Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն ընդունել է «Հույսի պատկեր» գերմանական բարեգործական կազմակերպության անդամներին:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպությանն՝ Արցախում երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, բազմազավակ ընտանիքներին և սոցիալապես խոցելի այլ խավերին պարբերաբար օժանդակություն տրամադրելու համար, Մ. Վիրաբյանն իր խոսքում ընդգծել է փոխգործակցության ծրագրեր մշակելու և իրականացնելու գաղափարը՝ իրականացվող գործունեության շրջանակն ընդլայնելու, այն հասցեական և արդյունավետ դարձնելու համար:
Կազմակերպության անդամ Վիգեն Աղամիկյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, տեղեկացրել է, որ տարեկան 450 ընտանիքի համար նախատեսված՝ սննդից և այլ պարագաներից բաղկացած փաթեթավորում է տրվում վերոհիշյալ խմբերին պատկանող ընտանիքներին: Կազմակերպությունն անմիջական կապի մեջ է գտնվում շահառու հանդիսացող անձանց հետ՝ անձամբ հետաքրքրվելով նրանց խնդիրների, կենցաղային պայմանների մասին:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատակազմի՝ ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցաջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանը: