2019 թվականին հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման, փոխադրամիջոցների տրամադրման և աչքի պրոթեզավորման համար ԱՀ պետական բյուջեից ծախսվել է 51 միլիոն 700 հազար դրամ՝ ապահովելով 92% կատարողական:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱՀ 2019 թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական ու բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և ավելացրել, որ, 2018 թ.-ի համեմատ, ծախսերը նվազել են 1.4 միլիոն դրամով:
Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնին հատկացվել է 21 միլիոն դրամի պրոթեզաօրթոպեդիկ նյութեր՝ պրոթեզներ պատրաստելու և վերանորոգելու համար: Կենտրոնի կողմից 2019 թ. ընթացքում 36 հաշմանդամի համար անվճար պատրաստվել են տարբեր տեսակի պրոթեզներ, վերանորոգվել 53-ը: 31 կանանց հատկացվել է կրծքագեղձի պրոթեզ: Նշված ծրագրի միջոցներից հաշմանդամներին անվճար հատկացվել է 43 թիկնասայլակ, իսկ լսողական խանգարումներ ունեցող քաղաքացիներին հատկացվել է 57 լսողական սարք:
Ս. Ավանեսյանը նշել է, որ հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով վերականգնման տեխնիկական միջոցներով և դրանց վերանորոգումը ապահովելու նպատակով Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնին հատկացվել է 25 միլիոն 200 հազար դրամի չափով պետական աջակցություն: Կատարողականը կազմել է 94%: