Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, մեր հարցերին ի պատասխան, պարզաբանել են գերատեսչության գործառույթները, որոնք վերաբերում են զբաղվածության ապահովմանն ու աշխատանքային իրավունքներին՝ այդ շրջանակներում անդրադառնալով նաև ոլորտում առկա խնդիրներին ու ու լուծումներին։
Զբաղվածության ապահովման և աշխատանքային իրավունքների հետ կապված գործառույթներ
-Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է՝ զբաղվածության ամենամյա ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներ, աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և փոխանակման ապահովման նպատակով տեղեկատվական շտեմարանի ձևավորում, աշխատանք փնտրող անձանց հաշվառում, գործազուրկի կարգավիճակի տրամադրում, նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության հրապարակում նախարարության պաշտոնական կայքում և զանգվածային լրատվության միջոցներով, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման համար խորհրդատվության և աշխատանքային օրենսգրքի կիրարկման վերաբերյալ՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց պարզաբանումների տրամադրում:
Խնդիրներ և լուծումներ
-Հիմնականում դիմում են աշխատանք գտնելու հարցով, որի դեպքում աշխատանք փնտրողներին ներկայացվում են գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը, առաջարկվում է մասնակցել հմտություններ և ունակություններ ձեռք բերելու ծրագրերին: Տեղեկացնում ենք նաև, որ նախկինի համեմատ պատերազմից հետո կտրուկ նվազել է գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի թիվը, իսկ աշխատանք փնտրողների թիվն ընդհակառակը՝ ավելացել:
Ամենատարածված խնդիրը. ի՞նչ պետք է անի աշխատողը դրանից խուսափելու համար
-Ամենատարածված խնդիրներից են՝ աշխատաշուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը, աշխատուժի կողմից պահանջվող հարմար աշխատանքի սակավությունը, առաջարկի և պահանջարկի աշխարհագրական անհամապատասխանությունը, աշխատանքի վարձատրության չափը, աշխատուժի մասնագիտական և պրոֆեսիոնալիզմի անհամապատասխանությունը աշխատաշուկայի կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի պահանջներին։ Զբաղվածության ապահովման և աշխատաշուկայում առկա խնդիրներից են նաև՝ անմրցունակ անձանց զբաղվածության ապահովումը, առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների հետ կապված դժվարությունները՝ մասնավորապես նրանց մասնագիտական աշխատանքային փորձի բացակայության պայմաններում՝ այդ պահանջի առկայությունը գործատուի կողմից։ Գյուղական համայնքներում էլ խնդիր է բնակչության ոչ մշտական, այլ հիմնականում սեզոնային զբաղվածությունը: Ելնելով նշված խնդիրներից՝ աշխատանք փնտրողներին առաջարկում ենք, թեկուզ ժամանակավոր, տեղավորվել ինչ-որ աշխատանքի, մինչև ավելի հարմար աշխատանք գտնելը:
Հ․Գ Մայիսի 1-ին նշվում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը։
Լուսինե ՇԱԴՅԱՆ