Անցած տարում պետական նպաստների ծախսը կազմել է մոտ 2.8 միլիարդ դրամ

2019 թվականին Արցախի Հանրապետությունում պետական նպաստների ծախսը կազմել է 2 միլիարդ 739 միլիոն 600 հազար դրամ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական ու բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և ավելացրել, որ, նախորդ տարվա համեմատ, ծախսերը աճել են 33 միլիոն դրամով, ինչը պայմանավորված է պետական նպաստների նշանակման և նոր կարգի հաստատմամբ:
Անդրադառնալով սոցիալապես անապահով ընտանիքներին և քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնությանը՝ նախարարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, պետական բյուջեով նախատեսվել է 92 միլիոն դրամ, որից ծախսվել է 91 միլիոն 200 հազար դրամը: 2019 թ. դրամական օգնություն են ստացել 2237 քաղաքացի՝ 82 միլիոն դրամի չափով և 855 քաղաքացի՝ 11 միլոին դրամի չափով նյութական օգնություն:
Ինչ վերաբերում է Արցախում ծնելիության խթանման ծրագրով տրամադրվող աջակցությանը, Ս. Ավանեսյանը տեղեկացրել է, որ ծրագրի ճշտված բյուջեն կազմել է 1 միլիարդ 259 միլիոն դրամ, որից ծախսվել է 1 միլիարդ 258 միլիոն 200 հազար դրամը: Ծախսերը, նախորդ տարվա համեմատ, նվազել են 84 միլիոն դրամով, ինչը պայմանավորված է շահառուների թվաքանակի նվազմամբ: 2019 թ. ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 2405 երեխայի համար:
2019 թվականին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին տրամադրել է 108 միլիոն 700 հազար դրամի չափով աջակցություն: Ծրագրի շրջանակներում 2 գիշերօթիկ հաստատությունների կողմից իրականացրել են տարեկան միջինում 40 շահառուների խնամքի աշխատանքներ: Նախորդ տարվա համեմատ՝ նշված ծախսերը գրեթե չեն փոխվել:
2019 թ. ամուսնության միանվագ նպաստի համար ճշտված բյուջեով նախատեսված 223 միլիոն դրամից օգտվել են 1481 ամուսնացած անձինք:
ԿԻՍՎԵԼ