ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացվող հարց-պատասխան բաժինը նպատակ ունի կենսաթոշակառուներին, ինչպես նաև կենսաթոշակային համակարգին վճարում կատարող` ապագայում կենսաթոշակառու քաղաքացիների շահերին առնչվող օրենսդրությունը դարձնել ավելի մատչելի, նրանց իրական հնարավորություն ընձեռել` պաշտպանելու իրենց իրավունքները:
Հարց 1. Ովքե՞ր ունեն տարիքային կենսաթոշակի իրավունք:
Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Հարց 2. Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք:
Յուրաքանչյուր անձ՝ ով ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում, սահմանված տարիքից 1 տարի շուտ:
Հարց 3. Թիվ 1 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:
Թիվ 1 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 55 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում, այդ թվում` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը` առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիս աշխատել են առանձնապես վնաuակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել են արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Հարց 4. Թիվ 2 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:
Թիվ 2 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ծանր, վնասակար պայմաններում աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 59 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել են վնասակար, ծանր պայմաններում, այդ թվում՝ մինչև 2014թ. հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել են վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել են արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներ:
Հարց 5. Թիվ 3 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:
Թիվ 3 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 55 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել են արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Հարց 6. Թիվ 4 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:
Թիվ 4 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ծանր, վնասակար պայմաններում աշխատող (աշխատած) այն անձինք, ովքեր դարձել են 59 տարեկան և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից 20 օրացուցային տարին աշխատել են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել են արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Հարց 7. Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:
Մասնակի կենuաթոշակի իրավունք ունեն`
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները՝ 55 տարին լրանալու և առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում,
2) թատերական և թատերահանդեuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները` 50 տարին լրանալու և առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:
Ընդ որում՝ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2004 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Հարց 8. Ե՞րբ պետք է անձը դիմի մասնակի և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար և ի՞նչ ժամանակահատվածի համար են դրանք նշանակվում:
Անձը մասնակի և արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Հարց 9. Այլ ժամանակահատվածներ ևս հաշվառվու՞մ են արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում:
Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը` առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:
Հարց 10. Ովքե՞ր ունեն հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք:
1.Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.
Տարիքային խումբը | Աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով |
մինչև 23 | 2 տարի |
23-ից մինչև 26 | 3 տարի |
26-ից մինչև 29 | 4 տարի |
29-ից մինչև 32 | 5 տարի |
32-ից մինչև 35 | 6 տարի |
35-ից մինչև 38 | 7 տարի |
38-ից մինչև 41 | 8 տարի |
41-ից մինչև 44 | 9 տարի |
44-ից բարձր | 10 տարի |
Հարց 11. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նշանակվում հաշմանդամության կենսաթոշակը:
Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
Հարց 12. Ու՞մ է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը և ո՞ր դեպքերում:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային,
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում,
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում,
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:
Հարց 13. Ո՞վ ունի զինվորական կենսաթոշակի իրավունք:
Զինվորական կենսաթոշակի իրավունք ունի`
1) ԼՂՀ և ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ նաև` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողը.
2) վարժական հավաքների կանչված զինապարտը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարողը:
Հարց 14. Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը:
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակվում է՝
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակվում է համապատասխան մարմիններում, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայությունը կարգավորող oրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձին (այսուհետ` զինծառայող), որը`
1) զինվորական ծառայությունից (այսուհետ նաև` զինծառայություն) սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ.
2) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի և 6 օրացուցային ամիս.
3) հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի և 6 օրացուցային ամիս:
Հարց 15. Ովքե՞ր ունեն հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սահմանել (որոշել) է զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ: Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից:
Հարց 16. Ինչպե՞ս է հաշվարկվում հաշմանդամության զինվորական կենսաթոշակը:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`
1) առաջին խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը.
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը.
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը:
Հարց 17. Ինչպե՞ս է հաշվարկվում կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը:
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝
1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.
2) երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.
3) ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող յուրաքանչյուր մյուս անդամի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:
Հարց 18. Ովքե՞ր ունեն ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք:
Ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք ունի աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:
Հարց 19. Գործազրկութան ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում
Աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանը:
Հարց 20. Երեխային խնամելու ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում
Հաշվառվում է, ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:
Հարց 21. Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար:
Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Այսպես. տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը,
2) անձը հաստատող փաստաթուղթը,
3) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
4) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների և ամիuների,
5) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձևը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների և նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:
Հարց 22. Հնարավոր է արդյո՞ք լիազորագրի հիման վրա նշանակել կենսաթոշակ:
Առաջին խմբի հաշմանդամին, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը լիազորագրի հիման վրա կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այս դեպքում ներկայացվում է նաև այլ անձի անձը հաստատող փաստաթուղթը:
Հարց 23. Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
- անձը չունի կենսաթոշակի իրավունք,
- կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների,հաշվառված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
- ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
Հարց 24. Անչափահասին կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:
Անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ մինչև 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:
Հարց 25. Ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը:
Կենսաթոշակ նշանակվում է`
- կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ,քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից)` եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
- բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից,եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդoրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
- կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում`անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում,
- զինծառայությունից արձակվելու օրվանից,եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդoրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:
Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Հարց 26. Ի՞նչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
- նշանակել կենսաթոշակ,
- նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
- մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը:
Հարց 27. Կենսաթոշակը ե՞րբ է վերահաշվարկվում:
- Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից,
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից,
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից,
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
- Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև`
1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Հարց 28. Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը:
Աշխատանքային ստաժում հաշվարկվում են աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածները:
Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:
Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչև 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
Հարց 29. Պարտադիր զինծառայության ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:
Պարտադիր զինծառայության ժամանակաշրջանն հաշվառվում է աշխատանքային ստաժում և չի հաշվառվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:
Հարց 30. Ո՞ր տարիքից է հաշվարկվում աշխատանքային ստաժը:
Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:
Հարց 31. Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է հաշվարկվում աշխատանքային ստաժը:
Մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթը, 1995 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ստեղծում է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների լիազորած ներկայացուցիչներ:
Հարց 32. Ի՞նչ չափով է վճարվում կենսաթոշակը բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող ծնողազուրկ երեխային:
Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող ծնողազուրկ երեխային վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները մինչև երեխայի չափահաս դառնալը կուտակվում են նրա անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի չափահաս դառնալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում են միանվագ կարգով:
Հարց 33. Ի՞նչ չափով է վճարվում կենսաթոշակը բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին:
Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող` 18 տարին լրացած կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը:
Հարց 34. Որքա՞ն ժամանակ է կենսաթոշակը վճարվում լիազորագրով:
Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:
Հարց 35. Ե՞րբ է դադարեցվում կենսաթոշակ վճարելը:
Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե կենսաթոշակառուն`
ա) մահացել է կամ ճանաչվել անհայտ բացակայող,
բ) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չի ստացել,
գ) կրկին հաշմանդամ չի ճանաչվել հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում,
դ) կորցրել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը և լրացել է նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը),
ե) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում,
զ) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում,
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում,
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում,
թ) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում,
ժ) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում,
ժա) կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, չի ներկայացել բանկ և հայտարարություն ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լինելու մասին,
Ժբ) կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:
Հարց 36. Չստացված կենսաթոշակի գումարները ո՞ր ժամանակահատվածի համար են վճարվում:
Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:
Հարց 37. Ինչպե՞ս է վճարվում կենսաթոշակը, եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը:
Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը և այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:
Հարց 38. Ու՞մ և ի՞նչ կարգով է վճարվում կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը:
Կենսաթոշակառուի մահվան դեպքում, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման` առանց ժամկետի սահմանափակման:
Հարց 39. Կենսաթոշակառուի մահվան դեպքում ի՞նչ հիմքով և ի՞նչ չափով է վճարվում թաղման նպաստը:
Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Թաղման նպաստի չափը կազմում է 200 000 դրամ:
Հարց 40. Անձը ճանաչվել է հաշմանդամ, բայց կենսաթոշակ ստանալու համար չի դիմել և մահացելէ: Հուղարկավորությունը կատարած անձը իրավունք ունի՞ ստանալ թաղման նպաստ:
Հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո, երեք ամսվա ընթացքում: