ԱՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ԱՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծը. Սամվել Ավանեսյան

Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագծով սահմանված են ներկայումս ԱՀ-ում գործող Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորվող իրավահարաբերությունները, միաժամանակ նաև սահմանվել են իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծումներ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ ներկայացնելով  ԱՀ աշխատանքային օրենսգրքի  որաշման նախագիծը:
Ս. Ավանեսյանը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագծով սահմանվել են մի շարք նոր կարգավորումներ:
Նախարարն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է սահմանված նոր կարգավորումներին. դրանք են՝ աշխատանքային հարաբերություններում խտրականության արգելումը, պարտադիր կամ հարկադիր աշխատանք հասկացությունը, գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար սխալվելու ռիսկի նվազեցումը, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր համարելու դեպքը: Աշխատանքային պայմանագիրը լուծելիս, այլ հավասար պայմանների առկայության դեպքում, աշխատանքում մնալու նախապատվության իրավունքից օգտվում են հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը, 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը (ամուսին, երեխա, հայր, մայր, տատ, պապ, հարազատ քույր և եղբայր), եթե զբաղված է 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի կամ զոհվածի (մահացածի) երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս 18 տարին լրանալը, կամ ունի հաշմանդամություն, կամ չունի մասնագիտական կրթություն կամ որակավորում, կամ ընտանիքի միակ աշխատողն է (նախկինում սահմանված չէր): Ինչպես նաև կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը (նախկինում կարող էր տրամադրվել միայն 6 ամիսը լրանալուց հետո): Պատասխանատվություն գործատուի համար՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդ չտրամադրելու դեպքում (ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը պետք է տրամադրվի ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Եթե գործատուն սահմանված ժամկետում և կարգով աշխատողին ամենամյա արձակուրդ չի տրամադրում, ապա պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք) և երեխային կերակրելու համար երեխային կրծքով կերակրող կնոջը տրամադրվող ընդմիջումները միավորելու և միաժամանակ տրամադրելու հնարավորություն:
ԿԻՍՎԵԼ