Սահակյան Գրետա Վաչագանի
ԼՂՀ 1976-1991թթ. սոցիալական ապահովության մարզային բաժնի պետ
ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1977թ. ապրիլի 20-ի «Հաշմանդամներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներով և մոտոսայլակներով ապահովելու կարգի մասին» թիվ 130 որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին սկսեցին ապահովել «Զապորոժեց» մակնիշի մարդատար ավտոմեքենաներով և մոտոսայլակներով։ 1980թ. այդ ծրագրից օգտվում էր մարզում բնակվող Հայրենական մեծ պատերազմի շուրջ 48 հաշմանդամ։ 1977-1982թթ. սոցապահովության մարզային բաժնի կողմից եռամսյակը մեկ հրավիրվում էին խորհրդակցություններ՝ կենսաթոշակների և պետական նպաստների նշանակումն ու վճարումն օրենքով սահմանված կարգով ապահովելու համար։ Տարեկան երկու անգամ անց էին կացվում աշխատողների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ։ ԼՂԻՄ սոցիալական ապահովության բաժինը, որն իր ենթակայության տակ ուներ շրջանային (քաղաքային) 6 բաժին և Կենսաթոշակների ու նպաստների վճարման մարզային սոցիալական ապահովության կենտրոնը (1978-1997թթ. ղեկավարում էր Վիգեն Սարգսի Բաղրամյանը), սպասարկում էին շուրջ 33000 թոշակառուի և նպաստառուի:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1981թ. սեպտեմբերի 2-ի «Նվազագույն կենսաթոշակի չափի բարձրացման և կենսաթոշակային ապահովության այլ միջոցառումների մասին» հրամանագրի համաձայն՝ մարզում բարձրանում է ավելի քան 6000 թոշակառուի կենսաթոշակը։ Սոցիալական ապահովության մարզային բաժնի աշխատողների կողմից հատուկ ուշադրություն էր դարձվում Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների նյութակենցաղային պայմանների բարելավմանը: Զգալի աշխատանք էր տարվում մարզի բնակիչներին սոցիալական ապահովության ոլորտի օրենսդրության պարզաբանման ուղղությամբ։ Անց էին կացվում ստուգումներ, որոնց արդյունքները քննարկվում էին մարզային բաժնի կոլեգիայի նիստերում, միջոցներ ձեռնարկվում թերությունների վերացման ուղղությամբ:
Մարզային սոցիալական ապահովության համակարգում գործում էր նաև բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունը, որը տարբեր անվանափոխումների ենթարկվելուց հետո՝ ներկայումս գործում է Բժշկա-սոցիալական փորձաքննական կենտրոն անվանմամբ։
1981թ. ուշադրության կենտրոնում պահելով բազմազավակ ընտանիքներին, որոշակի աշխատանք էր տարվում նրանց հաշվառման, խրախուսման ուղղությամբ։ Ըստ ԼՂԻՄ մարզգործկոմի սոցիալական ապահովության բաժնի կոլեգիայի 1982թ. օգոստոսի 20-ի նիստի նյութերի՝ 1981թ. առաջին կիսամյակում և 1982թ. ամբողջությամբ միայն Մարտակերտի և Ասկերանի շրջաններում պարգևատրման են ներկայացվել համապատասխանաբար 159 և 84 բազմազավակ մայրեր։ Մարտակերտի շրջանի 10 և ավելի երեխաներ ունեցող երեք մայրերի շնորհվել է «Հերոսուհի մայր» կոչումը։ Այլ շրջանների վերաբերյալ համապատասխան տվյալներ չեն պահպանվել։
1982թ. հատուկ հաշվառման են վերցվում 90 և ավելի բարձր տարիքի հաշմանդամները, կազմակերպվում տնային հաճախումներ, ուսումնասիրվում նրանց կարիքները և ցուցաբերվում անհրաժեշտ օգնություն բժշկական, կոմունալ-կենցաղային սպասարկման և այլ հարցերում:
1982 թվականին բարելավվում է Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների առողջարանային-հանգստյան սպասարկման դրվածքը: Համաձայն ԽՍՀՄ ֆինանսների նախարարության 1981թ. հունիսի 25-ի հանձնարարականի, լուծվում է Հայրենական մեծ պատերազմի 1-ին կարգի հաշմանդամների կողմից չօգտագործած ուղեգրերի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու մասին հարցը:
Հաշմանդամներին և ծերերին տրամադրվում է 335 ուղեգիր, որը 122-ով ավելի էր, քան 1981թվականին:
1982թ. Հայրենական մեծ պատերազմի 1-ին կարգի 69 հաշմանդամների տրամադրվում է չօգտագործած ուղեգրերի դիմաց ընդհանուր առմամբ 5520 ռուբլի փոխհատուցում, յուրաքանչյուրին՝ 80-ական ռուբլու չափով:
Մասնագիտական գիտելիքների բարձրացման նպատակով մարզի սոցիալական ոլորտի աշխատողների համար կազմակերպվում են մշտական գործող սեմինար.-պարապմունքներ՝ հաստատված ծրագրով:
Մարզի սոցիալական ոլորտի աշխատողների միջև անց են կացվում սոցիալիստական մրցություններ՝ սոցիալական ոլորտի ՙԼավագույն հրահանգիչ՚, ՙԼավագույն բաժին՚, ՙԿոլտնտեսականների սոցսպասարկման լավագույն խորհուրդ՚ անվանակարգերով:
1981-1982թթ. ԼՂԻՄ մարզգործկոմի սոցիալական ապահովության բաժինը սպասարկում է ավելի քան 33 հազար թոշակառուի և նպաստառուի, որոնց սոցիալական կարիքների համար պետական բյուջեից ծախսվում է16 մլն. ռուբլի: Հայրենական մեծ պատերազմի 48 հաշմանդամ անվարձահատույց ստանում է ՙԶապորոժեց՚ մակինիշի մարդատար ավտոմեքենա:
1983թ. մարտի 25-ին մարզգործկոմի սոցիալական բաժնի կոլեգիայի նիստում ընդունվում է որոշում 3-րդ կարգի հաշմանդամների աշխատանքի տեղավորման հարցերի բարելավման մասին։ Որոշմամբ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին պարտավորեցվում է՝ թափուր աշխատատեղերի առկայության դեպքում, որտեղ կարող են օգտագործվել աշխատունակ հաշմանդամները, իրազեկել սոցիալական ապահովության բաժնին և հասնել նրան, որ անհրաժեշտության դեպքում հարց դրվի հաշմանդամների համար անհրաժեշտ աշխատատեղերի ու պայմանների ստեղծման համար:
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների համար բացված սննդամթերքի խանութներից սկսում են օգտվել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքները:
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին տրամադրվում են ձրի ուղևորափոխադրման և 50% զեղչով տոմսեր:
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին ցուցաբերվում է նյութական օգնություն, ընդհանուր առմամբ, 1150 ռուբլու չափով, 49 հաշմանդամի տրամադրվում են սանատորա-առողջարանային ուղեգրեր։ Մարզում ապրող Հայրենական մեծ պատերազմի 426 հաշմանդամից 151-ն աշխատում է ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում, որոնցից 57-ը՝ 3-րդ կարգի հաշմանդամներ, 88 հաշմանդամի անվարձահատույց տրամադրվում են ՙԶապորոժեց՚ մակինիշի մարդատար ավտոմեքենաներ, 110 հաշմանդամ օգտվում է ավտոմեքենայի վառելիքի, վերանորոգման և սպասարկման դիմաց փոխհատուցման վճարից:
1983թ. ապրիլին ամփոփվում են մարզի սոցիալական ոլորտի աշխատողների միջև սոցիալիստական մրցության արդյունքները։ ՙՄարզի կոլտնտեսականների սոցսպասարկման լավագույն խորհուրդ՚ անվանակարգում հաղթող է ճանաչվում Ասկերանի շրջանի Նորագյուղի ՙՀաղթանակ՚ կոլտնտեսությունը՝ արժանանալով ԼՂԻՄ մարզգործկոմի և սոցապահովության բաժնի փոխանցիկ վիմպելի: Լավագույն արդյունքների համար պատվոգրերով պարգևատրվում են Մարտունու շրջանի Գիշու Կ.Մարքսի անվան, Ասկերանի շրջանի Խանաբադի Ն.Ստեփանյանի անվան, Հադրութի շրջանի Դոլանլարի Շահումյանի անվան կոլտնտեսությունները: ՙԼավագույն հրահանգիչ՚ անվանակարգում մրցության հաղթող է ճանաչվում ժողպատգամավորների Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմի սոցապահովության բաժնի պետնպաստների ենթաբաժնի ավագ հրահանգիչ Անգին Միքայելի Խանանովան, իսկ ՙԼավագույն բաժին՚ անվանակարգում՝ Ասկերանի շրջգործկոմի սոցապահովության բաժինը:
Համաձայն ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1986թ մայիսի 24-ի թիվ 598 որոշման՝ բարձրացվում է գյուղական վայրերում բնակվող և գյուղատնտեսության հետ կապ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակը: Մարզում վերահաշվարկվում են մոտ 400 անհատական գործեր։ Ամսական կտրվածքով այդ հավելումը 1986թ. հուլիսի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, կազմում էր մոտ 5000 ռուբլի։
Համաձայն ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1986թ. հունվարի 9-ի թիվ 58 որոշման՝ 1986թ. հունվարի 1-ից ամսական կտրվածքով ավելացվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների երեխաների համար նախատեսված նպաստի չափը՝ ամսական կտրվածքով մինչև 35 ռուբլի: Մարզում այդպիսի ընտանիքներն 9-ն էին, որոնց վերահաշվարկի արդյունքում ամսական վճարվում է, ընդհանուր առմամբ, 315 ռուբլի: Նույն որոշման համաձայն՝ 1986թ. հունվարի 1-ից նպաստ է սահմանվում ընտանիքի կերակրողին կորցրած, բայց թոշակ չստացող՝ երեխաներ ունեցող այրիների համար, որոնք մարզում 6-ն էին:
Կատարված աշխատանքների շնորհիվ 1986թ. մարզում բարելավվում է մոտ 5500 կենսաթոշակառուի և նպաստառուի նյութական վիճակը, որը կազմում է մարզի կենսաթոշակառուների 16%-ը: Բացի այդ, 1986թ. նշանակվում են մարզի 5128 քաղաքացու կենսաթոշակներ և ընթացիկ վերահաշվարկ կատարվում 3921 թոշակառուի և նպաստառուի գործերում:
1987թ. հունվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառված էին, ընդհանուր առմամբ, 34800 թոշակառու և նպաստառու:
1986թ. մարզի 532 կենսաթոշակառուի հատկացվում է սանատորա-առողջարանային բուժման ուղեգիր, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին՝ 327 ուղեգիր: Հայրենական մեծ պատերազմի 1-ին կարգի հաշմանդամներին չօգտագործած ուղեգրերի դիմաց հատկացվում է, ընդհանուր առմամբ, 2480 ռուբլի փոխհատուցում, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի 361 հաշմանդամի փոխհատուցվում է, դարձյալ ընդհանուր առմամբ, 93860 ռուբլի՝ վառելիքի, ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար։ Բացի այդ, Հայրենական մեծ պատերազմի 63 հաշմանդամի անվարձահատույց հատկացվում է ՙԶապորոժեց՚ մակնիշի մարդատար ավտոմեքենա:
1986թ. վերանորոգվում են Հայրենական Մեծ Պատերազմի 123 հաշմանդամի պրոթեզներ, իսկ 43-ի համար՝ պատրաստվում նորերը:
1986թ. մարզի սոցիալական ապահովության ոլորտի աշխատողների թիվը 63 էր, որոնցից 29-ը չուներ մասնագիտական կրթություն: