ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 

 

 

           Զբաղվածության բնագավառ
     Զբաղվածության բնագավառի պրոբլեմներից է կենտրոնացված կառավարման համակարգի բացակայությունը, զբաղվածության տարածքային մարմինների ֆունկցիաներն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով` վերջիններիս կազմում սոցծառայության բաժինների, գործակալությունների կարգավիճակով: Ցածր մակարդակի վրա է նաև անհրաժեշտ տեղեկատվության (համակարգչային) բազան` ինչը դժվարացնում է օպերատիվ կառավարումը և կանխատեսումներ իրականացնելը:
       2007 թվականի համեմատ 2008 թվականին զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանն ուղված ֆինանսական միջոցները ավելացել են մոտ 44%-ով: Հասարակական իրազեկվածության և զբաղվածության տարածքային մարմինների (սոցիալական ծառայություններ տրամադրող) հետ աշխատանք փնտրողների մշտական փոխգործակցության ցածր մակարդակը հանգեցնում է զբաղվածության ծրագրերում ընդգրկվածների թվի նվազմանը: Հրատապ է մնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատաշուկայի խորքային ուսումնասիրության խնդիրը, ինչն անհրաժեշտ է աշխատաշուկայի արդյունավետ պետական կարգավորման համար:


       Զբաղվածության բնագավառի զարգացման համար շարունակում են հիմնախնդիրներ հանդիսանալ`

  • թաքնված զբաղվածության բացահայտումը և աշխատաշուկայի ուսումնասիրությունների միջոցով իրական գործազրկության մակարդակի ճշտումը.
  • սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում հաշվառված` աշխատանք փնտրող անձանց աշխատաշուկայում մրցունակ դարձնելը և գործատուի պահանջարկի ապահովումը.
  • երկարատև գործազուրկների ընդգրկումը ծրագրերում, աշխատաշուկայում մրցունակության բարձրացումը և զբաղվածության ապահովումը.
  • սոցիալական գործընկերության ընդլայնումը` գործատուների հետ համագործակցության արդյունքում թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունների հավաքագրման հնարավորությունների ընդլայնումը:


         Աշխատանքի կարգավորման բնագավառ
        Աշխատանքի պետական կարգավորմանը նպատակաուղղված քաղաքականությունը նպաստում է աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և աշխատանքի որակի բարելավմանը: Աշխատանքի խթանման համար առանձնահատուկ նշանակություն ունի աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովումը, սոցիալական գործընկերության զարգացումը, աշխատանքի բնագավառում օրենսդրության կիրառումը, աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի` աշխատանքի պետական տեսչության գործունեության կատարելագործումը: Աշխատանքի ոլորտում բարեփոխումների իրականացումը կնպաստի պետության դերի բարձրացմանը, գործարարության ընդլայնմանը, ինչպես նաև ներդրումային իրավիճակի զարգացմանն ու խորացմանը: Հանրապետությունում լիարժեք չի կայացել սոցիալական գործընկերության համակարգը, բացակայում է եռակողմ բանակցությունների վարման օրենսդրական մեխանիզմների կանոնակարգումը, ոչ լիարժեք են ներդրված աշխատողների անվտանգության և առողջության պահպանության նորմերը և նորմատիվները:


          Աշխատավարձի կարգավորման բնագավառ
         Ներկայումս գոյություն ունեն լուծման ենթակա խնդիրներ, որոնք առնչվում են աշխատողների աշխատավարձի մակարդակի, նյութական խրախուսման, սոցիալական պաշտպանվածության համակարգերի անհամապատասխանությանը նրանց ունեցած լիազորություններին և պարտականություններին:
      Աշխատավարձի պետական կարգավորման քաղաքականությունը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Աշխատանքի վարձատրության մակարդակի, վարձատրության մեխանիզմների, կառուցվածքի և աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումների ու հավելավճարների համակարգերի ռազմավարական որոշումները համապատասխանում են վարձատրության միջազգային մոտեցումներին և ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին:
       Վերջին տարիների ընթացքում իրականացվել են մի շարք տնտեսական և օրենսդրական բարեփոխումներ:Աշխատավարձի քաղաքականությունը նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածների աշխատանքի վարձատրության մակարդակների միջև առկա տարբերության կրճատմանը, որը կարելի է իրականացնել փուլային տարբերակով` հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները:Նշված հիմնախնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է ընդունել մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնք կնպաստեն վարձատրության համակարգի բարելավմանը: 2005 թվականին հունվարի 1-ից հանրապետությունում նվազագույն աշխատավարձը սահմանվել է 15000 դրամ` աճելով նախկին 10000 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ 50 տոկոսով, 2006 թվականին նվազագույն ամսական աշխատավարձը մնացել է անփոփոխ, 2007 թվականի հունվարի 1-ից` 20000 դրամ, նախկին 15000 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ 33 տոկոսով աճելով, իսկ 2008 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 25000 դրամ` աճելով նախկին 20000 դրամի նկատմամբ 25 տոկոսով: 2009թ. հունվարի 1-ից այն կազմում է 30 000 դրամ: Սակայն սահմանված 30000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում էլ խնդիր է հանդիսանում այն, որ գործող նվազագույն ամսական աշխատավարձը չի կատարում իր սոցիալական, վերարտադրողական և կարգավորիչ գործառույթները և այն պետք է հանդիսանա պետության եկամտային քաղաքականության գործիք, որն էլ կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
          Համակարգին բնորոշ հիմնախնդիրներից է այն հանգամանքը, որ աշխատաշուկայում ձևավորված աշխատուժի գինը (աշխատավարձը) ցածր է նրա արժեքից և այն չի ապահովում աշխատողի նվազագույն կենսապայմանները: Աշխատուժի գնի մակարդակի վրա ազդելու պետության հիմնական գործիքը՝ նվազագույն աշխատավարձը, շարունակում է մնալ ցածր (01.01.2009թ-ից` 30 000 դրամ) և չի կատարում սոցիալական երաշխիքի իր գործառույթը: Ըստ էության, ցածր աշխատավարձը ձևավորում է “էժան” աշխատուժ, որը խոչընդոտում է կառավարման ոլորտի բարեփոխումներին:
Հանրապետությունում դեռևս սահմանված չէ կենսապահովման նվազագույն բյուջեի չափը, և տնտեսության որոշ ոլորտներում առկա աշխատավարձերի չափերը կապ չունեն ոչ աշխատուժի արժեքի, ոչ էլ աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերի հետ:
         Աշխատանքի արդարացի վարձատրության խնդիրը առկա է նաև պետական հատվածում: Հանրային ծառայության մաս կազմող պետական առանձին ծառայություններում համանման պաշտոնների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերը զգալիորեն տարբերվում են, որը այդ ծառայություններում բազային աշխատավարձերի չափերի տարբերակվածության հետևանք է: Հանրային ծառայության համակարգում դեռևս գոյություն չունի վարձատրության արդյունավետ գործող համակարգ, որը կխրախուսի աշխատողներին բարձրացնելու իրենց որակավորումը, աշխատելու կարողությունների ամբողջ չափով` իրացնելով սեփական հնարավորությունները:
        Չնայած 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը սահմանվել է 40000 դրամ, սակայն աշխատավարձի գոյություն ունեցող չափը միայն համակարգի բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնողներին է հնարավորություն ընձեռում հոգալ մեկ անձի վերարտադրության համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը: