջանում որոշակի դժվարությունների հանդիպելով կենսաթոշակառուների և նպաստառուների գործերի վերահաշվարկման հարցում, կազմակերպվում է ողջ անձնական գործերի տեղափոխումը Ստեփանակերտ, որտեղ աշխատանքի և սոցիալական ապահովության պետվարչության աշխատակիցների ուժերով ավարտին է հասցվում այդ  գործընթացը:

Պետության խնամքի տակ են վերցվում ավելի քան 500 միայնակ քաղաքացիներ, որոնց ցուցաբերվում է խնամք և օգնություն հենց իրենց տներում:

Կապված ձեռնարկությունների ոչ ռիթմիկ աշխատանքի հետ՝ ավելանում է առանց աշխատանքի մնացած քաղաքացիների, ինչ խոսք` նաև աշխատանքի տեղավորման հարցերով զբաղվածության կենտրոն դիմողների թիվը: Կենտրոնը, որը 1987-1997թթ. ղեկավարում էր Դմիտրի Ասծատուրի Հայրապետյանը, այդ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում  ձգտում էր հնարավորինս դրական լուծում տալ քաղաքացիների դիմումներին։

Ավելի քան 2000 մարդու տրվում է գործազուրկի կարգավիճակ: Ստեղծվում է հանձնաժողով, որը միջնորդում է նրանցից շատերին վաղաժամկետ նշանակել կենսաթոշակ՝ համաձայն օրենքի: Բացի այդ, կենտրոնն զբաղվում է նաև թափուր տեղերի մասին տեղեկատվություն ձեռք բերելու և մարդկանց աշխատանքի տեղավորելու հարցերով:

ԼՂՀ կառավարության կողմից հետևողականորեն միջոցներ են ձեռնարկվում բնակչության սոցիալական պաշտպանության ապահովման  նպատակով գերատեսչությունների գործառույթների համակարգման ուղղությամբ: Այսպես, զոհված զինծառայողների և 1-ին կարգի հաշմանդամների երեխաներին տրվող թոշակների արտաբյուջետային միջոցներից կատարվող  վճարման գործառույթները 1994թ. «Հիշատակ» հիմնադրամից փոխանցվում են ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությանը։ Նույնը կատարվում է նաև ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող  զինծառայողների սոցիալական պաշտպանության գործառույթների կապակցությամբ՝  դարձյալ փոխանցվելով ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությանը։ Կառույցին առաջադրված նպատակներն ու խնդիրները հաջողությամբ են իրականացվում վարչության ողջ աշխատակազմի անդամների, այդ թվում՝ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող  մասնագետներ Վլադիսլավ Նիկոլայի Ավագյանի, Վալերի Դավթի Գաբրիելյանի, Կարեն Աբգարի Հովսեփյանի և մյուսների նվիրված ջանքերով։

Պատերազմական և հետպատերազմյան ողջ ժամանակաշրջանում սոցապահովության մարմիններն ապահովում են կենսաթոշակների, պետական նպաստների, արտաբյուջետային միջոցներից նպաստների, մարդասիրական օգնության, ինչպես նաև լսողական սարքերի ու շարժական միջոցների անխափան տրամադրումը։

1995թ. հանրապետությունում գործում էր սոցիալական ապահովության 21 կազմակերպություն, որոնցից 5-ը՝ հանրապետական, 4-ը՝ տարածքային, և 12-ը՝ շրջանային (քաղաքային) կարգավիճակներով։