ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Ս.Ավանեսյանի շնորհավորական ուղերձը հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՜ երեխաներ,

Շնորհավորում եմ Ձեզ աշխարհի թերևս ամենալուսավոր ու հրաշալի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Հունիսի 1-ը երեխաների ամենասիրելի, ամենագունեղ ու պայծառ տոնն է: Իսկ մեծերիս համար խորհելու ևս մեկ առիթ՝  պարտավորությունների ու մեր երեխաների ապահով ապագայի կառուցման պատասխանատու առաքելության վերաբերյալ: Մեր ազգային գիտակցության մեջ երեխան մշտապես եղել է ընտանիքի սերը, հոգատարությունն ու նվիրումը վայելող էակ:

Երեխաներն են վաղվա օրը կրողները, և մեր՝ պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ և երջանիկ մանկությունը:

Արցախի Հանրապետության իշխանությունները, երեխաների խնդիրներով զբաղվող բոլոր պատկան մարմիններն անում են հնարավորը` երեխաների իրավունքները պաշտպանելու, առողջ, կրթված և հայրենասեր սերունդ ունենալու համար, քանզի նրանք են մեր հաջողությունների և ձեռքբերումների անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:

Այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում` լուծելու ինչպես ընտանիքներում ապրող, այնպես էլ պետական հաստատություններում խնամվող երեխաների խնդիրները, ստեղծվում են պայմաններ, որոնք հնարավորություն են  տալիս նրանց ձևավորվել որպես հասարակության լիիրավ անդամներ, նպաստել նրանց ինքնադրսևորմանն ու կայացմանը:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ  հատուկ խնամք պահանջող բոլոր փոքրիկներին, մաղթում եմ նրանց ուրախ մանկություն և անհոգ ժպիտ:

Հարգելի՛ ծնողներ, թող Ձեր փոքրիկների մանկության ամեն մի օրը դառնա լուսավոր ու վառ հիշողություն: Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ:

Բոլորին սրտանց մաղթում եմ խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:

 

ԿԻՍՎԵԼ