ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

 

         20-րդ դարի վերջին տեղի ունեցած խորհրդային կարգերի փլուզումը Միության մեջ մտնող բոլոր երկրներին զարգացման նոր` բավականին ցածր հարթակի վրա կանգնեցրեց: Արցախյան պատերազմը, արտահոսքը, տնտեսական շրջափակումը արմատապես փոխեցին Արցախի հասարակական կյանքը և ժողովրդագրական իրավիճակը, ինչը նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայանալու համար դժվար պայմաններ ստեղծեց: Տնտեսությունը սկզբունքորեն նոր զարգացման ուղի սկսեց ապրել: Փոխվեցին հասարակական բոլոր հարաբերությունները, բարդացավ հանրապետության սոցիալական իրավիճակը: Պետությունն ու հասարակությունը ծանր կացության մեջ ընկան:
          Ողջ պատերազմի ընթացքում Արցախի բնակչության մի մասը ստիպված տեղահանվեց: Մարդիկ իրենց ընտանիքներով գաղթում էին հանրապետության այլ բնակավայրեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն և արտերկիր: Այս ամենի ընթացքում ժողովուրդը կորցրեց իր ունեցվածքի մեծ մասը: Տեղահանվածների մի մասն այլևս չվերադարձավ հայրենիք: Այս իրադարձությունները զուգորդվեցին Ադրբեջանի Հանրապետությունից մազապուրծ և թալանված փախստականներ ընդունելու խնդրով և երկիրը կանգնեց նրանց ապրելու նոր հնարավորություն տալու փաստի առջև, ինչը, իհարկե, մեծ ծախսեր էր պահանջում երկրի համար դժվար, օրհասական պահին:
          1991-1994թթ-ին հազարավոր մարդկային կորուստներ եղան, որոնց գերակշիռ մասը աշխատունակ տարիքի տղամարդիկ էին: Ի դեմս նրանց` հասարակությունը կորցրեց և՜ սերնդատուներ, և՜ աշխատուժ: Այլ խոսքով` նշանակալիորեն փոխվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը, ինչը մեր պետության և ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է:
        Հետպատերազմյան տարիներին պետությունն իր վարած քաղաքականությամբ ուղղորդեց տնտեսության վերականգնումը: Այժմ տնտեսության կայուն աճ և մարդկանց կենսամակարդակի բարձրացում ապահովելու համար անհրաժեշտ է հանրապետությունում վարել ժողովրդագրական նոր քաղաքականություն:                                                        
        Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը երկրի Նախագահի և կառավարության կողմից հայտարարվել է պետական քաղաքականության գերակայություն և ազգային-պետական անվտանգության ապահովման կարևորագույն տարր, իսկ ընտանիքը` պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ:
        ժողովրդագրության ոլորտում գործողությունները համալիր իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով 2010 թվականի հունվարի 26-ի N21-Ն որոշմամբ ԼՂՀ կառավարությունը հաստատել է “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը”, որը տալիս է Արցախի ժողովրդագրական իրավիճակի համառոտ նկարագիրը, ներկայացնում է ժողովրդագրական այն մարտահրավերները և հիմնախնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր պետության առջև և տալիս է այն ուղիներն ու եղանակները, որոնք բարերար ազդեցություն կունենան ժողովրդագրական կայուն զարգացում ապահովող գործընթացի վրա: ԼՂՀ կառավարությունը 2010 թվականի ապրիլի 16-ի N196-Ն որոշմամբ հաստատել է նաև ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2010-2012 թվականների միջոցառումների ծրագիրը:

    Արցախի հանրապետությունում պարբերաբար իրականացվում է հասարակության, ընտանիքի, անհատի ուսումնասիրություն, որը հնարավորություն է տալիս գնահատել ներկա ժողովրդագրական իրավիճակը և բացահայտել նրա վրա ազդող գործոնները: