ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 44-օրյա պատերազմից հետո շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել, որից 25 628-ը նորից վերադարձել է Արցախ: Նրանց համար շարունակում են օրակարգային մնալ բնակարաններով ապահովվելու և զբաղվածության հարցը կարգավորելու խնդիրները: Արցախի սոցիալական գերատեսչության կողմից հետպատերազմյան շրջանում իրականացված ծրագրերի, Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ:
1. Տիկին Պետրոսյան, Արցախյան երրորդ պատերազմից հետո տեղահանված ընտանիքները սոցիալ–կենցաղային լուրջ խնդիրների առաջ էին կանգնել, որոնց լուծման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են տարվել: Ներկա փուլում ո՞ր խնդիրներն են շարունակում մնալ օրակարգային:
-Պատերազմից անմիջապես հետո նախարարությունը ձեռնամուխ է եղել մի շարք աջակցության ծրագրերի իրականացմանը, որոնք պետք է նպաստեին բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրները մեղմելուն: Ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված ծրագրերի շնորհիվ, կարելի է ասել, որ Արցախում այդ պահին հաջողվել է մեղմել սոցիալական ճգնաժամը և մեր բնակչության համար ստեղծել հնարավորինս բարվոք կենսական պայմաններ: Դրանք հիմնականում կարճաժամկետ սոցիալական աջակցության ծրագրեր էին, և ներկայումս մենք նպատակ ունենք դրանք փոխարինել այնպիսի ծրագրերով, որոնք կապահովեն բնակչության զբաղվածությունը, հենք կդառնան կարիքները սեփական միջոցներով լուծելու հարցի կարգավորման համար:
Արցախում շարունակում են օրակարգային մնալ տեղահանվածներին բնակարաններով ապահովելու և զբաղվածության հարցը կարգավորելու խնդիրները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են ընթանում:
Կարևոր անելիքների շրջանակներում է նաև ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցը, որի շուրջ այսօր ակտիվ քննարկումներ են ընթանում:
2.Նախարարությունն ի՞նչ աշխատանքներ է տանում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:
Մենք մշակել ենք սոցիալական խնդիրների լուծման նոր մոտեցումներ՝ միտված աշխատատեղերի ստեղծմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող անձանց աջակցությունների տրամադրմանը: Այդ նպատակով, նախարարությանը կից բացվել է հիմնադրամ, որի գործառույթների մեջ է մտնում բարերարների, ներդրողների հետ համագործակցության շրջանակներում, Արցախում խթանել փոքր և միջին ձեռնարկատիրությունների ստեղծումը, գյուղական համայնքների բնակչությանն աջակցել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում:
Ինչ վերաբերում է ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցին, ինչպես արդեն նշեցի աշխատանքներն այդ ուղղությամբ մեկնարկել են, և արդյունքները հուսանք առաջիկայում տեսանելի կլինեն:
3. Արցախի սոցիալական գերատեսչության կողմից հետպատերազմյան շրջանում իրականացված ծրագրերից որոնք կառանձնացնեք: Ունե՞ք տվյալներ, թե այդ ծրագրերում տեղահանված բնակչության քանի տոկոսն է ներգրավվել:
-Իրականացված բոլոր ծրագրերն էլ այս կամ այն չափով կարևոր էին տվյալ ժամանակահատվածի համար այն առումով, որ դրանք հաջորդաբար լուծում էին տալիս սոցիալական տարբեր խնդիրների՝բնակարանային ապահովությունից մինչև առօրյա կենցաղային խնդիրներ:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին 300 000 դրամի չափով միանվագ աջակցության տրամադրում, 68 000 դրամի չափով չորս ամիս շարունակ տրամադրված աջակցություն, բնակվարձի փոխհատուցման ծրագիր, բնակելի տների կահավորման ծրագիր, որն առ այսօր շարունակվում է: Տարհանված մեր քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացված կարիքների գնահատման արդյունքում, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարության կողմից տրված հայտերի համաձայն, մեր նախարարության կողմից իրականացվում է կացարանների կահավորում և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով ապահովում: Եթե սկզբնական շրջանում ծրագիրը ներառում էր տեղահանված և Արցախի այլ գյուղական վայրերում բնակություն հաստատած քաղաքացիների շրջանակը, ապա ներկայումս ծրագիրն ընդգրկում է նաև տեղահանված և վարձակալական հիմունքներով մայրաքաղաքում բնակվող քաղաքացիներին:
2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ֆինանսական օժանդակություն՝ հետևյալ չափերով. երեխաներին՝ ամսական 50,000 դրամի չափով,1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով,չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։
Հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով. անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։
4. Դուք Ձեր խոսքում բազմիցս նշել եք, որ 2022 թվականին աջակցության ծրագրերը փոխարինվելու են զարգացման ծրագրերով: Կմանրամասնե՞ք:
-Նախատեսում ենք տեղահանված անձանց և այլ սոցիալական խմբերի համար մասնագիտական ուսուցման կազմակերպում, չաշխատող տեղահանված անձանց գյուղական համայնքներում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար սոցիալական աջակցության տրամադրման ծրագրեր, ինչպես նաև նախարարության հիմնադրած՝ «Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամ»-ի միջոցով մասնավոր բարերարների ու բարեգործական կազմակերպությունների նպատակային նվիրատվությունների հաշվին, ինքնազբաղվածության ու զբաղվածության ծրագրերի իրականացում:
5. Ի՞նչ փուլում են Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքները:
-Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը հատկապես պատերազմից հետո կարևոր նշանակություն ուներ՝ նախ տեղահանված քաղաքացիների կարիքների գնահատման տեսանկյունից: Իհարկե, սոցիալական աշխատանք հասկացությունը գործառույթների առավել լայն շրջանակ է ենթադրում, ուստի մենք ստեղծեցինք սոցիալ-հոգեբանական կենտրոն, որը համապատասխան մասնաճյուղեր կունենա հանրապետության բոլոր շրջաններում, որոնց միջոցով հնարավոր կլինի վերհանել մեր բոլոր քաղաքացիների սոցիալական կարիքները, անհրաժեշտության դեպքում ուղղորդել նրանց և նաև կամուրջ հանդիսանալ գերատեսչության և հանրության միջև: Այս ձևաչափով մեր կողմից իրականացվող ծրագրերը, կարծում եմ, կլինեն առավել թիրախային և ավելի արդյունավետ:
Կենտրոնի առաջին մասնաճյուղն արդեն իսկ գործում է Մարտունիում: Նախատեսում ենք շարունակաբար մասնաճյուղեր բացել Ստեփանակերտում, Ասկերանում և Մարտակերտում:
6. Ձեր ունեցած տվյալներով 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների քանի՞ տոկոսն է հետ վերադարձել Արցախ:
-Ընդհանուր առմամբ, շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել, որից 25 628-ը վերադարձել է Արցախ:
7. Տեղահանված ընտանիքների համար հիմնականում ո՞ր ոլորտներում են առկա թափուր հաստիքներ:
-Թափուր աշխատատեղեր առկա են հիմնականում մասնավոր հատվածում՝ շինարարություն, հանրային սպասարկում և այլն:
Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի