ԱՀ զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների 10 ընտանիքների 2019 թվականին հատկացվել է 12.0 մլն դրամ միանվագ օգնություն, գերեզմանների բարեկարգման նպատակով 45 զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվել է 63.0 մլն դրամի փոխհատուցում, ինչպես նաև 12 ընտանիքի հուղարկավորության համար՝ 8.4 մլն դրամ։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նա նշել է, որ 2019 թ-ին ԱՀ պաշտպանության բանակում զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած 9 քաղաքացու հատկացվել է 3.4 մլն դրամ միանվագ օգնություն: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ կազմակերպվել են 4 հաշմանդամի օրթոպեդիկ կոշիկի պատրաստման աշխատանքները ՀՀ-ում:
Հաշվետու ժամանակաշրջանում 36 հաշմանդամի համար անվճար պատրաստվել են ոտքի, ինչպես նաև տարբեր տեսակի պրոթեզներ, վերանորոգվել 53 պրոթեզ, 31 կանանց տրվել է կրծքագեղձի պրոթեզ, 169 հաշմանդամի՝ հենակներ, 101 քաղաքացու՝ ձեռնափայտեր։ Հաշմանդամներին անվճար հատկացվել է 43 թիկնասայլակ։ Լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին տրամադրվել են 57 լսողական սարքեր։ Իրականացվել է 18 հաշմանդամի աչքի պրոթեզավորում: ԱՀ-ում բնակվող տարբեր սոցիալական խմբերին պատկանող 454 քաղաքացիներ ուղեգրվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առողջարաններ՝ առողջարանային բուժում ստանալու և հանգստանալու նպատակով, որոնցից 17-ը մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ հաշմանդամ երեխաներ», մանրամասնել է Ս. Ավանեսյանը:
Նա հավելել է, որ ԱՀ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս և Տոնաշեն համայնքներում փաստացի բնակվող անձանց օգտագործած էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցություն ծրագրով ծախսվել է 119,4 մլն ՀՀ դրամ: