ԾՐԱԳՐԵՐ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 

     Հանրապետությունում   գործող   սոցիալական   ապահովության  ամենածավալուն  համակարգը պետական կենսաթոշակների համակարգն է։
    “Պետական կենսաթոշակների մասին” ԼՂՀ օրենքով սահմանվում են կենսաթոշակի երեք տեսակ` աշխատանքային, սոցիալական և զինվորական, որոնք իրենց հերթին ներառում են.
     աշխատանքային կենսաթոշակները` տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում և մասնակի կենսաթոշակները,
         սոցիալական կենսաթոշակները`  ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները,
 զինվորական կենսաթոշակները` երկարամյա ծառայության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները։
         Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
         Կ = Հ + (Ս x Ա) x Գ, որտեղ՝
         Կ - ն կենսաթոշակի ամսական գումարն է,
         Հ - ն՝ հիմնական կենսաթոշակի չափը,
         Ս - ն՝ աշխատանքային ստաժի տարիները,
         Ա - ն՝ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
         Գ - ն՝ կենսաթոշակառուի անձնական գործակիցը, որի բանաձևերն են՝
         ա) մինչև 25 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ = 0,04 x Ս,
         բ) 25 տարուց ավելի ստաժի առկայության դեպքում` Գ = 1+ 0,02 x (Ս - 25):
      2012թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը կազմում է 13000 դրամ, իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` 450 դրամ։
         Ծերության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի 100 %-ի չափով։
         Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է.
         ա) 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխայի համար` հիմնական կենսաթոշակի 140 %-ի չափով,
         բ) 2-րդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 120 %-ի չափով,
         գ) 3-րդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 100 %-ի չափով։
       Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափով, իսկ երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար` հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով։
        Զինվորական կենսաթոշակները հաշվարկվում են զինծառայողների դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարներից, իսկ պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի ծառայողների կենսաթոշակները` հիմնական կենսաթոշակից։

   2008թ. հունվարից հանրապետությունում սկսվել է ներդնվել անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը, որի էությունը կենսաթոշակային ապահովագրության համակարգում յուրաքանչյուր ապահովագրված քաղաքացու համար նրա ստաժի, աշխատավարձի և կատարված հատկացումների վերաբերյալ տվյալներ պարունակող անձնական հաշվի ներդրումն է, որը վարվում է մարդու ամբողջ ակտիվ աշխատանքային գործունեության ընթացքում և հանդիսանում նրա կենսաթոշակային իրավունքի երաշխիքը։
     Ապահովագրական դեպքի վրա հասնելու ժամանակ անձին կնշանակվի կենսաթոշակ` անհատական հաշվում պահպանվող տվյալների հիման վրա։
      Ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովությունը հանդիսանում է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը: 2012թ. հունվարից` նշված ապահովության հետ կապված  իրավահարաբերությունները կարգավորվում են “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ԼՂՀ օրենքով, որը համահունչ է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ոլորտի զարգացման միտումներին:
       Օրենքով ժամանակավոր անաշախատունակության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք է վերապահվում`
     ա) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձանց, այսինքն` վարձու աշխատողներին,
       բ) ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց, այսինքն` անհատ ձեռնարկատերերին։
       Օրենքով սահմանվում են նպաստների հետևյալ տեսակները.
     ա) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ, որը տրվում է վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին,
     բ) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ, որը տրվում է վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին,
     գ) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ, որը տրվում է միայն վարձու աշխատողներին,
      դ) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ, որը տրվում է վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին,
       ե) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում տրվող նպաստ, որը տրվում է վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

    Հանրապետության սոցիալական ապահովության համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում կարևորվում է առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, որը ենթադրում է պետության կողմից սոցիալական, հարկային, ֆինանսական բնագավառներում որոշակի քայլերի իրականացում, մասնավորապես` արդի տեղեկատվական տեխնոլոգիաների, այսինքն` համակարգչավորված տեղեկատվական համակարգերի և անձին նույնականացնելու անփոփոխ, եզակի ու միասնական միջոցի կիրառում:
       Այդ միջոցը սոցիալական ապահովության քարտերի համակարգն է, որի կիրառմամբ ակնկալվում է.

  • պարզեցնել կենսաթոշակների, նպաստների և այլ հատուցումների համար դիմելու ձևը,
  • մեծացնել իրականացվող սոցիալական ծրագրերի հասցեականությունը, դրանք ուղղել առավել կարիքավոր ընտանիքներին,
  • արագ, առանց քաշքշուկի` ստուգել տարբեր սոցիալական հատուցումների համար տրվող դիմումներում նշված տեղեկատվությունը,
  • աշխատողների համար գրանցել ստաժը, աշխատավարձը, կատարված սոցիալական վճարները` կենսաթոշակի չափը հետագայում դրանցով պայմանավորվելու համար,
  • հսկել գործատուի կողմից սոցիալական վճարներ կատարելը, ինչը կենսաթոշակները պարբերաբար բարձրացնելու հիմքն է,
  • պարզեցնել, արագացնել հարկահավաքումը, ստվերային տնտեսության հաշվին մեծացնել բյուջետային եկամուտները և այլն: