Մանուկներին վերադարձնելու կորցրած ժպիտը. Միքայել Վիրաբյանը հանդիպել է երեխաների աջակցության՝ «Ժպիտ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ռիտա Պետրոսյանի հետ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հանդիպել է երեխաների աջակցության՝ «Ժպիտ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ռիտա Պետրոսյանի հետ:

Ողջունելով Արցախում նման կազմակերպության  ստեղծումը՝ Միքայել Վիրաբյանն իր խոսքում  անդրադարձել է երեխաներին առնչվող խնդիրների վերհանման անհրաժեշտությանն ու դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել ցանկացած ծրագրի շուրջ, որը միտված կլինի մատաղ սերնդի բարեկեցությանը և  ֆիզիկական ու  հոգեկան առողջության պահպանմանը:

Ռ. Պետրոսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար՝ ներկայացնելով կազմակերպության ստեղծման նպատակն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերի տեսլականը:

Կազմակերպության նախագահի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հանրապետության տարբեր շրջաններում և գյուղերում ապրում են բազմաթիվ մանուկներ, ովքեր հատուկ հոգածության կարիք ունեն, և «Ժպիտ»-ի առաջնային նպատակն այդ երեխաներին աջակցելն է լինելու՝ գերակա համարելով նաև հոգեբանական օգնությունը:

Միքայել Վիրաբյանը վստահեցրել է, որ նախարարությունը ջանք ու եռանդ չի խնայի նաև «Ժպիտ» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով նման  մանուկներին վերադարձնելու կորցրած ժպիտը:

ԿԻՍՎԵԼ