«Ես եկել եմ Արցախում ապրելու»

Հարցազրույց ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ

– Տիկին Թանդիլյան, թերեւս այս պահին շատ են սոցիալական խնդիրները։ Հետպատերազմական Արցախում ի՞նչ հրատապ խնդիրներ են դրված ձեր կառույցի առաջ։ Ի՞նչ քայլեր եք անում դուք։

– Անհաշվելի սոցիալական խնդիրներ կան Արցախում: Ունենք շատ հրատապ հարցեր, ինչպես նաեւ ընդլայնվող տարբեր հարցեր, որոնք պետք է ժամանակի ընթացքում լուծում ստանան: Նախարարությունը զբաղվում է նաեւ բնակարանային հարցերով, եւ ինչպես գիտենք, այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տները, պետք է նաեւ բնակարաններով ապահովենք: Ամենահրատապ խնդիրն այսօր կացարանային խնդիրն է: Արցախն այս պահին հումանիտար աղետի գոտի է: Մարդիկ ունեն նաեւ ֆինանսական  մի շարք խնդիրներ: Սոցիալական ապահովության առումով տարբեր կառույցներ տարատեսակ ծրագրեր են իրագործում, որոնք շարունակական են: Հրատապ խնդիր է նաեւ մարդկանց հաշվառումն ու նրանց տեղայնացումը, գտնվելու վայրի հստակեցումը, որովհետեւ հիմա միայն այդպես կարող ենք գնահատել ռեալ կարիքները: Կա համակարգային լուծումների խնդիր եւ արագ արձագանքման անհրաժեշտություն: Այս պահին մեր նախարարությունն աշխատում է բոլոր գերատեսչությունների հետ: Մենք փորձում ենք ինտենսիվ շփումների արդյունքում ապահովել կապը եւ գտնել, տեսնել կապը մեր քաղաքացիների հետ եւ լուծում տալ նրանց խնդիրներին ու կարիքներին:

– Ի՞նչ գործող ծրագրեր կան։

– Նախարարության առաջ ծառացած խնդիրները շատ են։ Նաեւ քաղաքացիների մեծ հոսք կա։ Գործող ծրագրերի առումով հիմա սոցիալապես Արցախի մեջքն ուղղելու համար ծրագրեր են իրագործվում։ Տնտեսական ակտիվությունը մեծապես կախված է մարդկանց աշխուժության եւ քանակի հետ: Տարբեր քննարկվող ծրագրեր ունենք: Դրանք պետք է համարձակ լուծումներ լինեն:  Սոցիալական կյանքի ակտիվություն եւ ժամանակի ճիշտ բաժանում է պետք: Ծրագրերը, որոնք այս պահին գործում են՝ մի քանի հատ են, բայց կարեւոր եմ համարում խոսել բնակարանների վարձակալության ծրագրի մասին, որով ենթադրվում եւ նախատեսվում է, որ Հայաստանում վարձակալած բնակարանների համար փոխհատուցում կտրամադրվի հյուրընկալներին, նրանց, ում տները վարձակալվում են արցախցիների կողմից, անձը 30 հազարական դրամների չափով: Եթե այդ վարձակալությունը տեղի է ունենում Արցախում, ապա 45 հազար դրամի չափով է փոխհատուցում: Սա նաեւ նախանշում է նրա մասին, որ մենք ուզում ենք, որ արցախցիները վերադառնան հայրենիք, որ իմանան այստեղ նույնպես ապահովելու ենք մի բանով ավելին, ինչ-որ կա Հայաստանում: Շատ կարեւոր ենք համարում, որ Արցախը շարունակի ապրել, բնակեցվի:

– Մարդկանց մեծ հոսք կարծես կա դեպի Արցախ: Բնակիչները վերադառնում են:

– Այո, ինչպես նկատում եք քաղաքում մարդկանց հոսք կա: Ոմանք վերադառնում են Երեւանի քաղաքապետարանի կողմից հատկացված տրանսպորտով, ոմանք էլ անձնական մեքենաներով: Օրեցօր աճում են վերադարձողների թվերը:

– Նախարարության կառուցվածքի եւ գործառույթների փոփոխություններ նախատեսվո՞ւմ են, քննարկվե՞լ են նման հարցեր նախագահի հետ։

– Միանշանակ սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք կլինեն ժամանակի ընթացքում։

– Բնակարանային խնդիրների շուրջ ինչ քայլեր եք կատարում։

– Ես կարծում եմ, որ պետք է որոշակի հանրային առաջարկներ անենք կապված բնակարանաշինության հետ: Քայլեր ձեռնարկում ենք, մի քանի ուղղությամբ ենք շարժվում։

– Շրջանառվեց նաեւ ռուսական կողմից առաջարկվող 8000 բնակարանների հարցը…

– Ճիշտ եք, ռուսական կողմից եղել է առաջարկ, որը քննարկվում է նախագահի մասնակցությամբ: Կան տարբեր առաջարկներ, դրանց ժամկետների ճշտման փուլում ենք այս պահին՝ հասկանալու, թե որքանով է դա լուծելու մոտակա ձմռան հարցերը: Տարբեր ծրագրեր ենք մշակում, քանի որ չենք ուզում, որ միայն Ստեփանակերտն ու մյուս քաղաքները զարգանան եւ շենանան, այլ նաեւ գյուղերը, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեզ համար:

– Ռուսական կողմի ծրագրերից որեւէ տեղեկություններ կարո՞ղ եք տրամադրել:

– Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ասեմ, որ նրանք նույնպես այստեղ ծրագրեր են իրականացնում: Դրանք հումանիտար են, ավելի շատ զինվորական ուղղվածության հետ կապ ունեն եւ այս առումով շատ շնորհակալ լինելով ռուսական կառավարությանը՝ մենք համագործակցության հույս ունենք եւ մեր գործողությունների միասնական տեսլական կարող ենք ձեւավորել:

– Սննդի անվտանգության  առումով ինչ կասեք:

– Արցախում սննդի անվտանգությունը շատ կարեւոր է: Մենք հասկանում ենք, որ սննդի անվտանգությունն առաջնահերթ է, բայց հատկապես այս պարագայում, երբ որ կոմունիկացիա եւ ճանապարհի խնդիրներ կան դեռեւս լուծելու եւ որոշակի  անորոշություն կա, հետեւաբար գյուղական վայրերի բնակեցումը նույնպես առաջնային է:

– Ձեր նշանակումից հետո հասարակության տարբեր շրջանակներ քննարկել են նաեւ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը ՀՀ-ում։ Մասնավորապես, որ մինչեւ նախարար դառնալը Դուք  ինչ ասել եք, այնուհետեւ նախարար ու պատգամավոր դառնալուց հետո հակառակն եք արել, հիմա նույնն Արցախո՞ւմ է լինելու։

– Ես կխնդրեի հստակ օրինակ բերեք, որը առարկայական կլինի։

– Օրինակ, պարտադիր կուտակային համակարգը, տիկին նախարար։

– Ասեմ, որ երբ ես նշանակվել եմ, արդեն գործարկման փուլում էր կուտակային համակարգը, սակայն այդ ժամանակահատվածի համար բարենպաստ չէր շարունակությունը։

– Եթե նախարար չլինեք, շարունակելո՞ւ եք ապրել Արցախում։

– Ճիշտն ասած ես եկել եմ Արցախում ապրելու` ինչպես գրել էի իմ էջում։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր լուման պետք է ներդնենք Արցախի զարգացման, շենացման գործընթացում։

– Որպես ուղերձ…

– Խնդրում եւ ակնկալում եմ մեր քաղաքացիների համբերությունը, որպեսզի նոր ուժերով, միասնական հաղթահարենք մեր առջեւ դրված խնդիրները: Հավատացեք, պետք է ստեղծենք ու շենացնենք։

Զրույցը` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

16.12.2020

ԿԻՍՎԵԼ