ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

Հարգելի՛ հայրենակիցներ
Ժամեր անց պատմության գիրկն ենք ուղարկելու մեզ պատուհասած պատերազմին հաջորդած փխրուն խաղաղության անդրանիկ տարին:
Գնահատականների և ձեռքբերումների տարի դժվար է այն կոչել. 365 օր մենք սովորում էինք ինչպես ապրել այսուհետ… Անձնական և համամարդկային ցավն ու կարոտն ապրելակերպ դարձրած՝ պարտավորվեցինք ապրել ու աշխատել նաև Նրանց փոխարեն, ովքեր այլևս այլ հեռուներից են մեզ նայում:
Արցախի սոցիալական գերատեսչության կողմից ընթացիկ տարում իրականացված ծրագրերը միտված էին լուծելու պատերազմի պարտադրած սոցիալ-կենցաղային հրատապ խնդիրները: Աջակցության նման ծրագրեր կգործեն նաև նոր տարում: Բայց առօրյա կեցության ապահովման և արժանապատիվ հասարակության կայացման համար մենք նպատակ ունենք աշխատանքը դարձնել մեր երկրի շարժիչ ուժը:
Աշխատատեղերի շարունակական ստեղծում, աշխատանքի բարենպաստ միջավայրի ձևավորում, դա է սոցիալական զարգացման մշակված հայեցակարգը գալիք տարվա համար:
Նպաստների և կենսաթոշակների բարձրացմամբ և աշխատանքի խթանմամբ երկրում ապահովել ժողովրդագրական աճ, նպաստել բազմազավակության ծրագրին, ապահովել տարեցների արժանավայել ծերությունը, իրացնել աշխատունակ անձանց ներուժը. դրանք հստակ մարտահրավերներ են, որոնց հաղթահարմամբ միայն Արցախի Հանրապետության քաղաքացին կդառնա սոցիալապես պաշտպանված սեփական հայրենիքում:
Թանկագի՛ն հայրենակիցներ
Մենք ազգովի ապրում ենք ծանրագույն ժամանակներ: Եվ միայն գործով պետք է դարմանենք մեր և մեր հայրենակիցների ցավը:
Վստահեցնում եմ Ձեզ, որ Արցախի սոցիալական գերատեսչության յուրաքանչյուր աշխատակից գիտակցում է իր աշխատանքի և պատասխանատվության չափաբաժինը՝ վերակերտվող երկիրը կառուցելու ճանապարհին: Մենք ամեն ինչ կանենք արցախցուն սոցիալապես պաշտպանված դարձնելու համար, որպեսզի անվտանգային այլ խնդիրներ չեզոքացվեն Հայրենիքն ապրելով ապրեցնելու կամքի առաջ:
Բոլոր այն դժվարություններն ու վտանգները, որոնց առերեսվում ենք ամեն օր, առ ոչինչ են մեր կամքի և խիզախության առաջ:
Խաղաղ Ամանոր բոլորիդ:

ԿԻՍՎԵԼ