ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը հանդիպել է «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականներին վերաբերող մի շարք խնդիրներ, անդրադարձել այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերին:
Միքայել Վիրաբյանը, ներկայացնելով Արցախում փախստականների կարգավիճակ ունեցողների թվաքանակը, մասնավորապես նշել է. «Նախնական տվյալներով՝ 1988-1992 թվականներին, փախստականի կարգավիճակում հայտնվել են ավելի քան 500 հազար հայրենակիցներ, ովքեր ապրում էին Ադրբեջանում: 30 հազար քաղաքացի հաստատվել է նախկին ԼՂԻՄ-ի տարածքում: Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի հետևանքով ԱՀ-ում ապաստանած փախստականների մի մասը մեկնել է ՀՀ, մի մասն էլ՝ արտերկիր: ԱՀ-ում փախստականի հաշվառման վկայական 2005-2012 թվականներին տրվել է 4130 ընտանիքի (մոտ 13 հազար անձանց): Համաձայն ԱՀ կառավարության որոշման՝ այդ անձանց տրվել են որոշակի արտոնություններ, և, այդ շրջանից սկսած, փախստականների ընտանիքներին պետական բյուջեից տրամադրվել է 274 մլն ՀՀ դրամ:
Բացի փախստականի հաշվառման վկայական ստացած մեր հայրենակիցներից, կան մի խումբ փախստականներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեն հաշվառվել»,-նշել է Մ. Վիրաբյանը:
Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը որոշակի համագործակցության շրջանակներ ունի ՀՀ համապատասխան կառույցի միգրացիոն գործակալության հետ՝ փորձելով նրանց միջոցով փախստականի հաշվառման վկայական չստացած անձանց ճակատագրերի մասին որոշակի տեղեկություններ հավաքագրել:
Մ. Վիրաբյանն անդրադարձել է նաև Կառավարության մեկ այլ որոշման, համաձայն որի՝ հիփոթեքային պետական աջակցության շնորհիվ կհամակարգվեն փախստականների բնակարանային հարցերը: 2019 թվականի ընթացքում փախստականի հաշվառման վկայական ունեցող և նրանց հավասարեցված 157 անձանց համար հիփոթեքային ծրագրերի շրջանակներում բարելավվել են բնակպայմանները:
Ներկայացնելով «Հայ փախստականների հարթակ»-ի գործունեության ուղղություններն՝ Արթուր Ղազարյանը նշել է, որ նպատակ ունեն գույքագրելու փախստականների խնդիրները՝ ի մի բերելով պետական շահագրգիռ այն անձանց, ովքեր կկարողանան այդ խնդիրներին լուծում տալ՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա ինֆորմացիոն տեղեկատվության. «Պետք է ստեղծենք կայքեր, որտեղ կներկայացնենք, թե փախստականներն ինչպես են բռնագաղթվել, լսենք նրանց խնդիրների մասին և փորձենք ինչ-որ կերպ դրանք մեղմացնել կամ ի սպառ լուծել»,-նշել է Ա. Ղազարյանը:

ԿԻՍՎԵԼ