2008 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին հաղորդում

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
2008 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում
իրականացված աշխատանքների մասին
       Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2008 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 19 կազմակերպություններ, որոնցից 6 կազմակերպություններ` երկարաժամկետ ծրագեր, իսկ 13-ը` կարճաժամկետ ծրագրեր: Բարեգործական ծրագրեր են իրականացվել նաև 10 բարերարների կողմից:
Բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամը, ՚Ամերիկայի Հայ Օգնության ֆոնդՙ Հայաստանի մասնաճյուղը, ՚Մանկական հանրապետական հիվանդանոցի հիմնական վերանորոգում և տեխնիկական հագեցումՙ բարեգործական հիմնադրամը և այլ կազմակերպություններ ու բարերարներ:
Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք 2008 թվականի ընթացքում համապատասխան որակում են ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից:

    1. Նորմատիվ իրավական կարգավորում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական բնագավառի համակարգան և բարեգործության կարգավորման իրավական հիմքերը սահմանելու անհրաժեշտությունից ելնելով` 2007 թվականի հուլիսի 21-ին ընդունվել է ՚Բարեգործության մասինՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքը:
2007 թվականի հոկտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության կողմից հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կանոնադրությունը և բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգը (թիվ 467): 2008 թվականին լրացումներ են կատարվել հիշյալ որոշման մեջ, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեով Հայաստանի Հանրապետություն բարեգործության կարգով մուտք գործած ապրանքները ստանալու և այդ գործընթացի մեջ ներառվող գործողություններն իրականացնելու իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը: Հանձնաժողովին թույլատրվել է ունենալ կլոր կնիք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 355 որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կազմը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու, ՚Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա բարեգործՙ, ՚Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա կամավորՙ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր բարեգործՙ, ՚Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կամավորՙ կոչումների շնորհման նպատակով, բարեգործների տրամադրած աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու անհրաժեշտությունից ելնելով, 2008 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվել է ՚Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասինՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թիվ 617 որոշումը:

      2. Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում

2008 թվականի ընթացքում ներմուծվել են 179.0 մլն դրամ արժողությամբ բեռներ, որոնց վերաբերյալ ընդունված են համապատասխան որոշումներ:
Ներմուծված բեռների շուրջ 72.1 %-ը առողջապահության բնագավառի բեռներ են (դեղորայք, բժշկական տարբեր ապրանքներ)` 129.0 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Բեռների 81.3 % ներմուծվել է ԱՄՆ-ից, 7.3%` Գերմանիայից, 4.7%` Արաբական Միացյալ Էմիրություններից, 2.5%` Ռուսաստանի Դաշնությունից, 1.7%` Հոլանդիայից, 1.4%` Իրանից և 1.1 %` Ինդոնեզիայից:
Ներմուծված բեռները հատկացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին` նպատակային օգտագործման համար:
2008 թվականի ընթացքում բարեգործության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված բեռների վերաբերյալ տեղեկություններն ըստ առաքման երկրի և ապրանքային խմբերի ամփոփված են հավելված 1-ում, ըստ կազմակերպությունների և բարերարների` հավելված 2-ում:

          3. Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում

2008 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից ընդունվել է 64 որոշում` մոտ 3915.8 մլն դրամ արժողությամբ, որոնցից 14 որոշում` ապրանքների բաշխման մասին (178.7 մլն դրամ արժողությամբ), 49 որոշում` ծրագրերը բարեգործական որակելու մասին. դպրոցների և մանկապարտեզների կահավորման ծրագրեր, դպրոցաշինության ծրագրեր, ճանապարհաշինության ծրագրեր, ջրամատակարարման ծրագրեր և այլն (մոտ 3737.1 մլն դրամ արժողությամբ) և 1 որոշում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի աշխատանքային խումբ ստեղծելու, աշխատանքային խմբի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

Ըստ բնագավառների որակված բարեգործական ծրագրերը ունեն հետևյալ պատկերը`

սոցիալական                      33.6 %
կրթություն և գիտություն     23.8 %
ճանապարհաշինություն      17.2 %
հոգևոր                               12.6 %
առողջապահություն            5.9 %
ջրամատակարարում           5.4 %
մշակույթ                            1.0 %
այլ                                   0.5 %

Շուրջ 737.8 մլն դրամ արժողությամբ երկու բարեգործական ծրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Նշված ծրագրերի մի մասը շարունակական է, ընդհուպ մինչև 2011 թվականը:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված բարեգործական ծրագրերի շրջանակներում 2008 թվականի ընթացքում կատարվել են 1677.7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքներ (հավելված 3):
Ըստ բնագավառների աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը ունի հետևյալ պատկերը`

ճանապարհաշինություն             39.3 %
կրթություն և գիտություն           28.4 %
առողջապահություն                   14.8%
ջրամատակարարում                7.6 %
հոգևոր                                  5.0 %
մշակույթ                               2.0 %
սոցիալական                          1.5 %
այլ                                      1.5 %

100.0 մլն դրամ աշխատանքները իրականացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Կրթական բնագավառի ծրագրերում զգալի բաժին են կազմել դպրոցների և մանկապարտեզների շինարարության, վերանորոգման և կահավորման հարցերը: Ընդհանրապես, ծրագրային արժեքով դպրոցաշինության ծրագրերը կազմում են 82.8 % (978650.7 հազ. դրամ), մանկապարտեզների շինարարության ծրագրերը` 13.1 % (շուրջ 154986.3 հազ. դրամ),  դպրոցների և մանկապարտեզների կահավորման ծրագրերը` 3.6 % (42861.9 հազ. դրամ): Կատարված աշխատանքներն այդ ծրագրերում ընդհանուր կրթության և գիտության բնագավառում կատարված աշխատանքների նկատմամբ համապատասխանաբար կազմում են 85.8 % (408197.7 հազ. դրամ), 4.1% (19405.3 հազ. դրամ) և 9% (42861.9 հազ. դրամ): Ծրագրերը իրականացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 դպրոցներում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից հաստատված 4967.0 մլն դրամ արժողությամբ 52 բարեգործական ծրագրերից 582.3 մլն դրամ ծրագրային արժեքով 40 ծրագրեր ավարտված են, 4381.6 մլն դրամ ծրագրային արժեքով 11 ծրագրեր ընթացքի մեջ են և 3.1 մլն դրամ ծրագրային արժեքով 1 ծրագիր չի իրականացվել` չֆինանսավորվելու պատճառով:

            4. Կազմակերպական այլ հարցեր

Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը համագործակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, բարեգործության մասնակիցների և տարբեր պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների հետ:
Ծրագրերի շրջանակներում բարեգործներին ցուցաբերվել է խորհրդատվական և գործնական օգնություն:
Հանձնաժողովի գործունեությունը և ծրագրերի ընթացքը պարբերաբար լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներով:
Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և պետական տարածքային մարմինների եզրակացությունների հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
բարեգործական ծրագրերի համակարգման
հանձնաժողովի նախագահ                                                              Ն. ԱՍԾԱՏՐՅԱՆ

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3