Սիրելի՛ հայրենակիցներ
Ուզում եմ տեղեկացնել, որ ավարտված են իմ լիազորությունները՝ որպես ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար:
Պատերազմից հետո Արցախի սոցիալական գերատեսչությունը թերևս աշխատանքի ամենամեծ բեռն ու պատասխանատվությունն է կրում առայսօր՝ այդպիսով դառնալով նաև ամենախոցելին: Ոլորտի անելիքներն ահռելի են, հնարավորությունները, ցավոք՝ սուղ:
Ցավում եմ, որ իմ պաշտոնավարման կարճ ժամանակաընթացքում նույն այդ պատճառով իրականություն չդարձան որոշ նախաձեռնություններ, կիսատ մնացին մի շարք ծրագրեր: Սակայն, այն ամենը, ինչ կյանքի է կոչվել, տեղի է ունեցել նախարարության յուրաքանչյուր աշխատակցի համառ և ամենօրյա աշխատանքի շնորհիվ:
Իմ շնորհակալությունն ուղղված է նրանց, որոնց համար թիմային գաղափարը դրված խնդիրների հստակ ընկալում և դրանց իրականացման հնարավորությունների դրսևորում է զուտ: Հուսով եմ՝ այդպես կլինի առաջիկայում ևս՝ ինչպես նոր անելիքների, այնպես էլ կիսատ թողած ծրագրերի իրականացման ընթացքում, որոնց հիմքն արդեն դրված է:
Սիրելի՛ արցախցիներ
Բազմաթիվ էին մեր երկրի և ժողովրդի սոցիալական կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերը, որոնք փորձում էինք իրականացնել ստեղծված ծանր պայմաններում` առաջարկելով ու նախաձեռնելով նոր լուծումներ, որոնց գերնպատակն էր սոցիալական աջակցությունից անցնել ավելի պատվաբեր՝ զարգացող ու արարող կեցվածքի: Որոշների մասով հստակ հաջողել ենք: Այն, ինչ չենք հասցրել, հուսով եմ՝ կներառվեն նախարարության նոր ղեկավար կազմի ծրագրային գործունեության մեջ:
Շնորհակալություն պետությանը ծառայելու ընձեռված հնարավորության համար: Համագործակցության համար շնորհակալ եմ կառավարության անդամ իմ բոլոր գործընկերներին, գերատեսչությունների ղեկավարներին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին:
Ես կշարունակեմ գործել՝ միշտ լինելով հանրային իրավունքի պաշտպան և նախաձեռնող:
Արմինե Պետրոսյան