2019թ. հուլիսի 1-ից Արցախի Հանրապետությունում նախատեսվում է սկսել կենսաթոշակային նոր՝ բազմաստիճան համակարգի գործարկումը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական և ինստիտուցիոնալ վերափոխումները անմիջական ազդեցություն են ունենալու բնակչության հասարակության գրեթե բոլոր խմբերի և կառույցների ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ շահերի վրա՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը ներկայացնում է կենսաթոշակային բարեփոխումներին և կենսաթոշակային նոր համակարգին վերաբերվող հիմնական հարցերի պարզաբանումները:
- Արցախի Հանրապետությունում ներկայիս կենսաթոշակային համակարգը
Արցախի Հանրապետությունում գործում է սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված պետական կենսաթոշակային համակարգ, որի էությունը կայանում է նրանում, որ ներկայիս եկամտային հարկ վճարողները ֆինանսավորում են ներկայիս կենսաթոշակառուների կենսաթոշակները: Վարձու աշխատողների, գործատուների և անհատ ձեռնարկատերերի եկամտային հարկի գումարներն ուղղվում են պետական բյուջե և այնուհետև օգտագործվում ներկա կենսաթոշակառուների կենսաթոշակները ֆինանսավորելու համար:
Պետական կենսաթոշակային համակարգն ընդունված է անվանել բաշխողական կենսաթոշակային համակարգ: Բաշխողական կենսաթոշակային համակարգն ունի երկու բաղադրիչ՝ սոցիալական և աշխատանքային: Աշխատանքային բաղադրիչից տրամադրվում են կենսաթոշակների հետևյալ տեսակները՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, մասնակի, իսկ սոցիալական բաղադրիչից՝ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու: Պարզաբանելու համար նշենք, որ աշխատանքային կենսաթոշակները տրամադրվում են անհրաժեշտ աշխատանքային ստաժի տարիներ ունենալու, իսկ սոցիալականը՝ անհրաժեշտ աշխատանքային ստաժի տարիներ չունենալու դեպքում:
Բաշխողական կենսաթոշակային համակարգի սոցիալական և աշխատանքային բաղադրիչները կշարունակեն գործել բարեփոխված ձևով նաև նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգում:
2. ԱՀ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի բարեփոխումները
Արցախի Հանրապետությունում գործելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մոդելը խարսխված է գործող բաշխողական համակարգի վրա, որն, ըստ էության, լրացվել է երկու նոր՝ կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչներով: Այն բաղկացած է լինելու հետևյալ 4 աստիճաններից.
- 0 աստիճան, որը սոցիալական կենսաթոշակ է տրամադրում այն անձանց, ովքեր բոլորել են 65 տարեկանը և ունեն մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ: Այս բաղադրիչի նպատակն է կանխել աղքատությունը կենսաթոշակային տարիքում:
- 1-ին աստիճան, որը աշխատանքային կենսաթոշակ է տրամադրում ներկա կենսաթոշակառուներին և մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված այն քաղաքացիներին, որոնք «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով կունենան աշխատանքային կենսաթոշակի իրավունք: Այս աստիճանից կենսաթոշակ կտրամադրվի նաև 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված այն անձանց, ովքեր 2019թ. hուլիսի 1-ի դրությամբ կունենան 10 և ավելի տարվա աշխատանքային ստաժ:
- 2-րդ աստիճան, որը կտրամադրի կուտակային կենսաթոշակ այն անձանց, ովքեր պարտադիրության (1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածներ) կամ կամավորության (մինչև 1974թ. հունվարի 1-ը ծնվածներ) սկզբունքով կատարել են սոցիալական վճարներ:
- 3-րդ աստիճան, որը կտրամադրի կամավոր կենսաթոշակ այն անձանց, ովքեր առանց տարիքային սահմանափակման կատարել են կամավոր կենսաթոշակային վճարներ:
- Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում ներկայիս կենսաթոշակառուների կենսաթոշակի հաշվարկման բանաձևը և վճարման կարգը2014 թվականի հուլիսի 1-ից սկսած փոխվել է կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը: Մասնավորապես, ներդրվել է աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ:Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+(ՍxԱ)xԳ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+(10xԱ+(Ս-10)xԱ1)xԳ բանաձևով, որտեղ`Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Վերանայվել է նաև կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու կարգը: Կենսաթոշակառուի անձնական գործակիցը մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար սահմանվում է 0,1 (Գ=0,1 X Ս բանաձևով), 11-ից մինչև 40 տարվա համար (ներառյալ)՝ 0,01 (Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով), 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02 (Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով):
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը: Օրինակ `
- 9 տարվա ստաժի դեպքում` Գ=0.9 (0,1 X 9),
- 11 տարվա ստաժի դեպքում` Գ=1.01 (1+0,01 X (11-10)),
- 41 տարվա ստաժի դեպքում` Գ=1.32 (1.3+0,02 X (41-40)):
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
- 1) առաջին խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
- 2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
2014թ. հուլիսի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 16000 դրամ, աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքն առաջին 10 տարվա (ներառյալ) համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավելի յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի համար 500 դրամ:
- Սոցիալական վճար կատարողները
Արցախի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝
1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը.
