Լավ մարդու, լավ ընկերոջ պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում
12.09.2017

          2017թ, սեպտեմբերի 11-ին կյանքից վաղաժամ հեռացավ ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Լևոնի Ղուլյանը:

            Լենստոն Լևոնի Ղուլյանը ծնվել է 1953թ. մայիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքում: 1970թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, աշխատանքի է անցել ԼՂԻՄ միջշրջանային պետական դեղագործական վարչությունում: 1971թ. ընդունվել և 1976թ. ավարտել է Խարկովի կոմունալ շինարարական ինժեներական ինստիտուտը և ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում: 1976-1977թթ. աշխատել է «Խարկովգազ» շինվերանորոգման վարչությունում որպես վարպետ: 1977-1978թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Վերադառնալով ծառայությունից 1978-1980թթ. աշխատանքի է անցել Ստեփանակերտի տնտեսական շինարարության վարչությունում որպես ինժեներ-տնտեսագետ:

1980-1992թթ. աշխատել է ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայում, նախ որպես հրահանգիչ, այնուհետև բաժնի պետ:

            1992-1997թթ. աշխատել է ԼՂՀ բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչության պետի պաշտոնում: 1997-1998թթ. զբաղեցրել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության բռնագաղթած քաղաքացիների և մարդասիրական օգնության հարցերի վարչության պետի պաշտոնը:

            1998թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով Լենստոն Լևոնի Ղուլյանը նշանակվել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար և պաշտոնավարել շուրջ յոթ ու կես տարի:

            2006թ. նա նշանակվել է ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար, իսկ 2007թ. հոկտեմբերին` ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 1-ին տեղակալ:

Որտեղ էլ, որ աշխատել է Լենստոն Ղուլյանը, պատասխանատվության մեծ զգացումը, բարեխղճությունը, սկսած գործը մինչև վերջ հասցնելու, իմացածը երիտասարդ աշխատողներին փոխանցելու պատրաստակամությունը չի լքել նրան։

Նրա աշխատանքը միշտ էլ բարձր է գնահատվել թե Հանրապետության ղեկավարության, և թե կոլեկտիվի կողմից:

ԼՂՀ նախագահի հրամանագրերով Լենստոն Ղուլյանը պարգևատրվել է <<Երախտագիտություն>> և <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալներով:

            Լավ մարդու, լավ ընկերոջ պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: