Մարտունու շրջանի Գիշի գյուղում հունիսի 18-ից մեկնարկել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության կողմից իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գիշիի համայնքի ղեկավար Հայկ Համբարձումյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են ընթանում Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում նահատակվածների հիշատակին կառուցված հուշարձանների տարածքում, ինչպես նաև գյուղամիջյան 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վրա:
Ըստ համայնքի ղեկավարի՝ աշխատանքներին ներգրավված են 6 քաղաքացի, ովքեր աշխատանք չունենալու պատճառով դիմում էին ներկայացրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն: Ծրագրի ավարտին աշխատողներից յուրաքանչյուրին տրամադրվելու է 101 հազար 280 ՀՀ դրամ գումար:
«Մենք կարևորում ենք այս ծրագրի իրականացումը համայնքներում, քանի որ այն առաջին հերթին լուծում է գյուղաբնակների սոցիալական հարցերը, ինչպես նաև արդյունքում համայնքները բարեկարգվում և նոր տեսք են ստանում: Նշեմ, որ ընթացիկ տարվա մարտի մեկից համայնքում գործում է շրջիկ աղբահանման մեքենա. այս կերպ փորձում ենք գյուղը դարձնել էլ ավելի մաքուր և անվտանգ»,- մասնավորապես ասել է գյուղապետը: