Արցախի խորհրդարանի ղեկավարը պարգևատրել է սոցիալական համակարգի մի խումբ աշխատակիցների

Արցախի խորհրդարանի ղեկավարը պարգևատրել է սոցիալական համակարգի մի խումբ աշխատակիցների
Համակարգում ունեցած անբասիր և երկարամյա աշխատանքի համար ԱԺ Նախագահ Արթուր Թովմասյանի կողմից այսօր պատվոգրերով պարգևատրվել են սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցներ՝ Նելլի Արզումանյանը, Ռուզաննա Մկրտչյանը, Էմմա Գասպարյանը, Մարինա Յագուբյանը, Ռուզաննա Ջումշուդյանը, Նովելլա Համբարձումյանը, Մայա Ավագիմյանը, Նանարա Ավագյանը,Արիգա Ավթանդիլյանը, Սամվել Իսրայելյանը, Արարատ Բախտամյանը, Սմելա Սարուխանյանը, Նաիրա Ֆարսյանը, Արեգա Ադամյանը:
Մինչ պարգևատրման արարողությանն անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան երեք պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:
ԱԺ նախագահն, այնուհետև ողջունելով ներկաներին, իր խոսքում մասնավորապես նշել է. «Արցախի սոցիալական պաշտպանության ոլորտն արդեն 91 տարվա անցած ճանապարհ ունի, և մեր Հայրենիքի համար դժվար ու ճակատագրական բոլոր փուլերում կրել է հանրության սոցիալական պաշտպանվածության ապահովման ծանր պարտականությունը:
Այդ աշխատանքներն մերօրեական իրականության ընթացքում ավելի ակնառու դարձան հատկապես 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո. արցախահայության սոցիալական և հոգեբանական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին:
Պատերազմի առաջին իսկ օրվանից համակարգի աշխատակիցները կարողացել են արագ ինքնակազմակերպվել՝ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ և թույլ չտալով, որ կաթվածահար լինի ոլորտի աշխատանքը:
Այդ ջանադիր գործունեությունն առայսօր շարունակվում և տեսանելի է բոլորիս. հետպատերազմական ժամանակաշրջանն աշխատանքի նոր որակներ և հմտությունների կանոններ է պահանջում, որոնք, դո՛ւք, սոցիալական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, ձեռք բերել և պատվով կիրառում եք ձեր ամենօրյա նվիրված և պատասխանատու աշխատանքի ընթացքում»:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել սոցիալական համակարգի յուրաքանչյուր աշխատակցի դերակատարությունը քաղաքացիների սոցիալական հարցերի լուծման ճանապարհին՝ ընդգծելով. «Պարգևատրվում են համակարգում երկարամյա գործունեություն ծավալած և նշանակալի ավանդ ունեցող մի խումբ աշխատակիցներ, բայց շնորհակալության խոսքս ուղղված է յուրաքանչյուրին, բոլոր նրանց, ովքեր սրտացավությամբ և գիտակցաբար ամեն օրը նվիրում են հանրության սոցիալական տարբեր խավերի հոգսերը թեթևացնելուն և խոցելի խմբերին լիարժեք ինքնադրսևորվելու նոր հնարավորությունների ընձեռմանը»:
Խորհրդարանի ղեկավարաը վստահեցրել է, որ Արցախի օրենսդիր դաշտի ներկայացուցիչները պատրաստ են համագործակցել և աջակցություն ցուցաբերել բոլոր այն ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք պիտի բարձրացնեն մեր հայրենակիցների սոցիալական ապահովության և պաշտպանվածության մակարդակը:
ԱՀ ՍԶՄ նախարար Արմինե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին վերաբերմունքի և գնահատականի համար՝ նշելով, որ այսուհետ ևս գերատեսչության աշխատանքները միտված կլինեն մեր հանրության սոցիալական կարիքների բավարարմանը և սոցիալական բոլոր խավերի համար կեցության լիարժեք և հավասար պայմաններ ստեղծելուն:
Սոցիալական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներին նոր որակ կհաղորդվի՝ ավելի շոշափելի և ակնառու դարձնելով դրանց արդյունքները:
ԿԻՍՎԵԼ