ԾՐԱԳՐԵՐ

 

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

           Ժողովրդագրական քաղաքականությունը պետական մարմինների և սոցիալական այլ ինստիտուտների նպատակամղված գործունեությունն է բնակչության վերարտադրության գործընթացները կարգավորելու ոլորտում: Այն կոչված է ձևավորելու բնակչության վերարտադրության, նրա թվաքանակի ու կառուցվածքի և դրանց փոփոխման ընթացքի, ծնելիության, մահացության, ընտանեկան կազմի, միգրացիայի շարժի ոլորտներում առկա միտումները կարգավորող ու բարեփոխող` նպատակների, տեսակետների, սկզբունքների և գերակայությունների համակարգ: 
            Ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը ԼՂՀ Նախագահի և կառավարության կողմից  հայտարարվել էր պետական քաղաքականության գերակայություն և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն տարր, շարունակում է մնալ նաև ԼՂՀ
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության առանցքում:
              Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ժողովրդագրական քաղաքականության խնդիրներն են`
 բնակչություն թվաքանակի աճի ապահովումը,
• ծնելիության աճի ապահովումը,
• մահացության նվազեցումը,
• բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավումը,
• բնակչության ծերացման երևույթի հաղթահարումը,
• միգրացիոն գործընթացների պետական կարգավորումը:
           Մշակվել է ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը:…. Այն իշխանության պետական և համայնքային մարմինների հիմնարար փաստաթուղթը կդառնա` ծնելիությանը, առողջությանը, կրթությանը, միգրացիային և ժողովրդագրական զարգացման այլ ուղղություններին վերաբերող խնդիրները լուծելիս:
              Ժողովրդագրական քաղաքականության ճիշտ ռազմավարություն կազմելու համար անհրաժեշտ է կատարել հասարակության, ընտանիքի, անհատի խորն ուսումնասիրություններ, ելնելով պատմական փաստերից, ավանդույթներից ու սովորույթներից, մեր ժողովրդի մտածելակերպից, անհրաժեշտ է տալ ժողովրդագրական իրավիճակի ճիշտ գնահատական, բացահայտել նրա վրա ազդող գործոնները:
              Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացնել ԼՂՀ բնակչության հետազոտություն և ներդնել ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական համակարգ: Ժողովրդագրական տեղեկատվության ամբողջական ընդգրկունությունն ապահովելու նպատակով կմշակվի “Բնակչության վարչական ռեգիստրի մասին” օրենքը:
             Մշակվել է  ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:
           
Որպես պետության կողմից որդեգրված` ժողովրդագրական իրավիճակի բարելավման համալիր ծրագրերի անբաժանելի և կարևորագույն բաղադրիչ է դիտարկվում հանրապետությունում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը: Մասնավորապես,աշխատանքներ են տարվում Արցախ վերադառնալու ցանկություն հայտնած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, նրանց բնակտարածքով ապահովման աշխատանքների արդյունավետության բարձրացման, զբաղվածության և մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Անելիքներն այս ոլորտում բավական շատ են և պահանջում են բոլոր շահագրգիռ կառույցների (այդ թվում` ոչ միայն հանրապետության ներսում գործող) համալիր աշխատանք: Նախատեսվում է գործող իրավական դաշտի վերանայում:
              Ակնկալում ենք, որ, ի դեմս հայրենադարձների, կունենանք ոչ թե սոցիալապես անապահով խավ, այլ տնտեսական ներուժ: