Ասծատրյան Նարինե

                                                                          Ասծատրյան Նարինե Ալեքսանդրի

Ծնվել է 1976թ. նոյեմբերի 4-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1983-1993թթ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1993թ. ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1998թ. գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանը՝ «ֆինանսներ և վարկեր» մասնագիտությամբ: 1998թ. աշխատել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի էկոնոմիկայի և կառուցվածքային բարեփոխումների վարչության էկոնոմիկայի բաժնում, որպես 1-ին կարգի մասնագետ: 1998-2003թթ. ավարտել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 2001թ. նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի էկոնոմիկայի և կառուցվածքային բարեփոխումների վարչության էկոնոմիկայի բաժնի պետ: 2002թ. նոյեմբերից աշխատել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծության բաժնում, որպես բաժնի պետ: 2002թ. դեկտեմբերից տեղափոխվել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և նշանակվել տնտեսական ծրագրերի, մակրոտնտեսական և պետական եկամուտների քաղաքականության բաժնի պետ: 2005թ. ապրիլին, համաձայն ԼՂՀ վարչապետի որոշման, նշանակվել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, որտեղ աշխատել է մինչև 2007թ. սեպտեմբերը:

2007-2012թթ. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար

2007-2012թթ. զգալի փոփոխություններ են կատարվում նախարարության կառուցվածքում։ Ստեղծվում են նոր կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ, շրջանային և քաղաքային վարչակազմերի սոցիալական ապահովության տարածքային բաժինները մտնում են նախարարության կազմի մեջ։ ԼՂՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 30-ի թիվ 660 որոշման համաձայն՝ ԼՂՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն իր կենտրոնական աշխատակազմի  3  և տարածքային 7 բաժիններով միավորվում է նախարարությանը՝ վերակազմավորվելով ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության՝ որպես առանձնացված ստորաբաժանում։ Ըստ այդմ՝ ԼՂՀ կառավարության 2009թ. հունվարի 26-ի թիվ 21-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրության և կառուցվածքի մեջ։

2010թ. դեկտեմբերի 28-ի թիվ 888 որոշմամբ կառավարությունը հունիսի 10-ը սահմանում է որպես ԼՂՀ սոցիալական աշխատողի օր։ Վերջապես սոցիալական աշխատողն ունենում է իր մասնագիտական տոնը, որն առաջին անգամ նշվեց 2011թ. հունիսի 10-ին։ Այն համընկնում է համակարգի ստեղծման 80‑ամյա հոբելյանի հետ և հանդիսավորությամբ նշվում է ամեն տարի, իսկ համակարգի լավագույն աշխատողներն արժանանում են պետական ու գերատեսչական պարգևների։

Ուշադրության կենտրոնում էր նաև բնակչության առողջության պահպանումը։ Միայն 2008թ. նախարարությունը ձեռք է  բերել Հայաստանի «Ջերմուկ» և «Արզնի» առողջարանների 275, Հայկական Կարմիր Խաչի ընկերության «Գրացիա» վերականգնողական կենտրոնի 20 և արտերկրում բուժման 25 ուղեգրեր։

Նախարարության կառուցվածքում ստեղծվում են Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժինը, Բնակարանային ծրագրերի համակարգման կենտրոնը։

ԼՂՀ կառավարության 2008թ. փետրվարի 14-ի թիվ 61 որոշմամբ հաստատվում է «Սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու կարգը», որով դրամական օգնության տրամադրումը կրում է հասցեական բնույթ՝ ուղղված բնակչության անապահով խավերին։

2008թ. հունվարի 1-ից ԼՂՀ-ում ներդրվում է չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստների համակարգում ընդգրկելու ծրագիրը, ըստ որի յուրաքանչյուր չաշխատող կնոջ հղիության և ծննդաբերության նպաստի չափը կազմում է 149.5 հազար դրամ (ներկայումս այն կազմում է 153 հազար դրամ)։

ԼՂՀ կառավարությունը 2008թ. հուլիսի 2-ին ընդունում է ՙ«Նորապսակների օրվա» հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու մասին՚ թիվ 484 որոշումը։ Արցախյան մեծ հարսանիքը, որն անցկացվեց 674 երիտասարդ զույգերի մասնակցությամբ, հայկական բոլոր ավանդույթներով, իրականացվեց անվանի բարերարներ Լևոն Հայրապետյանի, Ռուբեն Վարդանյանի, Սերգեյ Սարկիսովի, Սեյրան Կարապետյանի և 8 այլ հովանավորների անմիջական աջակցությամբ։ Իր տեսակի մեջ  այն, փաստորեն, առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայոց աշխարհում։ Հիրավի դժվար է գերագնահատել այդ անզուգական տոնախմբության նշանակությունն Արցախում՝ ավանդապաշտ, առողջ և ամուր ընտանիքների ստեղծման, ժողովրդագրական իրավիճակի հետագա բարելավման, ծնելիության և բազմազավակության խթանման առումով։

Մեծ հարսանիքին իր դերակատարությունն ունեցավ նաև ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը։ Գերատեսչությունում ստեղծվեց օպերատիվ կառավարման շտաբ։ Տոնական օրվա միջոցառումների նախնական ծրագրի պարզաբանման նպատակով ամուսնացող զույգերի հետ կազմակերպվեցին հանդիպումներ, սահմանվեցին և հրապարակվեցին զույգերին առաջադրվող տարիքային և այլ նախապայմնները, մշակվեց բարերարների և պետության կողմից նորապսակներին օգնություն տրամադրելու կարգը, կազմակերպչական աշխատանքներում ընդգրկված կառույցներն ապահովվեցին անհրաժեշտ փոխադրամիջոցներով, վառելիքով, ինչպես նաև ֆինանսավորեցին միջոցառման սպասարկմանն առնչվող այլ ծախսեր, Ստեփանակերտի մարզադաշտում նորապսակների համար կազմակերպեց հարսանյաց խնջույք, նախարարության աշխատակիցները բանկային ՙՈսկյա քարտեր՚ հանձնեցին նորապսակներին։

2008թ. սեպտեմբերին պաշտոնապես գրանցվեց զույգերի ամուսնությունը։

Այդ նորաստեղծ ընտանիքների նկատմամբ նշված բարեգործների հովանավորությունը  շարունակվեց մինչև 2013թ. դեկտեմբեր։ 2013թ. հոկտեմբերի  դրությամբ Մեծ հարսանիքին մասնակից ընտանիքներում ծնվեց շուրջ 1123 երեխա, որոնց հովանավորների կողմից հատկացվեց, ընդհանուր առմամբ,  2 միլիոն 890 հազար դոլարի համարժեք  գումար։

2008թ. ստեղծվեցին երեխաների խնամքի ու պաշտպանության Ստեփանակերտի թիվ 1  և Քաշաթաղի շրջանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունները։ ԼՂՀ կառավարության մեկ այլ՝ 2008թ. մարտի 3-ի թիվ 224 որոշմամբ հաստատվեց այդ հաստատություններում երեխաների տեղավորման կարգը։

Կառավարության 2008թ. դեկտեմբերի 3-ի թիվ 402 որոշմամբ ստեղծվեց բնակարանային ծրագրերի համակարգման կառավարական հանձնաժողովը, որի նպատակը պետական ծրագրով առանձին խմբերի քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումն էր։ 2008-2012թթ. այդ ծրագրով բարելավվեցին 1916 ընտանիքի բնակարանային պայմանները։ Նրանցից 693-ը զոհված ազատամարտիկների, 174-ը՝ 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, 41-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, 242-ը՝ վերաբնակ և փախստական ընտանիքների խմբին պատկանող, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի 117 հաշմանդամների ու սակավակարող 49 ընտանիքներ էին։

Այդ տարիներին ավելի աշխուժացավ նախարարության համագործակցությունը «Հանգանակ», Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության «Վիտա», «ԼՂՀ խուլերի միավորում», «ԼՂՀ կույրերի միավորում», «ԼՂՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միություն՚, «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն», «ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» և այլ հասարակական կազմակերպությունների հետ, ինչն օգնում է այդ կազմակերպությունների անդամներին ինտեգրվելու մեր հասարակությանը։

Տնտեսության կայուն աճի և մարդկանց կենսամակարդակի բարձրացման ապահովման, ինչպես նաև հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման  համար անհրաժեշտություն առաջացավ վարել ժողովրդագրական նոր քաղաքականություն։ Մշակվեց ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը, որը հաստատվեց ԼՂՀ կառավարության 2010թ. հունվարի 26-ի թիվ 21-Ն որոշմամբ։ Այն հիմք հանդիսացավ իշխանության պետական և համայնքային մարմինների համար ծնելիության, առողջության, կյանքի տևողության, կրթության, միգրացիոն և ժողովրդագրական զարգացման այլ ուղղություններին վերաբերող խնդիրների լուծման համար։