ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանի ուղերձը հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
03.12.2015

 ԼՂՀ   աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանի ուղերձը

հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

 

Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից 1992թ. ընդունվել է հաշմանդամ անձանց իրավունքների մասին կոնվենցիան և դեկտեմբերի 3-ը հատկանշվել որպես հաշմանդամների իրավունքների պաշտպանության օր:

Օրվա առանձնանշումը մարդկությանը հասցեագրված հանձնարարական է, որի կատարումը պիտի լինի յուրաքանչյուր հասարակության արժանապատվության խնդիրը:

ԼՂՀ սոցիալական պաշտպանության ռազմավարության հիմքում այդ խնդիրը մեծապես կարևորվում է և գործող օրենսդրությունն էլ վկայում է սոցիալական այդ խմբի նկատմամբ դրսևորվող առանձնակի ուշադրության մասին:

Ես վստահ եմ, որ այսօր մենք հասարակական հանդուրժողականության, բարեգթության և հարգանքի հայցման խնդիր չունենք: Պաշտպանված են Ձեր իրավունքները, Ձեզանով են խորհրդանշվում տոկունությունն ու կենսասիրությունը:

Ցավով պետք է նշել, որ մեր ժողովրդին պարտադրված դաժան պատերազմի հետևանքով հանրապետությունում աճել է հաշմանդամների թիվը, ովքեր վտանգելով իրենց առողջությունը, խաղաղություն և անդորր ապահովեցին Արցախում:

ԼՂՀ կառավարությունը, ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, շարունակում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության, նրանց հասարակությանն ինտեգրելու և մի շարք այլ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Սիրելի հայրենակիցներ: Մաղթում եմ Ձեզ ոգու արիություն, առողջություն և արժանապատիվ կյանք բոլորիս պաշտպանած հայրենիքում:

Եղեք առողջ և Ձեր ոգով մեզ միշտ սատար: