Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ
Զբաղվածության, աշխատանքային օրենսդրությունների կարգավորումների վերաբերյալ
Հարց 1. Ովքե՞ր են համարվում գործազուրկ:
Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրող և զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ:
(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, 3-րդ ենթակետ)
Հարց 2. Ովքե՞ր են համարվում աշխատանք փնտրող:
ԼՂՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած՝ 16 տարին լրացած այն գործունակ անձինք, ովքեր անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են լիազորված մարմին:
(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետ)
Հարց 3. Ովքե՞ր ունեն զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անվճար մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկվելու իրավունք:
Գործազուրկները:
(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետ)
Հարց 4. Ինչպիսի՞ տեղեկություններ կարող են տալ գործատուները աշխատանքի և զբաղվածության գործակալությանը:
Իրենց մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ:
(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ կետի 2-ին ենթակետ)
Հարց 5. Ո՞վ է սահմանում լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը:
ԼՂՀ կառավարությունը:
(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետ)
Հարց 6. Լիազորված մարմնի կողմից ե՞րբ է տրվում գործազուրկի կարգավիճակ:
Անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(<< Զբաղվածության մասին>> ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետ)
Հարց 7. Ի՞նչ ժամկետով է հարմար աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում փոխհատուցում:
Վեց ամիս ժամկետով:
(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 6-րդ հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ)
Հարց 8. Հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար մինչև վեց օրացույցային ամիս ժամկետով ի՞նչ չափով է աշխատավարձի փոխհատուցում տրամադրվում:
Նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով:
(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 6-րդ հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետ)
Հարց 9. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռք բերման համար գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը մեկ անձի համար ինչքա՞ն է կազմում:
Երկու հարյուր հազար ՀՀ դրամ:
(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 11-րդ հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետ)
Հարց 10. Քանի՞ ամիս է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը:
Երեք ամիս:
(ԼՂՀ կառավարության 2017թ. ապրիլի 26-ի N285-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետ)
Հարց 11. Ստեփանակերտ քաղաքում աշխատանքի տոնավաճառի անցկացման համար ի՞նչ է անհրաժեշտ:
Առնվազն 15 գործատուի և 50 թափուր աշխատատեղի հայտ:
(ԼՂՀ կառավարության 2014թ. օգոստոսի 5-ի որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետեր)
Հարց 12. Ի՞նչ միջոցների հաշվին է ֆինանսավորվում մասնագիտական ուսուցումը:
Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից՝ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(ԼՂՀ կառավարության 2014թ. ապրիլի 25-ի N261-Ն որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետեր)
Հարց 13. Աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման դեպքում ո՞ր ծախսերն են փոխհատուցվում:
Աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը:
(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663 որոշման 11-րդ հավելվածի 3-րդ կետի 22-րդ ենթակետ)
Հարց 14. Մասնագիտական ուսուցմանը մասնակցող ունկնդրին՝ իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում ի՞նչ ծախսեր են փոխհատուցվում:
Տրանսպորտային ծախսերը:
(ԼՂՀ կառավարության 2014թ. ապրիլի 25-ի N261-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի)
Հարց 15. Հարմար աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար ի±նչ չափով է գործատուին տրվում է փոխհատուցում:
Գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 6-րդ հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ)
Հարց 16. ԼՂՀ շրջաններում աշխատանքի տոնավաճառի անցկացման համար ի՞նչ է անհրաժեշտ:
Առնվազն 5 գործատուի և 20 թափուր աշխատատեղի հայտ:
(ԼՂՀ կառավարության 2014թ. օգոստոսի 5-ի N504-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետեր)
Հարց 17. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկը ի՞նչ ժամկետով և ո՞ր դեպքում կարող է ընդգրկվել:
Առավելագույնը երեք ամիս տևողությամբ, մասնագիտական կրթություն և որոկավորում ստանալուց հետո՝ առավելագույնը հինգ տարվա ընթացքում:
(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 14-ի N663-Ն որոշման 8-րդ հավելվածի 1-ին բաժնի 3-րդ կետ)
Հարց 18. Որքա՞ն է հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման համար տրամադրվող միանվագ փոխհատուցվող գումարի չափը:
Հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման համար տրամադրվող միանվագ փոխհատուցվող գումարը չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար դրամը:
(ԼՂՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 11-ի N663-Ն որոշման, 11-րդ հավելվածի 3-րդ բաժնի 24-րդ կետ)
Հարց 19. Աշխատաժամանակի կրճատ տևողությունը տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար քանի՞ ժամ է սահմանվում:
Շաբաթական մինչև 36 ժամ:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 140 կետ 5)
Հարց 20. Մինչև քանի՞ տարեկան անձանց չի թույլատրվում գիշերային աշխատանքի ներգրավել:
Մինչև տասնութ տարեկան անձանց:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 148 կետ 3)
Հարց 21. Աշխատողը ու՞մ թույլտվությամբ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումը կարող է հանձնարարել գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այլ անձի:
Միայն գործատուի թույլտվությամբ:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 103, կետ 2)
Հարց 22. Քանի՞ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողն իրավունք ունի հետ վերցնել աշխատանքային պայմանագրի լուծման մասին գործատուին ներկայացված իր ծանուցումը:
Այն ներկայացնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 112, կետ 3)
Հարց 23. Ի՞նչ է գործատուն պարտավոր անել վերջնահաշվարկի օրը:
Աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
(<< Աշխատանքային օրենսգիրք>> 130-րդ հոդված, 2-րդ կետ)
Հարց 24. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ օր է կազմում:
20 աշխատանքային օր:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 159, կետ 1)
Հարց 25. Օրենքով սահմանված կարգով՝ աշխատավարձից պահումների և գանձումների ընդհանուր չափը աշխատավարձի մինչև քանի՞ տոկոսը չի կարող գերազանցել:
Աշխատողի մեկ ամսվա աշխատավարձի հիսուն տոկոսը:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 215)
Հարց 26. Մինչև քանի՞ տարեկան աշխատողներին տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում:
Մինչև տասնութ տարեկան աշխատողներին:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 149, կետ 4)
Հարց 27. Ի՞նչ է արգելվում մինչև տասնութ տարեկան աշխատողին:
Միայնակ ուղարկել գործուղման:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 209, կետ 3)
Հարց 28. Ո՞ր ժամանակահատվածը չի ներառվում աշխատաժամանակի մեջ:
Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 138)
Հարց 29. Աշխատանքային պայմանագրի ի՞նչ տեսակներ կան:
Որոշակի և անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր:
(<<Աշխատանքային օրենսգիրք>> հոդված 17)