2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, եթե նրանք ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի դիմում,
3) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր ընտրել են կենսաթոշակային ֆոնդ և երբևէ կատարել են սոցիալական վճար:
Անձը չի կարող վերանայել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնելու որոշումը:
Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Արցախի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
5. Կուտակային բաղադրիչի մասնակիցները
Մասնակցությունը կուտակային բաղադրիչին հիմնված է պարտադիրության և կամավորության սկզբունքների վրա:
Կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը:
Կամավորության սկզբունքով կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել մինչև 1974թ. հունվարի 1-ը և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ինքնազբաղված անձինք՝ անկախ տարիքից:
Ինքնազբաղված անձ է համարվում օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող ֆիզիկական անձը, մասնավորապես՝ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը, արտոնագրային վճար կատարողները (կոշկակար, գորգագործ, դարբին և այլն) և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող անձինք, որոնց եկամուտ վճարողները չեն համարվում հարկային գործակալներ:
- Կուտակային բաղադրիչի մասնակցի կենսաթոշակը բաշխողական կենսաթոշակային բաղադրիչից
Կուտակային բաղադրիչի մասնակիցը, կուտակային կենսաթոշակից բացի, բաշխողական կենսաթոշակային բաղադրիչից ստանալու է նաև աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ: Աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալը կախված կլինի անձի աշխատանքային ստաժի տևողությունից:
7. Կուտակային բաղադրիչին միացող աշխատանքային ստաժի տարիների փոխհատուցումը
Կուտակային բաղադրիչի մասնակիցը մինչև 2019թ. հուլիսի 1-ը աշխատած տարիների համար բաշխողական բաղադրիչից ստանալու է աշխատանքային կենսաթոշակ:
Օրինակ, եթե անձն ունի ընդհանուր առմամբ 30 տարվա աշխատանքային ստաժ, որից 12 տարին աշխատել է մինչև 2019թ. հուլիսի 1-ը, ապա կենսաթոշակի անցնելիս կստանա աշխատանքային կենսաթոշակ՝ 12 տարվա աշխատանքային ստաժի համար:
8. Մինչև 1974թ. հունվարի 1-ը ծնված անձանց պետական կենսաթոշակի
հաշվարկման կարգը
Մինչև 1974թ. հունվարի 1-ը ծնված անձինք կենսաթոշակ են ստանալու բաշխողական կենսաթոշակային բաղադրիչից: Նրանց կենսաթոշակները հաշվարկվելու են «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված բանաձևով:
Մինչև 1974թ. հունվարի 1-ը ծնվածները կարող են կամավորության սկզբունքով մասնակցել կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչներին, և միաժամանակ ձեռք բերելով նաև կուտակային և կամավոր կենսաթոշակի իրավունք:
- Սոցիալականվճարի հաշվարկման օբյեկտները և դրույքաչափերը
Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`
1) աշխատավարձը.
2) ձեռնարկատիրական եկամուտը.
3) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները:
Կուտակային հատկացման չափը կազմելու է կուտակային բաղադրիչի մասնակցի համախառն եկամտի 10%-ը, որից 5%-ը վճարվելու է վարձու աշխատողի կողմից, իսկ մյուս 5%-ը անձի կուտակային կենսաթոշակային հաշվին կփոխանցվի պետական բյուջեից: Սակայն պետական բյուջեից անձի կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը չի կարող լինել 25 000 դրամից ավելի, ինչը նշանակում է, որ եթե մասնակցի ամսական համախառն եկամուտը գերազանցում է 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը, ապա պետական բյուջեից աշխատողի կենսաթոշակային հաշվին կփոխանցվի 25 000 (քսան հինգ հազար) ՀՀ դրամ լրացուցիչ գումար, իսկ 10%-ը լրացնելու համար մնացած գումարը կվճարի աշխատողը:
Անհատ ձեռնարկատերերի համար կուտակային վճարի չափը հաշվարկվում է տարեկան կտրվածքով՝ տարեկան համախառն եկամտի 10%-ի չափով: Անհատ ձեռնարկատիրոջ կենսաթոշակային հաշվին պետական բյուջեից փոխանցվող գումարի չափը չի կարող լինել տարեկան 300 000 դրամից ավելի: Եթե անհատ ձեռնարկատիրոջ համախառն եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6 000 000 դրամը, ապա նրանք տարեկան կտրվածքով կվճարեն կուտակային վճար իրենց տարեկան համախառն եկամտի 5%-ի չափով, իսկ մնացած 5%-ը նրանց օգտին կփոխանցվի պետական բյուջեից: Եթե անհատ ձեռնարկատիրոջ տարեկան համախառն եկամուտը գերազանցի 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամը, ապա պետական բյուջեից անհատ ձեռնարկատիրոջ կենսաթոշակային հաշվին կփոխանցվի տարեկան 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ 10%-ը լրացնելու համար մնացած գումարը կվճարվի անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
Կուտակային բաղադրիչին կամավոր միացած մինչև 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց համար (այդ թվում՝ ինքնազբաղված անձինք) կուտակային վճարի չափը կազմելու է համախառն եկամտի 5%-ը: Կամավոր միացած անձի օգտին պետական բյուջեից գումար չի փոխանցվի:
1964 թվականի հունվարի 1-ից մինչև 1974թ. հունվարի 1-ը ծնվածները, որոնք կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կներկայացնեն մինչև 2020 թվականի հունվարի 1-ը և 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված կուտակային բաղադրիչի մասնակիցներ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց կողմից սոցիալական վճարի 5%-ի վճարումը «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսվում է անցնել աստիճանաբար: Այսպես, սկզբնական շրջանում մասնակցի սոցիալական վճարի 5%-ի կեսը նույնպես կվճարի պետական բյուջեն, սակայն 12500 դրամից ոչ ավելի: Փաստորեն, նշված ժամանակահատվածում անձը մինչև 500 000 համախառն եկամուտ ունենալու դեպքում վճարելու է 2,5%-ը, իսկ պետական բյուջեից վճարվելու է մնացած 7,5%-ը, սակայն 37500 դրամից ոչ ավելի:
10. Սոցիալական վճարի հաշվարկը
Վարձու աշխատողի սոցիալական վճարները հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:
Գործատուները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային և քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին, ինչպես նաև, որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում «Կուտակային կենսաթոշակի մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված չափով հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները:
Գործատուները «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:
Անհատ ձեռնարկատերերը, ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները, որպես ինքնազբաղված անձինք, ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում և փոխանցում է ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:
Անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ:
11.Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը
Մասնակիցների ռեեստրը վարողը տարին մեկ անգամ անվճար, ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը տեղեկատվություն է տրամադրում անձին նրա կուտակային կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին: Բացառությունները պետք չէ նշել
Տեղեկատվությունն առաջին անգամ անձին ներկայացվում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում նշված հասցեով՝ թղթային տարբերակով, եթե նա այլ տարբերակ չի ընտրել: Երկրորդ անգամ և հետագայում տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ թղթային տարբերակով ստանալու համար անձը ամեն անգամ օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:
Մասնակիցների ռեեստր վարողը օրական թարմացված տեղեկատվություն է տեղադրում իր ինտերնետային կայքում:
Մասնակիցների ռեեստրը վարողը պետք է ապահովի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունը մասնակիցների ռեեստր վարողի ինտերնետային կայքի միջոցով անվճար հասանելիություն ունենալու իր անհատական կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը:
- Կուտակային բաղադրիչում մասնակցության դադարեցումը
1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի համար մասնակցությունը կուտակային բաղադրիչին պարտադիր է, հետևաբար, նրանք չեն կարող իրենց հայեցողությամբ դադարեցնել մասնակցությունը: Մինչև 1974 թ. հունվարի 1-ը ծնված և կամավորության սկզբունքով կուտակային բաղադրիչին միացած անձինք նույնպես չեն կարող դադարեցնել իրենց մասնակցությունը կուտակային բաղադրիչին:
- Անձի մասնակցությունը կուտակային բաղադրիչին՝ եկամուտ չունենալու դեպքում
Եթե անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո, սակայն կուտակային բաղադրիչի գործողության մեջ մտնելու ժամանակ (2019թ. հուլիսի 1-ին) չի ունեցել վարձու աշխատողի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ, իսկ այնուհետև մտել է աշխատանքային հարաբերությունների մեջ որպես վարձու աշխատող կամ սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա սկսած աշխատելու օրվանից նա կհամարվի կուտակային բաղադրիչի մասնակից՝ պարտադիրության սկզբունքով, և կպարտավորվի օրենքով սահմանված կարգով և չափերով կատարել սոցիալական վճարներ:
Եթե անձը չունի եկամուտ, ապա նա չի համարվում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից: Այնուամենայնիվ, այդ անձինք չեն զրկվի պետական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ ստանալու իրավունքից և 65 տարին լրանալուց հետո ձեռք կբերեն սոցիալական կենսաթոշակի իրավունք: Իսկ եթե անձը ունենա 10 և ավելի տարվա աշխատանքային ստաժ, ապա նա կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում կստանա աշխատանքային կենսաթոշակ:
- Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձի մասնակցությունը նոր կենսաթոշակային համակարգին
Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը՝ անկախ այն հանգամանքից, թե ծնվել են 1974 թ. հունվարի 1-ից առաջ կամ հետո, համարվում են ինքնազբաղված անձինք և կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել կամավորության սկզբունքով: Նրանք պարտավոր չեն կատարել սոցիալական վճարներ, եթե չեն միացել կուտակային բաղադրիչին:
Կամավոր միանալու դեպքում նրանք տարեկան կկատարեն 5 տոկոս սոցիալական վճար, սակայն պետական բյուջեից նրանց անհատական կուտակային կենսաթոշակային հաշվին լրացուցիչ գումար չի փոխանցվի:
- Մասնակցի կուտակային խնայողությունները՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Աշխատանքը կորցնելու և այլևս եկամուտներ չունենալու դեպքում մասնակցի կուտակված միջոցները կմնան իր անհատական կուտակային կենսաթոշակային հաշվին և կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից:
Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակահատվածում մասնակիցը սոցիալական վճարներ չի կատարի և իր կուտակային կենսաթոշակային հաշվի հաշվեկշռի ավելացման միակ աղբյուրը կլինի կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները: Աշխատանք գտնելու դեպքում կուտակային վճարները կրկին կսկսեն մուտքագրվել անձի անհատական կենսաթոշակային հաշվին՝ դրանց հաշվին ձեռք բերելով կենսաթոշակային ֆոնդի նոր փայեր:
Ամեն դեպքում անձը միայն կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում սահմանված կարգով կարող է դիմել կուտակային կենսաթոշակ ստանալու համար:
- Կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչներին միացած մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջը
Կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչներին միացած մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե.
1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) տառապում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով՝ առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա.
3) Արցախի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
17. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը
Մասնակիցների ռեեստրը վարողը պետք է ապահովի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունը՝ մասնակիցների ռեեստր վարողի ինտերնետային կայքի միջոցով անվճար հասանելիություն ունենալու իր անհատական կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը: Արցախի Հանրապետության Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այդպիսի մուտքի ապահովմանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավոր է ապահովել տվյալ պահին Արցախի Հանրապետությունում կիրառվող` անձը նույնականացնող և տեղեկատվության գաղտնիությունը ապահովող ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
- Մասնակիցների ռեեստրը վարողը
Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպություն է, որը գործելու է Արցախի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Մասնակիցների ռեեստրը վարողը`
- բացում և վարում է մասնակիցների կենսաթոշակային հաշիվները
- կենսաթոշակային հաշիվներ բացելու դեպքում տեղեկացնում է այդ մասին հարկային մարմնին.
- մասնակցի ցանկության դեպքում տեխնիկական միջոցներով ապահովում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության, ինչպես նաև նրա հաշվի քաղվածքում առկա տեղեկատվության գաղտնիությունը:
- կազմակերպում է կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկումը, դրանց մուտքագրումը կենսաթոշակային հաշիվներին, մասնակիցների կենսաթոշակային ֆոնդերի փայերի մարումը.
- կուտակային հատկացումները Կենտրոնական բանկում բացված իր հաշվից փոխանցում է կենսաթոշակային ֆոնդի պահառուի նշած համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին.
- տեղեկատվություն է տրամադրում մասնակիցներին կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ.
- մասնակցի դիմումի հիման վրա կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մեկ կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը մեկ այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով.
- կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը ապահովագրական ընկերությանը` անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով.
- կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է միանվագ և ծրագրային վճարների կատարումը.
- ժառանգների կամահայտնության հիման վրա փոխանցում է մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվին պահվող փայերը ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում են այդ փայերը և արդյունքում ձևավորված դրամական միջոցները փոխանցում ժառանգի բանկային հաշվին, իսկ փայերն անժառանգ ճանաչվելու դեպքում մարում են կենսաթոշակային փայերը և ձևավորված դրամական միջոցները փոխանցում պետական բյուջե.
- Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, բովանդակությամբ և պարբերականությամբ հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկին:
- Հաշվի օպերատորը
Հաշվի օպերատորը «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները, այդ թվում`
1) կենսաթոշակային հաշվի բացումը.
2) մասնակցի անձնական տվյալներում փոփոխության կատարումը.
3) մասնակցի կողմից ֆոնդի ընտրությունը և (կամ) փոփոխությունը, կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ընդունումը և մասնակիցների ռեեստրը վարողին դրանց փոխանցումը.
4) մասնակցի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվության ստացումը և փոխանցումը մասնակցին:
Հաշվի օպերատորը պետք է ապահովի իր գործառույթների կատարման ընթացքում մասնակիցների, նրանց կատարած ընտրության և այլնի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը:
- Անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունների հասանելիությունը
Անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները լինելու են գաղտնի և հասանելի չեն լինելու երրորդ անձանց, ներառյալ՝ անձի ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների համար:
Գործատուն, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չեն կարող տեղեկանալ անձի կենսաթոշակային հաշվի տվյալներին՝ անձի կողմից կատարված ֆոնդի ընտրության, անձին պատկանող կենսաթոշակային ֆոնդերի փայերի քանակի և արժեքի մասին:
Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքին համապատասխան, տրամադրում են միայն Արցախի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշման հիման վրա:
Արգելվում է մասնակիցներին տեղեկացնել նրանց կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին:
21. Կուտակայն կենսաթոշակային միջոցների կառավարումը մինչև անձի 63 տարին լրանալը
Մինչև կուտակային բաղադրիչի մասնակցի 63 տարին լրանալը կուտակային միջոցները կառավարվելու են կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից: Արդյունքում, ի լրումն կատարված կուտակային հատկացումների (կուտակված բոլոր տարիների համար՝ ճշգրտված տարեկան գնաճով), մասնակիցները կունենան նաև կենսաթոշակային ակտիվների ներդրումներից ստացված լրացուցիչ եկամուտներ: Կառավարման ներքո գտնվող ակտիվները կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սեփականությունը չեն: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը վարում է կենսաթոշակային ֆոնդի ակտիվների առանձնացված հաշվառում:
- Կենսաթոշակային ֆոնդը
Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները ձևավորվում են պարտադիր կարգով կատարվող կուտակային հատկացումների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դեպքում) կամ կամավոր կենսաթոշակային վճարների (կամավոր կենսաթոշակային ֆոնդի դեպքում) և դրանց ներդրման հաշվին: Մասնակցի կուտակային կենսաթոշակային հաշվին առկա միջոցներից ձևավորվում է նրա կուտակային կենսաթոշակը, որը վճարվում է մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:
23. Կենսաթոշակային ֆոնդի փայերը
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայը սոցիալական նպատակներով թողարկվող անվանական արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու)՝ կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը ձեռք են բերվում մասնակցի կատարած սոցիալական վճարնների և պետության կողմից մասնակցի օգտին կատարված լրացուցիչ հատկացումների հաշվին: Կուտակային հատկացումների հաշվին ֆոնդի փայերի ձեռքբերման պահից այդ փայերը հանդիսանում են մասնակցի սեփականությունը:
Կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի կողմից չի կարող՝
1) գրավադրվել.
2) ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.
3) նվիրաբերվել կամ օտարվել որևէ այլ եղանակով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
4) օգտագործվել որևէ այլ եղանակով, քան սահմանված է օրենքով:
- Կենսաթոշակային հաշիվ բացելը և վարելը
Մասնակիցների ռեեստրը վարողը անձի անվամբ կենսաթոշակային հաշիվ բացում է անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա:
Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացելու մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է գործատուին:
25. Կուտակային միջոցների բռնագանձումը
Մասնակցի պարտավորությունների համար մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի վրա բռնագանձում չի կարող տարածվել. մինչև նրա կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը:
- Պատասխանատվությունը սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար
Սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.075 տոկոսի չափով:
27. Կուտակած միջոցների մասին տեղեկատվություն ստանալու մասնակցի իրավունքը
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հրապարակել իր կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի փայի արժեքը: Այդ տեղեկատվությունը հասանելի է լինելու կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաև կառավարչի և մասնակիցների ռեեստրը վարողի, հաշվի օպերատորների մոտ:
Մասնակիցն իր կուտակած միջոցների ընթացիկ արժեքը կարող է որոշել իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակը՝ բազմապատկելով տվյալ ֆոնդի փայի հրապարակված արժեքով: Իրեն պատկանող փայերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցը ստանում է մասնակիցների ռեեստրը վարողից՝ հաշվի քաղվածքի տեսքով: Ընդ որում, իր հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը (հաշվի քաղվածքը) մասնակիցը կարող է ստանալ ցանկացած ժամանակ՝ էլեկտրոնային եղանակով, մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով:
28. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և կենսաթոշակային ֆոնդը փոխելու մասնակցի իրավունքը
Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի անվճար փոխելու նախկինում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը` իր համար (օգտին) կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղելու նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող մեկ այլ կենսաթոշակային ֆոնդ:
Այդ նպատակով մասնակիցը լրացնում և մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում:
Փայերի փոխանակման դիմում ներկայացնելու միջոցով մասնակիցն իրավունք ունի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի իր փայերը փոխանակելու միայն այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով՝ բացառությամբ այնդեպքի, եթե անձը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դեպքում մասնակցից կարող է գանձվել փոխանակման ենթակա փայերի մարման վճար` օրենսդրությամբ սահմանված կարգով:
29. Ֆոնդի կառավարիչների մասին տեղեկատվությունը
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների մասին սպառիչ տեղեկատվություն անձը կարող է ստանալ յուրաքանչյուր կառավարչի ինտերնետային կայքից, որը պետք է պարունակի նրա և նրա կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
- առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները
- տարեկան հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները
- տվյալներ՝ կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կազմի և կառուցվածքի վերաբերյալ
- տեղեկություններ՝ կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ
- տվյալներ՝ շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշումների մասին
- կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին, նրանց անունը /անվանումը/ և մասնակցության չափը
- կառավարչի տնօրենների խորհրդի գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները:
Ֆոնդերի կառավարիչների կայքերում տեղակայված տեղեկատվությունը ստուգվելու և վերահսկվելու է Կենտրոնական բանկի կողմից, որի նպատակն է բացառել անարժանահավատ և ապակողմնորոշող տեղեկատվության տարածումը:
30.Ներդրումային քաղաքականության ընտրությունը
Մասնակիցը չի կարող ուղղակիորեն որոշել իր միջոցների ներդրման քաղաքականությունը: Սակայն, քանի որ յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ կառավարվելու է ֆոնդի կառավարչի կողմից նախապես հաստատված և հրապարակված ներդրումային քաղաքականության հիման վրա, յուրաքանչյուր մասնակից ընտրելով իր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և տվյալ ֆոնդը, ըստ էության, տալիս է իր համաձայնությունը տվյալ ֆոնդի ներդրումային քաղաքականությանը:
- Սոցիալական վճարների կատարումը անձի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո
Սոցիալական վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը: Եթե լրացել է անձի կենսաթոշակային տարիքը, ապա նա իրավունք ունի դիմել կուտակային կենսաթոշակ ստանալու համար: Դրա համար մասնակիցը պետք է դիմում ներկայացնի մասնակիցների ռեեստրը վարողին: Եթե նա դիմում չի ներկայացրել և շարունակում է աշխատել, ապա նա չի ազատվում սոցիալական վճար կատարելու պարտավորությունից: Նրա կուտակային միջոցները կմնան կենսաթոշակային ֆոնդում՝ փայերի տեսքով. և կկառավարվեն ֆոնդի կառավարչի կողմից. մինչև անձի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացնելը: 63 տարին լրանալուց հետո կուտակային բաղադրիչին մասնակցությունը շարունակելու դեպքում, տվյալ մասնակցի օգտին պետական բյուջեից կատարվող լրացուցիչ հատկացումները դադարում են:
32.Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը
Ժառանգության վկայականը ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու և օրենքով սահմանված կարգով ժառանգություն ստացած փայերն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաև ժառանգության վկայականի պատճենը:
Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է կազմակերպել կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին և (կամ) կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը` դիմումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ ներդրումային ֆոնդերի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:
- Ժառանգներ չունեցող անձի կուտակային միջոցների տնօրինումը՝ մինչև 63 տարին լրանալը՝ մահանալու դեպքում
Եթե նախքան կենսաթոշակային տարիքի լրանալը մահացած մասնակիցը չունի ժառանգ, կամ եթե մասնակցի մահվան օրվանից հետո՝ 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել մասնակիցների ռեեստրը վարողին մահացածի կենսաթոշակային հաշվին առկա փայերը՝ որպես օրինական ժառանգի սեփականություն ընդունելու մասին, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին:
Մահացած մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերը մասնակցի մահվանից 3 տարի հետո Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի դիմումի հիման վրա դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ: Անժառանգ ճանաչված փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:
34. Կուտակային հատկացումների վերադարձելիությունը
Արցախի Հանրապետությունում օրենսդրությամբ երաշխավորվում է մասնակիցների օգտին կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին՝ բոլոր տարիների համար տարեկան գնաճով ճշգրտված չափով: Այսինքն՝ ցանկացած դեպքում մասնակիցը հետ կստանա ողջ ժամանակահատվածում կուտակված իր միջոցները՝ ճշգրտված տարեկան գնաճով, ինչի շնորհիվ տեղի չի ունենա կուտակված դրամական միջոցների արժեզրկում:
35. Կուտակային կենսաթոշակի չափը
Կուտակային կենսաթոշակների չափը որոշվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի արժեքի և կուտակային կենսաթոշակների ստացման ժամանակահատվածի հիման վրա:
36. Կուտակային կենսաթոշակ ստանալու տեսակները
Կուտակային կենսաթոշակների տեսակներն են՝
1) անուիտետները.
2) ծրագրային վճարները.
3) միանվագ վճարները:
Անուիտետների և ծրագրային վճարների հաշվարկման համար մասնակիցների ռեեստրը վարողը և ապահովագրական ընկերությունները պետք է օգտագործեն երկու սեռի համար ունիվերսալ մահացության աղյուսակներ:
- Անուիտետի տեսակները
Անուիտետի տեսակներն են՝
1) 10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետ (այսուհետ՝ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետ).
2) ամուսինների անուիտետ՝ 10 կամ 5 տարի երաշխավորված ժամկետով:
Որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետը վճարվում է ցմահ, սակայն եթե անձը մահանում է նախքան 10 կամ 5 տարի (ըստ պայմանագրի) երաշխավորված ժամանակահատվածի լրանալը, ապա օրենքով ժառանգ համարվող անձինք իրավունք ունեն ապահովագրական ընկերությունից հետ ստանալու որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետի մնացորդային գումարը:
Ամուսինների անուիտետը վճարվում է ցմահ այն անձին, հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո անուիտետը շարունակվում է վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն ցմահ՝ անուիտետի պայմանագրով նախատեսված գումարի չափով: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգները ստանում են չվճարված գումարի անուիտետի պայմանագրով սահմանված մասը:
- Անուիտետի պայմանագրի դադարելը
Անուիտետի պայմանագիրը դադարում է անուիտետ ստացող անձի մահվան, իսկ ամուսինների անուիտետի պայմանագրի դեպքում՝ երկրորդ ամուսնու մահվան դեպքում:
Երաշխավորված ժամկետում անուիտետ ստացող անձանց մահվան դեպքում անուիտետի պայմանագիրը դադարում է պայմանագրով սահմանված մնացորդային գումարը ժառանգներին վճարելու, իսկ դատական կարգով անուիտետի մնացորդային գումարն անժառանգ ճանաչվելու պարագայում` պետական բյուջե փոխանցելու դեպքում:
Ապահովագրական ընկերության կողմից տասներկուամսյա ժամանակահատվածում երկու և ավելի անգամ անուիտետ չվճարելու, ինչպես նաև երկու և ավելի անգամ անուիտետի պայմանագրի որևէ այլ խախտում թույլ տալու դեպքում անուիտետ ստացող անձը կամ նրա ամուսինը կամ նրանց լիազորված անձն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միակողմանի լուծելու անուիտետի պայմանագիրը` ապահովագրական ընկերությունից պահանջելով վճարելու մնացորդային գումարը և պատճառած վնասները:
- Ծրագրային վճար
Ծրագրային վճարը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի մասնակի մարումների հաշվին ամսական կտրվածքով վճարվող կենսաթոշակ է՝ բաշխված ըստ կյանքի սպասվող տևողության ամիսների:
Ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարման կարգը սահմանում է ԱՀ կառավարությունը:
40. Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները
Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ՝ անկախ տարիքից և այն հանգամանքից, թե նա կուտակային և բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե՝ ոչ:
Կատարելով կամավոր կենսաթոշակային վճարներ՝ անձը կարող է ձեռք բերել լրացուցիչ կենսաթոշակ ստանալու իրավունք: Անձի օգտին կամավոր կենսաթոշակային վճար կարող են կատարել նաև նրա գործատուները՝ այդ նպատակով միանալով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի որևէ կենսաթոշակային սխեմայի: Կամավոր կենսաթոշակի վճարի չափը կսահմանվի կողմերի՝ կամավոր կենսաթոշակային վճար կատարողի և կամավոր սխեմա առաջարկող ֆինանսական կազմակերպության, փոխադարձ համաձայնությամբ:
- Կամավոր կենսաթոշակային սխեման
Կամավոր կենսաթոշակային սխեմաները լինում են հետևյալ տեսակների.
1) սահմանված կենսաթոշակներ.
2) կուտակային կենսաթոշակային ավանդներ.
3) սահմանված կենսաթոշակային վճարներ:
- Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ բողոքների լուծման կարգը
Մասնակցի կամ շահառուի կողմից կենսաթոշակային հաշվի վերաբերյալ ցանկացած բողոք կամ հարցում գրավոր ներկայացվում է հարկային մարմին, որը բողոքը կամ հարցումը քննում է առավելագույնը 30 օրվա ընթացքում և մասնակցին կամ շահագրգիռ անձին գրավոր հայտնում է իր որոշման և որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումների մասին, կամ հարցումը (բողոքը) ստանալու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղղում է իրավասու մարմնին: