2019 թվականին ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կատարած աշխատանքներն ուղղված են եղել Արցախում ծնելիության աճի խթանմանը, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի աստիճանական զարգացմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենցաղային պայմանների բարելավմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային ապահովությանը, միգրացիոն գործընթացների կարգավորմանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրով շարունակվել է տրամադրվել երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստը` ելնելով ընտանիքում երեխայի ծննդյան հերթական թվից. առաջին երեխայի ծննդյան դեպքում` 100 հազար դրամ, 2-րդի դեպքում` 200, 3-րդի՝ 500 հազար, 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 700 հազար դրամ:
«2019 թ-ին 2405 երեխայի ծննդյան կապակցությամբ (2018 թ-ի 2850-ի դիմաց) տրամադրվել է միանվագ նպաստ, որից 289-ը՝ 2018 թ-ին ծնվածներ, ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 721,7 մլն դրամ (2018թ-ի՝ 831.7 մլն դրամի փոխարեն): 2018թ-ի համեմատ՝ նպաստառուների թվաքանակը նվազել է 445-ով, իսկ ծախսերը՝ 110.0 մլն դրամով: Միաժամանակ, 2018 թ-ին ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի անվամբ բացվել են նպատակային ժամկետային ավանդներ. 3-րդ երեխայի անվամբ՝ 500 հազար դրամ, 4-րդ և հաջորդ երեխաների անվամբ` 700 հազ դրամի չափով՝ 925 նպատակային ժամկետային ավանդներ՝ 537,5 մլն դրամի չափով»,-ավելացրել է Ս. Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականին ընդունվել է պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների նոր ծրագիր, որով մասնավորապես դադարեցվել են ընտանիքներում ծնված երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի անվամբ ժամկետային ավանդի բացումը և սահմանվել է չափահասության նպաստ՝ ընտանիքում ծնված 3-րդ երեխայի համար 500.000 դրամ, 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 700.000 դրամ, որը տրամադրվում է 18 տարին լրացած անձին: Ս. Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ շարունակվել են 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նոր բնակարանների կամ բնակելի տների հատկացման աշխատանքները, որոնք իրականացվում են կապիտալ ներդրումների ծրագրով: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 449 ընտանիք:
«Պետական նպաստների ծրագրով 2019թ. ծախսվել է շուրջ 2740.0 մլն դրամ, իսկ նպաստառուների թվաքանակը կազմել է 19188 քաղաքացի: Ընդհանուր ծախսված գումարը, 2018թ-ի (2706,4 մլն.դրամ) համեմատ, աճել է շուրջ 33.3 մլն դրամով: Պետական նպաստների հասցեականության և վերահսկելիության բարձրացման նպատակով ներ է դրվել «Նպաստ» համակարգչային տեղեկատվավերլուծական համակարգ»,-հավելել է նախարարը։