Պետք է կառուցենք մեր ապագան` անցյալի ճանապարհը չկրկնելու համար. Արաքսյա Գրիգորյան

Հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերից որոշներն արդեն իսկ գտնվում են ընթացքի մեջ. մի շարք ծրագրեր էլ կմեկնարկեն առաջիկայում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակիցը Արցախի քաղաքացիներին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Արաքսյա Գրիգորյանի հետ, ով վերջերս ՀՀ-ից տեղափոխվել է Արցախ՝ մշտական բնակության:

-Տիկի՛ն Գրիգորյան, նախ կցանկանայի նշեիք, թե երբվանի՞ց եք տեղափոխվել Արցախ և ինչպիսի՞ աշխատանք եք իրականացնում ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում:

-Մինչ հարցին պատասխանելը, Ձեր թույլտվությամբ ուզում եմ իմ խորին խոնարհումն ու երախտագիտությունը հայտնել մեր հայ զինվորին, մեր պաշտպանին: Փառք ու պատիվ մեր զինվորին, հավերժ հիշատակ նահատակվածներին և խոնարհումս նրանց ու մեր բոլոր մայրերին:

Ինչպես արդեն գիտեք, այս դաժան պատերազմը փոխեց բոլորիս. փոխեց բոլորիս կյանքը, կյանքի բնականոն ընթացքը: Այս պատերազմի թողած վերքերն էլ ավելի խորն են ու ցավոտ: Կատարվածը սարսափելի է: Պատերազմի ավարտից և այդ չարաբաստիկ թղթի ստորագրումից 10 օր հետո, նոյեմբերի 19-ն էր, երբ մեկնեցի Արցախ, ցանկանում էի առերեսվել իրականությանը՝ հասկանալու և ծանոթանալու ստեղծված վիճակին: Վերադարձի ողջ ճանապարհին, մտքերի մեջ էի: Գիտակցում էի, որ ապրում ենք բավականին դժվար և ծանր ժամանակահատված: Գլխումս մի բան էր միայն՝ մենք պարտավոր ենք ապրել, ապրել հանուն նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի, հանուն մեզ և մեր երեխաների, մեր ապագա սերունդների համար: Մենք պետք է կառուցենք մեր ապագան` անցյալի ճանապարհը չկրկնելու համար: Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր րոպեն շատ թանկ է մեր ապագայի կերտման համար: Յուրաքանչյուրն անելիք ունի այս ծանր և դժվար ժամանակահատվածում:

Վերադարձից հետո Երևանում գտնվելուս ժամանակահատվածում հետևում էի Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Եվ մի տեսանյութ տեսա, որտեղ ներկայացվում էր սոցիալական աջակցության ծրագրերի և դրանց դիմելու կարգի մասին, որտեղ բավականին մեծ հերթեր էին, ցրտին դրսում կանգնած մարդիկ, տարեցներ, ծնողներ երեխաների հետ: Մտածեցի, եթե ես այսօր չօգնեմ՝ իմ՝ Արցախ գնալով, հետո ուշ կլինի: Եթե ոչ ես, ապա՝ ով: Եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ:

Եվ դեկտեմբերի 1-ին արդեն Արցախում էի՝ մինչև այսօր և այս ողջ ժամանակահատվածում, կամավոր, իմ գիտելիքներով, իմ հմտություններով, արագ և օպերատիվ աշխատելու կարողությունների ներդրումով փորձեցի օգնել արցախցիներին: Հուսով եմ՝ իմ այս խոնարհ ներդրումը տվել է իր արդյունքը: Դա կփաստեն արցախցիները և նախարարության աշխատակազմը, որի հետ այս ողջ ընթացքում փորձել ենք միասին աշխատել և համակարգված լուծումներ տալ խնդիրներին: Արդյունքը նաև այն է, որ այսօր նախարարությունում այլևս հերթ չկա, քաղաքացիների բոլոր դիմումներին տրվել է համապատասխան ընթացք, որոնք գտնվում են մշակման և քննարկումների փուլում: Առիթից օգտվելով՝ ես հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը և ակնկալում նրանց համբերատարությունը: Այսօր Արցախում բնականոն կյանքը վերականգնվել է և շարունակվում են այդ ուղղությամբ աշխատանքները:

Կցանկանայի նշեիք՝ թե մինչ այս պահը քանի՞ արցախցի է վերադարձել հայրենիք, և մինչև ե՞րբ են գործելու ՀՀ-ից Արցախ տեղափոխող անվճար երթուղիները:

-Այս պահին իմ ունեցած տվյալներով՝ 70-80 հազար արցախցի է վերադարձել հայրենիք: Իսկ ՀՀ-ից դեպի Արցախ տեղափոխող անվճար երթուղիները կգործեն այնքան ժամանակ քանի դեռ դրա կարիքը կա:

-Այս պահին քանի՞ քաղաքացի է օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից և դեռևս ո՞ր ծրագրերի հայտերի ընդունման գործընթացն է ընթացքի մեջ:

Մոտավոր կարող եմ փաստել որ 68000+15000 աջակցության ծրագրի շահառուների 90% և ավելին օգտվել են ծրագրից ու ստացել իրենց աջակցությունը: 300-հազարական դրամի աջակցության ծրագրի դիմումները մշակման փուլում են, արդեն կատարվում են փոխանցումները, մասնավորապես՝ 9600 և ավելի շահառու արդեն իսկ ստացել է այդ օգնությունը Արդեն մեկնարկել են 250-հազարական դրամի աջակցության և հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ծրագրերը: Աջակցության բոլոր ծրագրերն այս պահին ընթացքի մեջ են, և այն քաղաքացիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել լրացնել հայտերը, դեռ ժամանակ ունեն: Յուրաքանչյուր ծրագրի դիմելու համար սահմանված է ժամկետ՝ 68000+15000 և 300 հազար դրամի աջակցության ծրագրերի դիմումների ընդունման ժամկետը 2021 թվականի հունվարի 11-ն է:

Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

ԿԻՍՎԵԼ