Ավանեսյան Սամվել

Ավանեսյան Սամվել Արպատի

Ծնվել է 1971թ. մայիսի 19-ին, ք.Երևանում: 1994թթ. ավարտել  է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 08.1998թ.-10.1998թ. աշխատել է  ԼՂՀ <<Արցախբանկ>> ՓԲԸ-ում՝ վերահսկողության, վերստուգման, հաշվետվությունների և վերլուծության բաժնում որպես բաժնի պետ: 10.1998թ.-07.2001թ. աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանում որպես ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ: 07.2001թ.-09.2001թ.՝ ԼՂՀ <<Արցախբանկ>> ՓԲԸ վարչության նախագահի օպերատիվ հարցերով օգնական: 09.2001թ.-08.2003թ. աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանում որպես  ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ: 02.2004թ.-02.2006թ.՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայություն խորհրդի անդամ: 02.2006թ.-10.2007թ.՝ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ: 10.2007թ.-04.2013թ.՝ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ <<Ստեփանակերտ>> մասնաճյուղի կառավարիչ: 

 2013-2020թթ. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

2013 թվականից ԼՂՀ սոցիալական պաշտպանության ոլորտում սկիզբ են առնում  բարեփոխումների իրականացման նախապատրաստական աշխատանքները, ինչի կապակցությամբ կառուցվածքային փոփոխություններ են կատարվում նախարարության համակարգում։ Կենսաթոշակային ապահովության համակարգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ բնակչության իրազեկման   նպատակով ստեղծվում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը:  Ստեղծվում է իրավաբանական բաժինը, միավորվում են սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժինը, աշխատանքի և զբաղվածության բաժինը վերակազմավորվում է գործակալության, կենսաթոշակային ապահովության վարչությունը՝ սոցիալական ապահովության պետական գործակալության՝ իր իրավասության տակ առնելով սոցիալական ապահովության տարածքային բաժինները։ Նախարարության կառուցվածքում ստեղծվում է տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը, ընտանիքների կարիքավորության գնահատման բաժինը:

2015թ. նախարարությունում մշակվում է ԼՂՀ ընտանիքների կարիքավորության գնահատման ,,Արցախ,, համակարգը, որի ներդրման աշխատանքները սկսվում են 2016թ. հունվարի 1-ից՝ ԼՂՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 2-ի թիվ 721-Ն որոշման համաձայն, որի հիմնական նպատակներից մեկն է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության և սոցիալական աջակցության տրամադրման թափանցիկության ու հասցեականության բարձրացումն ու սոցիալական պաշտպանությանն ուղղվող պետական միջոցների արդյունավետ օգտագործման ապահովումը։

Ավելանում է վստահությունը համակարգի նկատմամբ որն արտահայտվում է  նախարարություն դիմող քաղաքացիների թվաքանակի աճով: Եթե նախարարության ստեղծման առաջին տարում դիմել էր ընդամենը 28 հոգի, ապա այսօր այդ թիվն անցնում է 6000-ից։

Կատարվում են բարեփոխումներ նաև օրենսդրական դաշտում. փոփոխությունների են ենթարկվում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցապահովության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքները, բնակչության զբաղվածությանը, երիտասարդ ընտանիքներին աջակցության ցուցաբերման, պետական պաշտոններ զբաղեցրած անձանց երաշխիքների տրամադրման բնագավառները։

2014-2015թթ. Աշխատանքի և զբաղվածության գործակալության կողմից աշխատանքի է տեղավորվում 124 հոգի, ինչին խթանում է նաև 2014թ. հոկտեմբերին կազմակերպված աշխատանքի տոնավաճառը։

2015թ. նախարարության միջնորդությամբ Երևանում կատարվում է 10 հաշմանդամի աչքի պրոթեզավորում։ 59 հաշմանդամի հատկացվում են թիկնասայլակներ, լսողական խանգարումներ ունեցող 153 քաղաքացու՝ լսողական սարքեր, Արցախյան պատերազի 1-ին խմբի 23 հաշմանդամ ուղեգրվում է ՌԴ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սակի քաղաքի՝ ողնաշարային հիվանդների համար մասնագիտացված Ն.Ն.Բուրդենկոյի անվան առողջարան, ուղեղային կաթվածով տառապող 15 հաշմանդամ երեխաներ իրենց ծնողների հետ բուժում են ստանում ՀՀ մոր և մանկան «Արարատ» առողջարանում։

Նախարարությունում լուրջ ուշադրություն է դարձվում  տեղեկատվական էլեկտրոնային համակարգերի շահագործմանը: Մեկը մյուսի հետևից իրականացվում էին այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ զբաղվածության բնագավառում՝ «Գործ», կենսաթոշակայինում՝ «Էլեկտրոնային կենսաթոշակ», հաշմանդամների՝ «Փյունիկ», կադրային՝ «Անձնակազմի կառավարում», պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման բնագավառում՝ «Նպաստ», հաշվապահությունում՝ «Հաշվապահ-6» և այլ համակարգչային ծրագրեր։

2015թ. ԼՂՀ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունների համագործակցության շրջանակներում ստեղծվում է ԼՂՀ  սոցիալ-ժողովրդագրական ատլասը, որում  գնահատվում է ժողովրդագրական և սոցիալական պաշտպանության տարածաշրջանային զարգացումների դինամիկան, ինչպես նաև ապահովվում օգտագործողների լայն շրջանակների համար սոցիալական պաշտպանության ոլորտներում իրավիճակի տեսանելիությունը, նաև տեղեկատվության մատուցման ժամանակակից բարձր մակարդակ։

2015թ. հուլիսից «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ կազմի մեջ մտնող միայնակ տարեցների սպասարկման բաժինը սպասարկման կենտրոնի կարգավիճակով մտնում է նախարարության կազմի մեջ: Ներկայումս այդ կենտրոնն իր  19 սոցիալական աշխատողներով սպասարկում է 183 միայնակ տարեցների և հաշմանդամների։

ԼՂՀ կառավարության 2015թ. փետրվարի 24-ի թիվ 85-Ն որոշմամբ ստեղծվում է  «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամը», որի նպատակներն են  հանրապետության շրջանների առանձին բնակավայրերի զարգացման ծրագրերի մշակումը, իրականացումն ու օժանդակությունը, կարիքավոր ընտանիքներին աջակցության ցուցաբերումը։ Այս ամենը վկայում է, որ շարունակվում են նախարարության ուշադրության կենտրոնում մնալ մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումը։

Միջոցներ են ձեռնարկվում հանրապետությունում բնակչությանը մեկ պատուհանից համալիր սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի ստեղծման համար, որի առաջին փորձնական ներդրումը կիրականացվի 2016-2017թթ.:

Նախարարությունում նկատելի  քայլեր են կատարվում իրականացվող սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետությունը, բնակչությանը մատուցվող սոցիալական որակյալ ծառայությունների մատչելիությունը սոցիալական մոնիթորինգի համակարգի ներդրման միջոցով գնահատելու ուղղությամբ: