Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հանդիպել է Արցախում գործող «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանի հետ:
Միքայել Վիրաբյանն իր խոսքում ընդգծել է Արցախում գործող բոլոր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների անցկացման կարևորությունն՝ դրա արդյունքում առավել տեսանելի դարձնելով հասարակության տարբեր խավերին հուզող հարցերն ու խնդիրները, և նաև համապատասխան ոլորտներում ծրագրերի իրականացման առաջարկներ լսել կազմակերպությունների կողմից: Այդ համատեքստում նախարարը կարևորել է «Մայրություն» հասարակական կազմակերպության ակտիվ ներգրավվածությունն ավանդական հայկական ընտանիքի պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման մեջ: «Պետք է աշխատել վեր հանել և սերունդների մեջ վառ պահել հայ կնոջ, հայ մոր առաքինի տիպարը»,-իր խոսքում ընդգծել է Մ. Վիրաբյանը:
Հասմիկ Միքայելյանն իր հերթին ներկայացրել է կազմակերպության գործունեության նպատակը, իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նախարարության հետ համագործակցության եզրեր կգտնեն:
Քննարկումներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցել մի շարք ծրագրերի շուրջ, մասնավորապես, Միքայել Վիրաբյանի առաջարկով, կազմակերպության անդամներն այսուհետ հաճախակի այցելություններ կունենան գիշերօթիկ հաստատություններ՝ ձգտելով սեփական փորձով և վարքագծով դաստիարակության օրինակ դառնալ այնտեղ գտնվող երեխաների համար:
Լրացուցիչ քննարկումներից հետո, նախարարությունն ու կազմակերպությունը կհամագործակցեն շրջաններում իրականացվելիք մի շարք այլ ծրագրերի շուրջ ևս: