Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի ծախսերի 21.2% -ը ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական ու բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և ավելացրել, որ, ընդհանուր առմամբ, սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 23 միլիարդ 641 միլիոն դրամ:
Փաստացի կատարողականը կազմել է 21 միլիարդ 589 միլիոն 900 հազար դրամ: 2018 թ.-ի համեմատ, նախարարության կողմից իրականացվող ծրագրի փաստացի ծախսերը ավելացել են 697 միլիոն դրամով:
Ս. Ավանեսյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են շուրջ 600 միլիոն 100 հազար դրամ:
Նախարարի խոսքով՝ 2019 թ.-ի ընթացքում հրավիրվել է ԱՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 25 նիստ, որի ընթացքում ընդունվել է 149 որոշում:
Հանձնաժողովների համատեղ նիստին Ս. Ավանեսյանը, ըստ ոլորտների, ներկայացրել է պետական բյուջեի կատարողականը և պատասխանել պատգամավորների առաջադրած հարցերին: