1937-1957թթ. Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժնի պետ
Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941-1945թթ. ԼՂԻՄ գենոֆոնդը մեծ կորուստներ է կրում, կտրուկ նվազում է ծնելիությունը: 1939թ. մարդահամարի տվյալներով ինքնավար մարզում բնակվում էր 150.8 հազար մարդ, որոնցից 132.8 հազարը հայ էր՝ կազմելով բնակչության 88.1%-ը, մնացածը՝ ադրբեջանցիներ և ռուսներ էին: Պատերազմի ողջ ընթացքում գործող բանակ է զորակոչվել մարզի հայ բնակչության 1/3-ը՝ 45000 մարդ, որոնցից ավելի քան 22000-ը զոհվեց տարբեր ռազմաճակատներում: Որբացան հազարավոր երեխաներ։
Պետությունը միջոցներ էր ձեռնարկում ծնելիությունը խթանելու, ծնողազուրկ երեխաների խնամքն ապահովելու համար։ 1941թ. հղի և ծննդաբերող կանանց համար բացվում են ավելի քան 90 հիվանդանոցային մահճակալ-տեղեր։ Դրանց թիվն ավելանում է նաև հետպատերազմյան տարիներին։ Բնակչության սոցիալ-կենցաղային հարցերի լուծումները մղվում են առաջին պլան։
1941-1951թթ. Շուշիում գործում է 7 մանկատուն, որոնցում պետության հոգածության տակ է առնվում, ընդհանուր առմամբ, ավելի քան 255 երեխա։ 1958թ. վերջերին դադարեցվում է մանկատներից 5-ի գործունեությունը։
1951թ. օգոստոսից Շուշիում գործում էր նաև ծծկեր երեխայի տունը, որը մինչ այդ գործում էր Ստեփանակերտ քաղաքում։ 1964թ. տվյալներով՝ հաստատությունում խնամք էր ստանում շուրջ 24 երեխա։
1959թ. մարդահամարի տվյալներով մարզն ուներ 130.4 հազար բնակիչ։