Կոլեգիայի հերթական նիստը
31.03.2017

    2017թ. մարտի 29-ին տեղի ունեցավ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կոլեգիայի հերթական նիստը։ Քննարկվեց նախարարության աշխատակազմի սոցիալական մոնիթորինգի և ժողովրդագրական քաղաքականության վարչության կատարած ուսումնասիրությունների արդյունքները, «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի 2016թ. հաշվետվությունը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի 2017թ. համագործակցության ծրագիրը և Արցախի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները։

    Վերջում կոլեգիայի արդյունքներն ամփոփեց նախարար Ս.Ավանեսյանը։

 Խոսելով «Սոցիալական մոնիթորինգի և ժողովրդագրական քաղաքականության» վարչության 2016թ. կատարած ուսումնասիրությունների դրական տեղաշարժի մասին, նա միաժամանակ նշեց այն թերությունները, որոնց բացթողումից տուժում է կատարված աշխատանքի որակը։

  Նա առաջարկեց աշխատակազմի տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժնին լոկալ ցանցով բացել հայտարարությունների պատուհան, տեղադրել վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, նախարարության ստորաբաժանումներին ու սոցիալական ապահովության տարածքային բաժիններին դիտարկումների ժամանակ վեր հանած թերությունների մասին իրազեկելու նպատակով։ «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի կողմից կատարված աշխատանքը բավարար գնահատելով, նախարար Ս.Ավանեսյանը առաջարկեց դիտարկումներ անցկացնել նաև հիմնադրամում, մասնավորապես՝ գործավարության կազմակերպման, պետության կողմից հիմնադրամին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությամբ։ Այնուհետև հավանություն տալով հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններին, նշեց, որ այն մոտ ժամանակներս կներկայացվի հանրապետության ղեկավարությանը։

   Վերոնշված հարցերի հետ միասին քննարկվեց նաև այլ ընթացիկ հարցեր։