Զարգացման ծրագրերի իրականացումը կշարունակվի նաև ընթացիկ տարում

«Ազատ Արցախ»-ի հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի  նախարար Արմեն Մանգասարյանը:

 –Պարոն Մանգասարյանստեղծված իրավիճակի պատճառով աշխատանքի հնարավորությունից զրկված մարդկանց ֆինանսական հարցերը ինչպե՞ս պետք է լուծվենՊետության կողմից աջակցություն կցուցաբերվի՞ի՞նչ ձևաչափով:

-Նախատեսվում է իրականացնել շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական երեք ծրագիր:

-Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի: Այն աշխատողները, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների, տնտեսվարող սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, նրանք կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68000 դրամ աջակցություն: Եթե աշխատավարձը 68000-ից ցածր էր, ապա աշխատավաձի չափով կվարձատրվեն, եթե բարձր՝ 68000 դրամ: Սոցիալական ոլորտում նախատեսվող երկրորդ ծրագիրը վերաբերում է 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով նրանց պետությունը տրամադրելու է միանվագ ֆինանսական աջակցություն: Եթե մինչև 18 տարեկան անչափահաս երեխա ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի մասով կտրամադրվի40000-ական դրամ աջակցություն, եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա` 20000 դրամ, եթե երեխայի միակ ծնողը չի աշխատում, այդ ընտանիքը ևս կստանա 40 000 դրամի չափով ֆինանսական աջակցություն:

Որոշումը շրջանառության մեջ է և առաջիկա օրերին հաստատման կներկայացվի:

-Սոցիալապես անապահով խավի համար այս օրերին ի՞նչ ծրագրեր են գործում:

-Բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի համար, շարունակվում են կյանքի կոչվել: Բացի դրանից, վերակազմակերպվել է «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն»-ի աշխատանքը: Ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որի միջոցով թեժ գիծ կամ անձամբ նախարարություն դիմած քաղաքացիների խնդիրներին տրվում են համապատասխան լուծումներ, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նյութական, առանձին դեպքերում՝ ֆինանսական օժանդակություն:

– Այս օրերին ի՞նչ գործառույթներ են վերապահվել նախարարությանը, ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում:

-Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության  ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգի կիրառմամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով, օպերատիվ շտաբին կից ստեղծվել է հանձնաժողով՝ իմ նախագահությամբ:

Շրջափակման ընթացքում նախարարությունը շարունակել է իրականացնել ինչպես իր հիմնական գործառույթները, այնպես էլ, ինչպես արդեն նշեցի, օպերատիվորեն արձագանքում է սոցիալական տարբեր խավերի կարիքների բավարարմանը, ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերում նրանց:

-Աջակցության նախկին ծրագրերից որո՞նք են գործում:

– Իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի  ընթացակարգի մեջ փոփոխություններ կատարելու հետևանքով, ունեցել ենք շահառուների նոր խմբեր, որոնց վճարումների իրականացումը լրիվությամբ դեռևս իրականացված չէ: Դրանք այն քաղաքացիներն են, որոնց դիմումները տարբեր պատճառներով համարվել են խնդրահարույց և դուրս են մնացել ծրագրերի իրականացման հիմնական փուլի վճարումների ցուցակներից:

-Ի՞նչ նոր ծրագրերի տեսլական կա: Խոսքը վերաբերում է սոցիալական զարգացման հետ կապված ծրագրերին: Շարունակելո՞ւ եք այդ քաղաքականությունը: Այսինքն՝ աջակցության ծրագրեր՝ ուղղված սոցիալական զարգացմանը:

-Նախարարության կողմից 2022թ. մշակվել և իրականացվել են մի շարք սոցիալական զարգացման ծրագրեր, որոնց մի մասը՝ պետական միջոցներով, մյուս մասը՝  բարերարների կողմից՝ նախարարության հետ համատեղ։

Զարգացման ծրագրերը նպատակ ունեն զբաղվածություն ապահովել սոցիալական

խմբերում ընդգրկված անձանց ընտանիքների համար։ 2023թ. նախատեսված է նմանատիպ ծրագրերը շարունակել, որը հնարավորություն կտա և՛ զբաղվածություն ապահովել, և՛ հասարակությունից անմասն չթողնել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց։

-Աշխատանքից զրկված մարդկանց հաշվառում, ցուցակագրում, նրանց հետ կապված խնդիրների վերհանում իրականացվու՞մ է, թե ոչ: Տվյալներ ունե՞ք թվի մասին:

– Աշխատանքի և զբաղվածության բաժնի կողմից աշխատանք փնտրող անձանց հետ կապված իրականացվում են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ բաժին այցելած աշխատանք փնտրողներին առաջարկվում է բաժնում առկա գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի մասին տվյալներ, որոնք պարբերաբար թարմացվում և տեղադրվում են նախարարության պաշտոնական կայքէջում:

Աշխատանք փնտրողների համար հարմար աշխատանքի առկայության դեպքում նրանց ուղղորդում համապատասխան գործատուների մոտ, միաժամանակ աշխատանք փնտրող անձանց առաջարկվում է որպես գործազուրկ հաշվառվել բաժնում՝ հետագայում հարմար աշխատանքի առկայության դեպքում տեղեկացվելու նպատակով:

Ներկայացվում և խորհրդատվություն է տրվում բաժնի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ բաժնում հաշվառված գործազուրկների թվաքանակը կազմում է 1102 մարդ:

-Ընդհանրապես, որո՞նք եք համարում սոցիալական ոլորտի առաջնահերթ անելիքներն ու հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները: Ի՞նչ եք նախատեսում այդ ուղղությամբ:

-Անհրաժեշտ է իրականացնել ընտանիքների սոցիալական վիճակի գնահատում։  Արտակարգ պայմաններում հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ են առաջանում, որոնց լուծման արդյունավետությունը կապահովվի հենց կարիքների խորքային գնահատման մասին տեղեկատվության հստակ տիրապետման շնորհիվ:

Հարցազրույցը՝ Լուսինե ՇԱԴՅԱՆԻ

ԿԻՍՎԵԼ