Արկադի Իվանի Սողոմոնյան

Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 24-ին, ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ղզղալա (Բերդաշեն) գյուղում, ծառայողի ընտանիքում:

Միջնակարգ դպրոցը ավարտել է ոսկե մեդալով և ընդունվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը:
1985թ. գերազանցությամբ ավարտել է ԲՈՒՀ-ը, եղել է անվանական Լենինյան կրթաթոշակառու:
1986-1990թթ. սովորել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում` «Պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ:
1987թ.-ին էքստեռն կարգով գերազանց հանձնել է բոլոր 3 թեկնածուական մինիմումները:
1985-1991թթ. աշխատել է Բերդաշենի միջնակարգ դպրոցում` որպես ֆիզիկայի ուսուցիչ և հրահանգիչ:
1985-1986թթ. համատեղությամբ դասախոսել է Ստեփանակերտի Պետական մանկավարժական ինստիտուտի «Ընդհանուր տեխնիկական առարկաների» ամբիոնում:
1991թ.-ին դոկտորական մասնագիտացված խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Նրա թեմայի առաջատար գիտական հիմնարկը եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտը (ք. Մոսկվա):
Մասնակցել է համամիութենական և եվրոպական գիտական կոնֆերանսների (ք. Մոսկվա, Լենինգրադ, Պալանգա):
Հեղինակ է 25 գիտական թեզիսների, հոդվածների, այդ թվում 9 ուսումնամեթոդական ձեռնարկների (տպագրված հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով):
1992թ. աշխատանքի է անցել Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, այնուհետև` ԼՂ պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում` որպես ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ:
1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
1992թ. հուլիսին առաջին անգամ փորձարկել է ՀՕՊ C-125 կոմպլեքսը:
1993թ. սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ ՊԲ ՀՕՊ զորքերի վարչության առաջին շտաբի պետ: Պահեստազորի կապիտան է:
1995-2000թթ. եղել է ԼՂՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի (Ազգային ժողովի) պատգամավոր, սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1999թ. ապրիլի 30-ին ընտրվել է Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԱՍԴԿ) նախագահ:
2000-2005թթ. եղել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` սոցիալական ոլորտի մշտական հանձնաժողովի անդամ:
2001թ.-ից որպես դոցենտ աշխատել է ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնում:
2002թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի առաջին նախագահ, միաժամանակ համատեղությամբ 0,5 հաստիքով որպես դոցենտի պաշտոնակատար դասավանդել է Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) մաթեմատիկայի ամբիոնում` մինչև 2004թ-ը:
2005թ. հոկտեմբերի 19-ին  ազատվել է ԼՂՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից` լիազորությունների ավարտման կապակցությամբ:
2005թ. հունվարին հայտարարվել է ԱՍԴԿ-ԱԺԿ (Արցախի ժողովրդավարական կուսակցություն) միաձուլման մասին:
2005թ. հունվարին ԱԺԿ հիմնադիր համագումարում ընտրվել և 2008թ. մայիսին ԱԺԿ  երկրորդ համագումարում վերընտրվել է կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ:
2005-2008թթ. եղել է ԱԺԿ գրասենյակի ղեկավար:
2008թ. մայիսի 7-ին ընտրվել է  ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական համակարգով` Արցախի ժողովրդավարական  կուսակցության ընտրացուցակով, նույն թվականի հունիսից` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2008-2010թթ. եղել է ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
2010թ. հունիսի 10-ին ավարտվել է  նրա պատգամավորական լիազորությունները:
2012թ.-ին եղել է ԼՂՀ նախագահի թեկնածու:
2011-2017թթ. աշխատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես ուսումնագիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, միաժամանակ, որպես դոցենտ, համատեղությամբ 0,5 հաստիքով դասախոսել:
2014թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2015թ.-ի ապրիլի 29-ը՝ որպես տնօրենի տեղակալ, միաժամանակ իրականացրել է ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի   տնօրենի պարտականությունները:
2014թ. հուլիսից համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան գիտակրթական համատեղ լաբորատորիայում, որպես առաջատար գիտաշխատող՝ գիտական խմբի ղեկավար:
2016թ.-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ ֆիզիկա մասնագիտությամբ:
2017թ. դեկտեմբերի 1-ից տեղափոխվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտական առարկաների ամբիոն, որպես դոցենտ 0,5 հաստիքով, մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը:
2019թ. փետրվարի 18-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է  ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝  մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
2020թ. հուլիսի 17-ին ԱՀ նախագահի հրամանագրով վաղաժամկետ դադարեցվել են նրա՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
2020թ. հուլիսի 17-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Ներկայում ավարտական փուլում է դոկտորական ատենախոսությունը:
Ազատ տիրապետում է ռուսերենին և կարդում ու թարգմանում է գերմաներեն:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ և երեք թոռ: