Համաճարակի սոցիալական հետևանքները վերացնելու ուղղությամբ բնակչության շրջանում շարունակում ենք իրականացնել մի շարք աշխատանքներ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ԱՀ առողջապահության նախարարությունից ճշտել են հղի կանանց քանակի և նրանց կարգավիճակի հետ կապված մի շարք հարցեր:
«Հանրապետությունում կա 612 չաշխատող հղի կին, որոնք պետք է աջակցություն ստանան գումարի տեսքով: Ճշտվել են նաև 250 կանանց ամուսինների կարգավիճակի մասին հարցեր: Ըստ տվյալների՝ 7917 բազմազավակ ընտանիքների ևս կտրամադրվի օգնություն, որի համար նախատեսված ծախսերը կկազմեն 214 մլն դրամ: Մասնավոր հատվածում աշխատանք կորցրած 735 քաղաքացու համար էլ, որպես աջակցություն, ծրագրվել է տրամադրվել 50 մլն դրամ: Բազմազավակ այն ընտանիքները, որտեղ ծնողը կորցրել է աշխատանքը և ունի մինչև 14 տարեկան երեխա, հատկացված 26 հազար 500 դրամի փոխարեն՝ կտրամադրվի 100 հազար դրամ: Հայտարարել էինք, որ միանվագ աջակցությունը կտրամադրվի մայիսի 10-ից հետո»,-մասնավորապես ասել է նախարարը:
Նիստին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այն հարցին, թե լրացուցիչ անհրաժեշտությունների կարիք կա՞ բնակչությանն օգնելու համար, Ս. Ավանեսյանը նշել է, որ իրենք տարբեր առաջարկություններ են ստանում, և հիմնականը կոմունալ վճարների փոխհատուցման խնդիրն է:
Նա ավելացրել է. «ԱՀ-ում գործող կոմունալ վճարների սուբսիդավորման ծրագրերից բնակչության մի մասն արդեն իսկ օգտվում է: Ի դեպ, նաև մասնավոր հատվածի օգտագործած էլեկտրաէներգիայի 50%-ը փոխհատուցվում է արդեն: Զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին և երկրորդ խմբերի քաղաքացիների օգտագործած էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական-ֆինանսական աջակցություն տրամադրելու համար ևս ծրագիր կա: Ընտանիքի մեկ անդամի հաշվով աջակցությունը տրամադրվում է 60 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի և 10 խորանարդ մետր բնական գազի դիմաց»:
Ս. Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ հունվարի 1-ից մինչև ապրիլի 23-ը հանրապետության 760 քաղաքացիներ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից ստացել են լրացուցիչ ֆինանսական աջակցություն, իսկ 408 ընտանիք՝ նյութական աջակցություն:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ, բացի նշված սոցիալական ծրագրերում ընդգրկված քաղաքացիներից, կան անհատներ, ովքեր ևս օգնության կարիք ունեն: Նա հանձնարարել է, որպեսզի նման մարդկանց գտնեն և ըստ անհրաժեշտության աջակցեն: