Ավետիսյան Վասիլի Արտյուշայի
ԼՂՀ Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ (1992թ.), ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նախագահ (1992թ.), ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահ (1998թ.), ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ (2004-2007թթ.)
Նախքան ԼՂՀ հռչակումը՝ Խորհրդային Միության փլուզման նախաշեմին, երբ բնակչության կենսաթոշակները ֆինանսավորվում էին դեռևս միութենական բյուջեից, Լեռնային Ղարաբաղում առաջացած սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական ծայր աստիճան բարդ իրավիճակում, ի շարս այլ հրատապ հարցերի, անհապաղ լուծում էր պահանջում նաև բնակչության հետագա կենսաթոշակային ապահովման հիմնախնդիրը։
Ի լուծումն այդ խնդրի, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի գործկոմի և արհմիությունների մարզային ֆեդերացիայի խորհրդի նախագահության 1991թ. հունվարի 17-ի թիվ 3/3 համատեղ որոշմամբ ստեղծվեց ԽՍՀՄ Կենսաթոշակային հիմնադրամի ԼՂԻՄ մարզային բաժանմունքը:
Մարզային բաժանմունքի ղեկավարությանը հանձնարարվեց բանակցություններ սկսել ԽՍՀՄ Կենսաթոշակային հիմնադրամի հետ։ Արդյունքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց բաժանմունքը մտցնել միութենական հիմնադրամի կազմի մեջ։ Սակայն Ադրբեջանի իշխանությունների միջամտության հետևանքով ԽՍՀՄ կենսաթոշակային հիմնադրամն առաջարկեց հարցի լուծումը հետաձգել մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումից հետո ԽՍՀՄ Կենսաթոշակային հիմնադրամի ԼՂԻՄ մարզային բաժանմունքը վերանվանվեց ԼՂՀ Կենսաթոշակային հիմնադրամի։ Այդ իրավական նորմն այնուհետև ամրագրվեց նաև ԼՂՀ Նախարարների խորհրդի 1992թ. մայիսի 23-ի թիվ 36 որոշմամբ։ Հետագայում ԼՂՀ Կենսաթոշակային հիմնադրամին լիազորվեց նաև չզբաղված քաղաքացիների՝ օրենքով նախատեսված նպաստների վճարումը, ինչի կապակցությամբ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի (ԼՂՀ ՊՊԿ) 1992թ. հոկտեմբերի 12-ի թիվ 11 որոշմամբ Կենսաթոշակային հիմնադրամը վերակազմավորվեց ԼՂՀ Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի, որն ի սկզբանե լիազորված էր ապահովելու սոցիալական վճարների հաշվարկումը, հավաքագրումը, կենսաթոշակային ու զբաղվածության ծրագրերի ֆինանսավորումը։
ԼՂՀ Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը ԼՂՀ տարածքում սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության ֆինանսների կառավարման, զբաղվածության պետական քաղաքականության ֆինանսավորումն իրականացնող պետական մարմին էր։ Հիմնադրամի գլխավոր նպատակն էր հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովագրության և զբաղվածության քաղաքականության իրականացման ֆինանսական ապահովումը, իսկ գլխավոր խնդիրը՝ ապահովել հիմնադրամի սոցիալական ապահովագրության սահմանված մուծումների գանձումը, հաշվառումը և կուտակումը։
Այնուհետև՝ 1996թ., ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կառուցվածքում ընդգրկվեց նաև հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամը, այսինքն՝ նրա գործառույթների մեջ մտցվեց սոցիալական ապահովագրության գործատուների մոտ հիմնադրամի միջոցների հաշվին կատարվող՝ ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան, թաղման նպաստների նշանակման և վճարման վերահսկողությունը։
1997թ. կենսաթոշակների նշանակման և վճարման հետ կապված բոլոր գործառույթները, որոնք իրականացնում էր ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը, փոխանցվեցին հիմնադրամին։ Հիմնադրամը կենսաթոշակների ֆինանսավորմանը զուգահեռ սկսեց իրականացնել նաև քաղաքացիների կենսաթոշակների նշանակման աշխատանքները։ Կարճ ժամանակահատվածում ՀՀ Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը ԼՂՀ Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին տրամադրեց անհրաժեշտ քանակության համակարգիչներ և այլ տեխնիկական միջոցներ, իսկ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը կազմեց համապատասխան ծրագիր կենսաթոշակների և այլ վճարների ցուցակներն ավտոմատացված կարգով ստանալու համար։
ԼՂՀ կառավարության 1998թ. հուլիսի 7-ի թիվ 90 որոշմամբ ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը վերանվանվեց ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամ։ Այն համագործակցում էր ԱՊՀ և բալթյան երկրների կենսաթոշակային հիմնադրամների, Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի հետ։ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամը 2001թ. դիմեց Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիային, որի կազմում ընդգրկված էր շուրջ 140 երկիր, նրա կազմի մեջ մտնելու խնդրանքով։ Սակայն դարձյալ Ադրբեջանի ճնշման ներքո հարցը դրական լուծում չստացավ։
ԼՂՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 26-ի թիվ 383 որոշմամբ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամը վերանվանվեց ԼՂՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի։