2019թ. հաշմանդամության բնագավառում վարվող քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված էին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների ու մատչելի պայմանների ապահովմանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման շտեմարանում հաշվառված է 8730 հաշմանդամ (2019թ հունվարի 1-ի դրությամբ՝ 8854), որոնցից 384-ը երեխաներ են: 2340 հաշմանդամի մոտ հաշմանդամություն առաջացնող պատճառը ձեռք է բերվել ԱՀ պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում (26.8 %):
«2019 թ-ին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվել 1576 քաղաքացի, որոնցից 345-ն առաջին անգամ: Առաջնակի փորձաքննվածներից հաշմանդամ է ճանաչվել 256 անձ, իսկ կրկնակի փորձաքննվածներից՝ 1081-ը: 2019 թ-ին 1337 հաշմանդամի համար կազմվել են անհատական վերականգման ծրագրեր, որոնցից 212-ը անժամկետ հաշմանդամների և կենսաթոշակային տարիքը լրացած անձանց համար: 18 տարին լրանալուց հետո իրականացված փորձաքննության արդունքում 115 հաշմանդամ երեխաների նկատմամբ սահմանվել են համապատասխան հաշմանդամության խմբեր»,-ավելացրել է Ս. Ավանեսյանը՝ հավելելով, որ նախարարությունը տնային պայմաններում ապահովում է ԱՀ-ում բնակվող շուրջ 170 միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը:
Նախարարն իր խոսքում մասնավորապես ասել է, որ «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում խնամք է իրականացվում շուրջ 75 միայնակ տարեցների և հաշմանդամների: Նրանք ստանում են բժշկական օգնություն և ունեն կենսաապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները։