Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման համար հանրապետության համայնքներում ծրագրեր են իրականացվել. նախարար

Զբաղվածության բնագավառում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից մատուցվող հիմնական ծառայություններն են՝ գործազուրկների, աշխատանք փնտրող անձանց, աշխատաշուկայում անմրցունակ անձանց, աշխատանքի տեղավորման աջակցության, զբաղվածության ապահովման, աշխատանքի ընտրության հարցում աշխատանք փնտրող անձանց օժանդակության և խորհրդատվության տրամադրումը,  գործատուին անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատուժով ապահովումը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նա նշել է, որ 2019 թ-ին իրականացվել են  713 գործատուների հետ հանդիպումներ, որի արդյունքում վերջիններիս  կողմից ներկայացվել են 554 թափուր աշխատատեղեր: Աշխատանքի է տեղավորվել 128 անձ: «2019 թ-ին աշխատանքի և զբաղվածության գործակալությունում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 1630 անձ, որոնցից 1518-ը (1219-ը՝ կանայք) ստացել է գործազուրկի կարգավիճակ: «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանակներում հանրապետության 7 համայնքներում իրականացրել են 7 ծրագրեր՝ 2.9 մլն դրամի չափով, որտեղ ընդգրկվել և ժամանակավոր աշխատանքով ապահովվել են 32 գործազուրկներ: Ծրագրերն իրականացվել են Շուշիի շրջանի Եղցահող և Մեծ շեն գյուղերում, որտեղ հատկացվել է 641.8 հազ դրամ, Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում՝ 341.0 հազ դրամ, Ասկերանի շրջանի Նորագյուղ և Ակնաղբյուր գյուղերում ՝ 1012.8 հազ դրամ, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերում՝ 911.4 հազ դրամ»,- մասնավորապես ասել է Ս. Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով ԱՀ Մարտունի քաղաքում կազմակերպել են «Դերձակ» մասնագիտությամբ մասնագիտական ուսուցման դասընթացներ, որոնց մասնակցել են Մարտունու շրջանից 17 գործազուրկներ և, որոնք ծրագրի ավարտից հետո ստացել են համապատասխան վկայականներ: «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում կնքվել են 5 եռակողմ պայմանագրեր: «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրի շրջանակներում կնքվել են 2 եռակողմ պայմանագրեր:
ԿԻՍՎԵԼ