Ղուլյան Լենստոն Լևոնի
Ծնվել է 1953թ. մայիսի 9-ին, ք.Ստեփանակերտում: 1970թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը: Այն ավարտելուց հետո աշխատել է ԼՂԻՄ միջշրջանային պետական դեղագործական վարչությունում: 1971-1976թթ. ավարտել է Խարկովի կոմունալ–շինարարական ինժեներական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ–տնտեսագետի որակավորում: Ինստիտուտը ավարտելուց հետո աշխատել է <Խարկովգազ> շինվերանորոգման վարչությունում որպես վարպետ: 1977-1978թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1978-1980թթ. աշխատել է Ստեփանակերտի շինարարարական վարչությունում որպես ինժեներ–տնտեսագետ: 1980-1992թթ. աշխատել է ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայում, նախ որպես հրահանգիչ, այնուհետև՝ բաժնի պետ: 1993թ. փետրվարից ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչության պետ: 1995-1997թթ. ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի պետական վարչության պետ: 2006թ.՝ ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար, 2007-2017թթ. ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարի 1-ին տեղակալ: ԼՂՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել է <<Երախտագիտություն>> և <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալներով:
1998-2006թթ. ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարար
1993թ. փետրվարից ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչությունը աներևակայելի ջանքերի գնով պատվով կատարեց այդ ծանր ու դժվարին առաջադրանքը՝ Ստեփանակերտի միակ՝ ՙՂարաբաղ՚ հյուրանոցում, արտադրական ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների հանրակացարաններում, դպրոցներում և այլ շինություններում հնարավորինս ապահով ապաստան տալով Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքներից տեղահանված ու բռնագաղթած բազմահազար հայրենակիցների ընտանիքներին, հոգալով նրանց առտնին սոցիալ-կենցաղային կարիքները։
ԼՂՀ նախագահի հրամանագրով Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչությունը 1995թ. սկզբներին վերակազմակերպվում է ԼՂՀ Բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի պետական վարչության։ Պետական վարչությունը լիազորված էր կազմակերպել և իրականացնել վերաբնակեցման և վերականգնողական ծրագրերը՝ բռնագաղթած քաղաքացիների վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը և ավերված անհատական տների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնության ուղիով ստացված նյութական միջոցների ճիշտ ու նպատակային օգտագործումը՝ ԼՂՀ մուտք գործող մարդասիրական օգնությունների ընդունումը, տեսակավորումը, ԼՂՀ կառավարության որոշմամբ (կարգադրությամբ) դրանց բաշխումը, հանրապետության սակավակարող բնակչությանը մարդասիրական օգնության հատկացումները։
ԼՂՀ կառավարության նախագահության նույն թվականի ապրիլի 4-ի թիվ 29 որոշմամբ հաստատվում են նորաստեղծ պետվարչության կառուցվածքն ու կանոնադրությունը։
Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացման աշխատանքներին անմիջականորեն արձագանքում է Հայաստանի Հանրապետությունը, որի կառավարությունը 1993թ. սեպտեմբերի 13-ի թիվ 460 որոշմամբ աջակցում է ԼՂՀ տարածքում պատերազմական գործողությունների հետևանքով ավերված բնակավայրերի վերականգնման ու վերաբնակեցման գործընթացին։ Մայր հայրենիքի անգնահատելի օժանդակությունը հիմնականում իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր Փախստականների հարցերով պետական վարչության խողովակով, անմիջականորեն նրա ղեկավար Վլադիմիր Միհրանի Մովսիսյանի եռանդուն ջանքերով:
Բռնագաղթած քաղաքացիների վերադարձի ու վերաբնակեցման, ինչպես նաև բնակավայրերի վերականգնման աշխատանքների կազմակերպման նպատակով ԼՂՀ պետական բյուջեից հատկացվեցին որոշակի միջոցներ՝ ՀՀ-ից ԼՂՀ գույքի տեղափոխման, ընտանիքի անդամների ճանապարհածախսի, ընտանիքին միանվագ օգնության վճարման, երկարաժամկետ վարկերի, սերմացուի, անասունների գնման ու տրամադրման համար։ Հատկանշական է, որ Ադրբեջանից բռնագաղթած և Արցախում ապաստան գտած փախստականներով միայն 1995թ. ընթացքում վերաբնակեցվեցին Մարտակերտի շրջանի Չարեքտար, Դադիվանք, Շուշիի շրջանի Լիսագոր, Մարտունու շրջանի Ամիրանլար գյուղերը։ Այդ աշխատանքները հետևողականորեն շարունակվում էին նաև հետագայում՝ ընդգրկելով վերականգնման ու վերաբնակեցման ենթակա այլ բնակավայրեր։ Ընդհանուր առմամբ, այդ շրջանում վերականգնվում են 127 բնակավայր, 2800 բնակարան ու տուն։ Հարազատ բնակավայրերն է վերադառնում 37000 քաղաքացի։
ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերի հակահարձակողական գործողությունների շնորհիվ մինչև 1994թ. մայիսյան հրադադար հիմնականում ազատագրվում են ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթված տարածքները։ Դեռևս պատերազմի թեժ շրջանում՝ 1993թ. սեպտեմբերից, ադրբեջանական բռնազավթումից հայկական բնակավայրերի ազատագրմանը զուգընթաց, հանրապետության ղեկավարության հանձնարարությամբ, վարչության կազմակերպական ջանքերի շնորհիվ սկսվում է մարտական գործողությունների վայրերից մինչ այդ բռնագաղթած ու տեղահանված քաղաքացիների զանգվածային վերադարձը մշտական բնակության վայրեր։ Այդ նպատակով ԼՂՀ կառավարությունը 1995թ. մայիսի 27-ին ընդունում է թիվ 103 որոշումը: Հաշվի առնելով ազատագրված գյուղերի լրիվ կամ մասնակի ավերված վիճակը, ուստի և բնակության համար անհամատեղելիությունը, վարչությունը համաժամանակ ձեռնամուխ է լինում դրանց վերականգնման աշխատանքներին: Վերականգնողական աշխատանքներ են ծավալվում, մասնավորապես, Մարտակերտի շրջանի Կիչան, Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Վաղուհաս, Գետավան, Չափար, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Փրջամալ. Հադրութի շրջանի Առաքել. Բանազուր, Քոչբեկ, Ցոր, Շուշիի շրջանի Քարին տակ և այլ լիովին ավերված կամ կիսավեր գյուղերում, Շուշի, Մարտունի քաղաքներում: Կազմակերպելով տեահանված քաղաքացիների վերադարձն այդ բնակավայրեր, վարչուրյունը միաժամանակ հոգում էր նրանց առաջին անհրաժեշտության կենցաղային խնդիրներն ու կարիքները:
1998 թվականից սկսած նախարարի պաշտոնը ստանձնելու ժամանակաշրջանում կատարված բարեփոխումները կապված էին ժամանակի թելադրանքով առաջադրված բովանդակային խնդիրների լուծումների հետ, որոնք պահանջում էին կառուցվածքային փոփոխություններ իրականացնել նախարարության համակարգում: 2003թ. ստեղծվում է Սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բաժինը, որը 2004թ. վերակազմավորվում է վարչության, 2004թ.՝ Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչությունը, 2005թ.՝ Աշխատանքի պետական տեսչությունը և Վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի բաժինը։
ԼՂՀ իշխանությունների գործադրած ջանքերի շնորհիվ այդ տարիներին աճում են տնտեսության զարգացման տեմպերը, մեծանում ազգային եկամուտն ու պետական բյուջեի հնարավորությունները: Պայմաններ են ստեղծվում սոցիալական ապահովության ակտիվ քաղաքականություն վարելու համար։ Հույժ կարևոր խնդիր էր համարվում Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության սոցիալ-կենցաղային հարցերի լուծումը։
Հետագա տարիներին ընդունվում են առանձնակի կարգավիճակ ունեցող անձանց արտոնություններ սահմանող մի շարք օրենքներ և կառավարության որոշումներ, ինչպիսիք էին՝ ՙ«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին՚ ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» (2000թ. մարտի 21-ի թիվ 45), «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար լրացուցիչ արտոնություններ սահմանելու մասին» (2000թ. հուլիսի 11-ի թիվ131) «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի կիրակումն ապահովելու մասին» (2004թ. հունվարի 3-ի թիվ 2) «Զինծառայողների և նրանց ընտանիքների մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների մասին» (2004թ. հունիսի 30-ի թիվ 281), «Գործազրկության բազային նպաստի չափը սահմանելու մասին» (2009թ. օգոստոսի 13‑ի թիվ 36), «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ԼՂՀ օրենքների նախագծերի մասին (2000թ. մարտի 21-ի թիվ 44), «Թոշակառուներին անվճար հիվանդանոցային բուժօգնություն տրամադրելու մասին» (2000թ. մայիսի 25-ի թիվ 117) և այլ որոշումներ։
Նշանակալի փոփոխություններ են կատարվում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում և այդ օրենքից բխող կառավարության որոշումներում։ 2002թ. ավելանում են այդ ընտանիքներին տրվող ապահովագրական գումարների չափերը. եթե 2003թ. այն կազմում էր 286 հազար դրամ, ապա 2004թ.՝ 300 հազար դրամ։ Փոխվում է նաև հիմնական կենսաթոշակի չափը։ 1999թ. 2860 դրամի փոխարեն 2005թ. այն կազմում է 4000 դրամ։ Փոփոխություն է կատարվում նաև կենսաթոշակի միջին չափի մեջ՝ 1999թ. 4420 դրամի փոխարեն 2005թ. այն կազմում է 9830 դրամ։
1998թ հիմք է դրվում ԼՂՀ և ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունների համագործակցությանը։ ՀՀ և ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունների միջև կնքվում է համաձայնագիր, որը հետագայում վերածվում է ընդլայնված ծրագրի։ Այն նպատակ էր հետապնդում վեր հանել հայկական երկու հանրապետությունների սոցիալական ոլորտի ընդհանուր հիմնախնդիրները և դրանց լուծումներին ուղղված միասնական քաղաքականության իրականացման մեխանիզմները, որոնց հիմքում դրվում են գործընկերության, համագործակցության և բարի կամքի սկզբունքները։ Ծրագիրը գործում է մինչ օրս։